02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում է սպասում Փաշինյանը. 168 Ժամ

Վերջին օրերին բավական շատ է խոսվում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ներդրումների միջև առկա կապի մասին: Թեև անցած ամիս Ֆրանսիայում գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներդրողներին հրավիրել էր մասնակցելու Հայաստանի թռիչքին, բայց  օրեր առաջ սփյուռքի նախարարը հայտարարել էր, որ արտերկրի խոշոր ներդրողները նույնպես սպասում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Ի հակադրումն սրան, վարչապետի գլխավոր խորհրդական  Արսեն Գասպարյանը նշել էր, որ ներդրողներն ընտրություններին չեն սպասում: Մի կողմ թողնելով կառավարության անդամների հակասական հայտարարությունները, փորձենք հասկանալ, ի վերջո, ինչումն է կայանում խնդիրը, և առհասարակ ներդրողները սպասո՞ւմ են ինչ-որ բանի, թե՞ ոչ:

Անդրադառնալով խնդրի տնտեսագիտական բովանդակությանը, պետք է նշենք, որ այստեղ նախ և առաջ դերակատարում ունի ներդրումների դիմաց ակնկալվող եկամտաբերությունը: Բիզնեսի տեսանկյունից, երկրորդական պլան են մղվում բոլոր մնացած գործոնները, կլինի դա քաղաքական, բարոյահոգեբանական թե մարդասիրական: Առհասարակ, ինչ-որ տեղ ներդրում անելու ժամանակ ներդրողը հաշվի է առնում 2 հիմնական գործոն, դրանք են ռիսկերը և ակնկալվող շահույթը:

Այս 2 գործոնների մեջ յուրաքանչյուր ներդրող ընտրում է իր համար առավել ընդունելի համակցությունը: Սովորաբար, որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր է լինում նաև եկամտաբերությունը, հակառակ դեպքում ոչ մի ներդրող չի դնի իր գումարն այնտեղ, որտեղ ռիսկերը բարձր են, իսկ շահույթը՝ ցածր: Գալով մեր երկրի օրինակին, պետք է նշենք, որ մեր երկիրն այս պահին չունի հստակ ձևավորված բիզնես գրավչություն: Հենց այս հանգամանքն էր հայտնի հանդիպման ժամանակ նշել նաև Ռուբեն Վարդանյանը: Այսինքն, կառավարությունը երկրում ներդրումները խթանելու համար ներդրողի հետ ոչ թե պետք է խոսի քաղաքական իրավիճակի մասին, այլ պարզապես մատնանշի առավել բարձր եկամտաբեր ոլորտները:

Բիզնես դաշտում, յուրաքանչյուր վայրկյանում փողը նոր փող է ստեղծում, և այս փողը չի սիրում սպասել: Բավական է բիզնեսը տեսնի, որ մեր երկրում կա  եկամուտ ստանալու հնարավորություն, անմիջապես կարձագանքի դրան, անկախ քաղաքական իրավիճակից: Ի վերջո, միջազգային պրակտիկան փաստում է, որ ներդրումներ լինում են ոչ միայն քաղաքական ճգնաժամի, այլ մինչև անգամ հակաժողովրդական ու կիսապատերազմական երկրներում, և սա նշանակում է, որ եթե այսօր մենք մատնանշենք մի ոլորտ, որտեղ կլինի բարձր եկամտաբերություն, վաղը ևեթ մենք ականատես կլինեն ներդրումային հոսքերի:

Այս մոտեցման տրամաբանական շարունակությունն է հայաստանյան բանկերում վերջին շրջանում ավանդների ծավալների ավելացումը: Ընդ որում, ավելացել է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց ավանդները: Վերջինս նշանակում է, որ տեղական բիզնեսը նախընտրում է փողը պահել բանկերում, քան ներդրում անել, այսինքն,  որ բիզնեսի մոտ առաջացել է սպասողական վիճակ, որը, ի դեպ, ձևավորվել է հենց քաղաքական մակարդակում և բոլորովինս վերջերս: Սրա վառ ապացույցը կառավարության ծրագիրն է, որի մեջ առհասարակ խոսք չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված սպասումների մասին, մինչդեռ խոսվում է հեղափոխության արդյունքները կապիտալիզացնելու, դրական ազդեցությունը զբոսաշրջության վրա, և այլն:

Այսինքն՝ այս սպասումները ձևավորողը կրկին այսօրվա իշխանությունն է, իսկ սպասումները ունեն մի հատկություն՝ որքան շատ ես նրանց մասին խոսում, այնքան ավելի մեծ է դառնում   ազդեցությունը:

Վերջում անդրադառնալով քաղաքական տեսանկյունին, պետք է նշենք, որ ներկայիս իշխանությունը վայելում է հասարակության առավել լայն զանգվածի սերն ու վստահությունը, քան երբևէ: Այս պարագայում հարց է առաջանում, ի՞նչն է խոչընդոտում գործող կառավարությանը ներդրումների և առհասարակ ընթացող մնացած տնտեսական գործընթացների համար ստանձնել քաղաքական պատասխանատվություն, այդպիսով ներդրողների համար հանդես գալ՝ որպես երաշխավորող քաղաքական վահան, չէ՞ որ վերջնական նպատակը տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցությունն ապահովելն է՝ անկախ խորհրդարանական մեծամասնություն լինել կամ չլինելուց:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ