27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական համակարգը չի կարող կենսունակ լինել առանց ընդդիմության

Ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ երկիրը տանելով հափշտապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուղիով: Հայաստանյան ներքաղաքական նման զարգացումներին նախորդած ու հաջորդող գործընթացների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտ, ապագա քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանի հետ:

– Ըստ էության, այսօր ՀՀ վարչապետը հրաժարական է տալիսՁեր գնահատմամբ՝   այլեւս փա՞ստ է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերին,  թե՞ դեռ անակնկալներ կարող են լինել:

– Իրավացի եք, վարչապետի հրաժարականը սպասվում է այսօր, իսկ երբ կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ ցույց կտան քաղաքական ուժերի, մասնավորապես ընտրությունների ժամկետին սկզբունքորեն դեմ հանդես եկող ուժերի՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ բանակցությունների վերջնական փուլը, սակայն ըստ էության դատելով քաղաքական գործընթացների տրամաբանությունից, եթե վարչապետը հրաժարական է տալիս ու քաղաքական խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրում եւ երկու անգամ վարչապետ չեն ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով համարվում է լուծարված:

Իրականում, դեկտեմբեր, թե հունիս, մեծ նշանակություն չունի, խնդիրն այստեղ ոչ թե բուն արտահերթ ընտրությունների անցկացման մասին է, այլ բացառապես այն կարճ ժամանակահատվածի, որում այսօր բոլորս ենք, ինչը լիարժեքորեն թույլ չի տալու քաղաքական ուժերին նախապատրաստվել համապետական ընտրություններին եւ այս իմաստով ընտրություններն անցնելու են քաղաքական նվազ կամ առհասարակ մրցակցության բացակայության պայմաններում: Ելնելով ներկա իրողություններից՝ առավել հավանական է, որ ընտրությունները տեղի կունենան հենց դեկտեմբեր ամսին:

– Եթե այսպես, թե այնպես դեկտեմբերին անցկացվելու էին ընտրությունները, ինչպե՞ս կբացատրեք այն, որ ԱԺ ՀՀԿ    խմբակցության 18  պատգամավոր շտապեցին ստորագրել   դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու    որոշման տակ, երբ դեռ ՀՀԿ    խմբակցությունը հայտարարություն չէր տարածելՀնարավոր համարո՞ւմ եք, որ    այսօր կրկին ճնշումներ են գործադրվում օրենսդիրների վրա:

– Ձեր հարցին պատասխանեմ գալով վերջից: ՀՀԿ որոշ պատգամավորներ ԶԼՄ-երի հետ մի քանի հարցազրույցներում հայտնել են ճնշումների մասին, բնականաբար ես որեւէ բան չեմ կարող ասել, քանի դեռ կոնկրետ փաստեր չունեմ, սակայն եթե այդպիսիք այդուհանդերձ կան՝ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ դա ակնհայտ հակասում է Սահամանդրությամբ ամրագրված օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործունեությանը, որը կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ գործում է իր խղճի եւ համոզմունքի թելադրանքով: Որպես քաղաքական գործընթացները վերլուծող եւ կանխատեսումներ անող մարդ, կարող եմ ասել, որ եթե եղել են ճնշումներ, ապա դա քաղաքական հարթության եւ երկրում տեղի ունեցող զարգացումների համատեքստում մի պահ կարող է տրամաբանական թվալ, սակայն բացառապես օրենքի եւ իրավական դաշտում՝ դա ապօրինություն է, այն հավասարազոր է հանցագործության, իսկ գլոբալ տեսանկյունից պարզ է դառնում, որ համազգային մոբիլիզացիա իրականացրած քաղաքական գործիչները հակասում են իրենց իսկ հռչակած սկզբունքներին ու մեթոդներին: Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ինչու գրեթե երկու տասնյակ պատգամավորներ ստորագրեցին այդ հայտարարության տակ, այստեղ խոսել միայն ճնշումների մասին, կարծում եմ՝ ճիշտ ու ազնիվ չէ, քանզի շատ գործիչներ, գործարարներ, ազդեցության տարբեր կարգի լծակներ ունեցող մարդիկ իրականում լավ հասկանում են, որ իշխող կուսակցությունն այլեւս ՀՀԿ-ն չէ եւ լավ առիթ է հավատարմության երդում տալու գործող իշխանական կուսակցությանը եւ իր ղեկավարին՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Կարծում եմ, որ շատերի գործողություններում եղել է այս շարժառիթը, իսկ ոմանք էլ բնականաբար՝ դիտավորյալ հրապարակային լքել են կուսակցությունը եւ խմբակցությունը՝ հանրությանը եւ հատկապես կուսակցության գործող ղեկավարությանը ցույց տալով, որ դեմ են այն բարքերին ու մշակույթին, որով ժամանակին առաջնորդվել է ՀՀԿ-ն, այսօր արդեն պահը թելադրում է բացարձակապես այլ կեցվածք ու դիրքորոշում:

– Եթե համարենք, որ ճնշումներ չեն եղել, ապա ինչպե՞ս կբացատրեք այն, որ ՀՀԿ-ին   անվերապահ հավատարիմ պատգամավորները հանկարծ մեկ օրում  հասկացան,  որ ճիշտ է   Նիկոլ Փաշինյանին աջակցելը, ընդ որում՝ դա չարեցին մայիսին    վարչապետի ընտրության   ժամանակ, այլ հենց հիմա:

– Խնդիրը գտնվում է բացառապես իրավական եւ բարոյական դաշտում, որովհետեւ եթե ճնշումներ են եղել, ոչ ես եւ ոչ էլ որեւէ մեկը չպետք է զբաղվի դրանով, դա կոնկրետ պատկան մարմինների սուրբ աշխատանքն է, նաեւ բարոյական, որովհետեւ եթե ճնշումներ չեն եղել, ապա նշանակում է, որ որոշ մարդկանց պատկերացումները բարոյականության վերաբերյալ շատ մակերեսային են կամ առհասարակ պարզապես սին են:

– ՀՀԿ-ական 4  պատգամավոր էլ    առանձին հայտարարությամբ հանդես եկան,  թե մեզ այլեւս չզանգեք որեւէ կողմի պարոնայքՁեր դիտարկմամբ՝ սա ավելի լավ ՀՀԿ-ական երեւալու փո՞րձ էր, թե՞ քաղաքական թիմից առանձնանալու:

– Քաղաքականության մեջ զարմանալ որեւէ բանից կամ բացառել որեւէ բան անմտություն է, եւ ցանկացած գործընթացի պետք է նայել այս տրամաբանության մեջ: Դա թիմից առանձնանալու, թե սեփական սխալները վարպետորեն սրբագրելու փորձ էր, թող գնահատի հասարակությունը եւ մասնավորապես այն քաղաքական կուսակցության ղեկավարությունը, որի անդամ են այդ պատգամավորները: Իսկ եթե փորձեմ ուղիղ պատասխանել ձեր հարցին, պետք է ասեմ, որ ցանկացած նմանօրինակ իրավիճակներում տարբեր քաղաքական գործիչներ ունենում են տարբեր մոտեցումներ եւ դրանք արտահայտում այս կամ այն կերպ՝ թիրախում ունենալով իրենց հավատարիմ լսարանին որոշակի մեսիջներ փոխանցելու նպատակ:

 Դեկտեմբերին անցկացվելիք հնարավոր ընտրության վերաբերյալ, կարծես թե, ՀՀԿ-ում   տարբեր տեսակետներ կանԸստ Ձեզ, ի վիճակի՞ է, ՀՀԿն մասնակցել ընտրությունների եւ    արդյոք ճիշտ կլինի մասնակցությունը:

– Ակնհայտ է, որ այսօրվա դեմքերով եւ հնացած մեթոդներով կուսակցությունը ի զորու չէ զգալի մանդատ ունենալ խորհրդարանում կամ առհասարակ հաղթահարել անցողիկ շեմը, որովհետեւ չմոռանանք հեռավոր պատմական անցյալը, թե ինչ տեղի ունեցավ երբեմնի այլ իշխող՝ ՀՀՇ-ի հետ: Ցավոք ՀՀԿ-ում չեն հասկանում, որ քաղաքական այդ կազմակերպությունում կան մարդիկ, որոնք վաղուց արդեն սպառել են իրենց եւ կան նաեւ այնպիսինները, որոնք բավականին ունակ են եւ ինտելեկտուալ, սակայն որոնց հանրությունը չի ընդունում եւ չի ընկալում, ինչը հասարակության խնդիրը չէ, այլ այդ մարդկանց: Եթե անկախական Աշոտ Նավասարդյանի հիմնադրած, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի առանջորդած ազգային պահպանողական քաղաքական ուժը իր մեջ ուժ գտնի՝ առերեսվել իրականության հետ, ընդունել ժամանակին գործած սխալները, սկսել նոր, մաքուր էջից, կուսակցության ներկայացուցչական կազմում ընդգրկել խելացի եւ գաղափարական երիտասարդների, ինչու ոչ նրանցից առավել պատրաստվածներին՝ փորձել բերել խորհրդարան, կարծում եմ, որ այս պարագայում անհամեմատ հաջողությունը կժպտա նրան, իսկ եթե ոչ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն դուրս կմնա ոչ միայն պառլամենտից, այլ նաեւ հայաստանյան քաղաքական իրականությունից: Ընտրություններին պետք է մասնակցել, քանզի քաղաքական ամենակարեւոր գործընթացը ընտրություններն են, որոնք դեռեւս միակ մեխանիզմն են ժողովրդավարությունը չափելու եւ պետական իշխանություն ձեւավորելու համար, իսկ մնացածը թող որոշի ցանկացած քաղաքական ուժ եւ իր առաջնորդը:

– Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ֆիկտիվ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, քանի որ բոլորը պարտավորվում են վարչապետի թեկնածու    չառաջադրել    եւ ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնումՍա որեւէ ժողովրդավարական քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է:

– Այնքանով, որքանով դա ցանկանում է հասարակության մեծամասնությունը: Սակայն կա մի կարեւոր բայց, քաղաքական համակարգը չի կարող կենսունակ լինել առանց ընդդիմության, իսկ ընդդիմությունը դասական իմաստով՝ ապահովում է ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ քաղաքական այլընտրանքը, քաղաքական բազմակարծությունը, առանց որի ցանկացած իշխանություն այլասերվում է եւ կորցնում իրականության զգացումը:

 

– Ըստ Ձեզ, ՀՀԿ-ն ինչո՞ւ դիմադրություն ցույց չտվեց եւ դեռ շարունակում է    զիջումների գնալ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի անխափան պաշտոնավարման:

– Քաղաքականության մեջ զիջումներ կամ նահանջ քայլերը շատ հաճախ ավելին են, քան ամենօրյա հաղթանակները, որոնք հաստատ երկար կյանք չեն ունենում: Դրանք իմ կարծիքով ոչ թե զիջումներ էին, այլ խոհեմ քայլեր, որոնք գուցե կարող էին եւ չարվել, եթե ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին չհաներ իր ձեռքը հասարակության զարկերակից, սակայն համաշխարհային պատմությունը ցույց է տվել, որ արժանապատիվ պարտությունը եւս հաղթանակ է, քանզի քաղաքականության մեջ հավերժ իշխանություն կամ հավերժ ընդդիմություն չեն լինում, կարծում եմ՝ սա լավ չէին պատկերացնում ՀՀԿ-ում:

– Այսօր մեկը մյուսի հետեւից նոր քաղաքական ուժեր են ստեղծվում, իսկ հին քաղաքական ուժերն էլփորձում են հարմար հանգրվան գտնելԸստ Ձեզ, ո՞ր ուժերին կհաջողվի սողոսկել խորհրդարան:

– Դժվար է այս փուլում կանխատեսումներ անել, միայն կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնությունը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ մնացած մանդատները՝ ում բաժին կհասնեն, ցույց կտա ժամանակը եւ մեր հասարակությունը: Մի արձանագրում, այնուամենայնիվ ես անեմ, խորհրդարանը պետք է լինի ոչ թե միակուսակցական, այլ բազմակուսակցական եւ պառլամենտում պետք է լինի կամ լինեն իրական ընդդիմադիր քաղաքական ուժեր, ովքեր կզսպեն եւ կհավասարակշռեն քաղաքական մեծամասնությանը:

Ի վերջո, կարելի՞ է սա համարել դասական խորհրդարանական ընտրություններ, թե՞ իշխանափոխական-հեղափոխական  տրամաբանության մեջ հերթական  քայլն է դեպի ոչ մի տեղ:

– Միամտություն է կարծել, թե սա դասական քաղաքական ընտրություններ են լինելու, բնավ, քանի որ սա հետիշխանափոխական-հեղափոխական ընտրություններ են, հետեւապես դրա մի մասը, դրա կարեւորագույն արձանագրումներից մեկը, ինչի մասին հայտարարել եւ հայտարարում են իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժի անդամները: Ցավալի է, որ ամեն ինչ այսքան արագ է զարգանում, լավ կլիներ, որ ընտրություններն իսկապես որոշ ժամանակով հետաձգվեին, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը պատշաճ նախապատրաստվեին դրանց, բայց ունենք այն ինչ ունենք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ