22 Սեպտեմբերի, Saturday, 2018

Նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչել միայն Սահմանադրական դատարանը. փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին

Без названия (1)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հիմքերին, ՀՔԾ պետի հայտարարություններին և ոչ միայն:

Հարցին, թե այսօր լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր, որ ինքն ասել է, որ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցով անօրինական որոշում է կայացրել, նկատի է ունեցել այն, որ դատարանն անդրադարձել է ոչ թե կալանավորման հիմքերին, այլ մեղադրանքին, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք ասել են ոչ թե անօրինկան, այլ ապօրինի որոշում է կայացվել.

«Դրանք իրավաբանության մեջ իրարից տարբերվող տերմիններ են: Հատուկ քննչական ծառայությունը խոսում է ՀՀ անունից: Երբ քննադատում եմ որևէ դատական ակտ, խոսում եմ իմ և իմ վստահորդի անունից: Երբ ասում եմ, որ որևէ դատական ակտ ապօրինի է, դա իմ և իմ վստահորդի կարծիքն է: Բայց երբ ՀՔԾ-ն ինչ-որ դատական ակտ անվանում է ապօրինի, այդ դեպքում դատական ակտը անվանվում է ապօրինի ՀՀ անունից: ՀՀ անունից որևէ պետական մարմին իրավունք չունի դատական ակտը կոչել ապօրինի, ընդ որում, օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը: ՀՔԾ-ն կարող էր ասել, որ համամիտ չէ դրա հետ, այլ ոչ թե ասել այն ապօրինի է», – ասաց Հայկ Ալումյանը:

Դիտարկմանը՝ արդյոք Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակել անձեռնմխելիությա՞ն հիմքով, թե՞ կան այլ հանգամանքներ, փաստաբանը նշեց, որ բացի անձեռնմխելիության հիմքից, կար ևս երկու ուժեղ հիմք.

«Մեր վերաքննիչ բողոքներում կային մի շարք հիմքեր, որոնք դարձան Վերաքննիչ դատարանի քննարկման առարկա: Դատական նիստը բավական երկար տևեց, քանի որ երկու կողմից էլ հիմնավորումները շատ էին: Մեր հիմնավորումների մեջ կառանձնացնեի առնվազն երեքը, որոնցից մեկն անձեռնմխելիությունն էր: Բայց կարծում եմ, որ մյուս երկու հիմքերը ևս շատ ուժեղ էին: Սակայն դատարանը հայտարարեց, որ հիմք է ընդունել միայն անձեռնմխելիությունը:

Պարոն Քոչարյանի պաշտպանական թիմը քննարկեց վճռաբեկ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը, որպեսզի այս երկու հիմքերն էլ վճռաբեկ դատարանում դառնան քննարկման առարկա:

Նրանցից մեկին չեմ կարող անդրադառնալ առանց նախաքննական գաղտնիքը շոշափելու:

Մյուս հիմքը հետևյալն է. մեղադրանքի մեջ կա կետ, որ Մարտի մեկին նախագահի կողմից հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակաօրինական և հակասահմանադրական:

Սակայն նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչել միայն Սահմանադրական դատարանը: Այսինքն՝ քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում, պետության անունից ոչ ոք իրավունք չունի ասել, որ այդ հրամանագիրը եղել է ապօրինի: Սա մեր բողոքի մնացած հիմքն էր, որը ես կարևոր եմ համարում», – ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենք վիճարկելու են դատական ակտի ոչ թե եզրափակիչ մասը, այլ պատճառաբանությունը:

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանը դատարանում՝ իր ելույթի ժամանակ, հիշել է ադրբեջանցի զինվորական Սուրաթ Հուսեյնովի գործը: Խոսքը 90-ականներին Սուրաթ Հուսեյնովի մասին է, որը հեղինակություն ուներ և օգտվելով դրանից ըմբոստներին միացավ և զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Նա Գյանջայից զորքն ուղղեց Բաքու: Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մեկ խռովարար զինվորականի պատճառով:

«Քոչարյանը դատարանում ասել է, որ ունենալով այդ օրինակը, փետրվարի 23-ին չէին կարող թույլ տալ, որ մեր զինված ուժերում այդ վիճակում ըմբոստ գեներալներ հայտնվեն: Քոչարյանը հրաման է տվել այնպես անել, որ Զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական իրավիճակին: Այդ ժամանակ արդեն մի քանի օր ԵԿՄ շտաբում խմորումներ էին և որոշումներ էին կայացվում միանա՞լ ընդդիմադիր թիմին, թե՞ ոչ, ՊՆ երկու փոխնախարար հայտարարել էին, որ պատրաստ են աջակցել ընդդիմադիրներին և արդեն խոսակցություն կար, որ որոշ ստորաբաժանումներ պատրաստ են անցնել ընդդիմադիրների կողմը: Այդ պահին նախագահը պատասխանատվություն էր կրում ամբողջ ազգի համար, որ իրադարձությունները չզարգանան ադրբեջանական սցենարով»,-ասաց Ալումյանը:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ