26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվելից բացի եւս երեք պատգամավոր. Հայկական Ժամանակ

Երեկ Ազգային ժողովի ար­տահերթ նիստում ՀՀԿ խմ­բակցության պատգամավոր, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիու­թյունից, եւ Ազգային ժողո­վը հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատա­խազի միջնորդությանը:

Մանվել Գրիգորյանին ազատու­թյունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությանը 105-ից 82 պատգա­մավոր մասնակցեց: Ներկաներից կողմ քվեարկեց 77, դեմ՝ 3 պատգամավոր: Անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ: Ազգային ժողովը մեկ այլ գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեա­կան գործ հարուցելու միջնորդությանը:

Մանվել Գրիգորյանին ան­ձեռնմխելիությունից զրկելու միջ­նորդությանը կողմ քվեարկեց 81, դեմ՝   3 պատգամավոր: 1 քվեաթեր­թիկ համարվեց անվավեր: Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քն­նարկումն անցավ լարված մթնո­լորտում: Պատգամավորների քա­ղաքական հայտարարությունները կազմված էին մեղադրական ճառերից եւ ինչ-որ չափով էլ շրջան­ցում էին անմեղության կանխա­վարկածի առկայությունը: Մասնա­վորապես, Ծառուկյան խմբակցու­թյունից Սերգեյ Բագրատյանը իր ելույթում Մանվել Գրիգորյանին դրդեց ինքնասպանության:

«Եթե այս մեղադրանքը հաս­տատվի, ապա Մանվել Գրիգորյա­նին կփրկի ո՜չ մուրճը, ո՜չ նալը, ո՜չ մեխը, այլ միայն պարանը: Եթե այս մեղադրանքները հաստատվեն, սա կդիտվի պետական դավաճանություն: Մենք մեր մանուկների աչ­քերին չենք կարող նայել: Մենք հայրենասիրություն ենք ցանկա­նում ներարկել մատաղ սերնդին, ու նման դաժան վերաբերմունք Ար­ցախի հերոսի կողմի՞ց, սա անբացատրելի է: Այդ պարանը կարող է խարանը հանել հայ ժողովրդի ծանրացած սրտից»,- հայտարա­րեց Բագրատյանը:

Նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ թերթի հետ զրույցում ասաց, որ Մանվել Գրիգորյանը «շարքային մարադյոր է»: Զոհրաբյանի համար տարօրինակ է՝ ինչ­պես են զինվորին հասանելիք սնունդն ու իրերը հայտնվել նրա ամառանոցում:

«Բացահայտումներ լինելու են, եւ մենք պետք է ստանանք բոլոր հար­ցերի պատասխանը ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցների կողմից աոաջնագիծ ուղարկված արկղերը հայտնվեցին մարադյոր Մանվելի, այդ շարքային դավաճանի առանձնատանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ Հժ-ի հար­ցին ի պատասխան ստեղծված իրավիճակը որակեց «խայտառա­կություն»:

«Սա խայտառակություն է եւ սր­բապղծություն: Սա աննախադեպ է, սրա նմանը չի եղել: Մենք պետք է մտածենք ինչպես վերացնել հետեւ­անքները, որ վերականգնենք մեր ազգային հպարտությունը, մեր ազատամարտի ձեռք բերած դա­րակազմիկ նվաճումները, եւ որեւէ մեկին թույլ չտրվի սա օգտագործել դա նսեմացնելու համար», – հայտա­րարեց Արմեն Ռուստամյանը նշե­լով, որ բացահայտումները պետք է կատարվեն հնարավորինս արագ:

 ԱԺ-ի գեներալ պատգամավոր­ներից Ֆելիքս Ցոլակյանն էլ կար­ծում է, որ առանց նախկին իշխանությունների եւ համապատասխան մարմինների իմացության՝ հնարավոր էր եւ սնունդը պահեստավորել, անգամ զենք-զինամթերքը: «Ես չեմ կարող ասել ինչպես է եղել, զենքի հետ կապված կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սնունդի ոչ: Ո՞նց կարող է դա նորմալ լինել: Եթե զենքի հետ կապված մի քիչ մտածեք, կհասկանաք ինչու եմ տենց ասում, որովհետեւ կռված մարտիկ է, եւ հնարավոր  է զենք լիներ», – նկատեց նա: ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանն էլ չի կիսում այն տեսակետը, որ Գրիգորյանի կողմից թույլ տված չարաշահումները տեղի են ունեցել Հանրապետանի թողտվությամբ.

«Եթե դուք որեւէ բան անեք, դրանում եւ՛ ՀՀԿ-ն է մեղավոր, ե՜ մյուս կուսակցությունները: Երկրում ինչքան արատավոր բան կա, դրանում տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկի, այլ որպես քաղաքացու», – նշեց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ թերթի հետ զրույցում ասաց՝ եթե հանցանքը հաստատվի, ապա Մանվել Գրիգորյանը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: «Եթե կա հանցանքը ու այն հաստատվի, ապա օրենքի ամենայն խստությամբ կկրի իր պատիժը, հանցակիցները՝ նույնպես», – նշեց նա: Հարցին, թե Հանրապետականի իշխանության շրջանում շատ անգամներ է խոսվել այդ չարաշահումների մասին, ինչո՞ւ է ԱԱԾ-ն «ձեռքերը ծալած» նստել, Բաղդասարյանը նշեց. «Դա արդեն հարցրեք իրավապահ մարմիններին»:

Քաղաքական ուժերի հայտարարություններից զատ, ուշագրավ էր նաեւ այն, որ երեք պատգամավոր այնուհանդերձ դեմ էին եղել, որ Մանվել Գրիգորյանն անձեռմխելիությունից զրկվի: Կարելի է ենթադրել, որ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանից բացի կա եւս 3 անձ, ովքեր պատրաստ են ուտել «Զինվորի բաժինը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ