26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության ծրագրում պետք է լիներ մեկ նախադասություն. Հայկական Ժամանակ

Այսօր ՀՀ Ազգային ժողովը կքննարկի թավշյա հեղափոխության շնորհիվ ձեւավորված կառավարության ծրագիրը: Դժվար չէ կան­խատեսել, որ ՀՀԿ խմբակցությունը, որը երեկ դարձավ խորհրդա­րանական փոքրամասնություն, սկսելու է քննադատել ծրագիրը: Ու պետք է նշել, որ այդ քննադատությունը կլինի տեղին: Կառավարու­թյան ծրագիրը խիստ խոցելի է:

Անկասկած, ՀՀԿ-ն քննադատելու է հեղափոխական կառավա­րությանը, որ իր ծրագրում որեւէ կոնկրետ ցուցանիշ չկա: Կառա­վարությունը իր ծրագրում չի նշել, թե որքան կկազմի տնտեսական աճը, որքանով կաճի, ասենք, արդյունաբերությունը, գյուղատնտե­սությունը, շինարարությունը, որքանով կնվազի աղքատությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Կասեն, որ սա կենացներից բաղկացած ծրագիր է, բարի ցանկություններ են…:

Բայց իրականում կառավարության ծրագրի խոցելիությունը ամենեւին էլ դրանում չէ: Ծրագիրը կազմված է ընդամենը մի 30 էջից: Համեմատության համար ասենք, որ նախորդ կառավարու­թյան ծրագիրը մոտ 130 էջ էր: Ու թվում է, թե ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ փոքրածավալ է, չունի կոնկրետություն, չկան հստակ ցուցանիշներ…: Իրականում հակառակը: Ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ չափազանց մեծածավալ է ե չափազանց շատ են կոնկրետ մանրամասները:

Հայաստանում երբեք չի եղել այս պայմաններում ձեւավորված կառավարություն, եւ որեւէ կառավարություն չի ունեցել այն խնդիր­ները, որ ունի գործող կառավարությունը: Կառավարության ծրա­գիրը պետք է արտացոլեր միայն ու բացառապես հեղափոխու­թյան արդյունքների ամրագրումը արտահերթ ընտրությունների մի­ջոցով, իսկ սոցիալ- տնտեսական կյանքի զարգացման տեսլականները պետք է նկարագրվեին հենց հեղափոխության արդյունք­ների տեսանկյունից:

Այն, որ կառավարության ծրագրում արձանագրված է, որ առա­ջիկա մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա հիմնական դրույթն է եւ հենց դրա շուրջ էլ պետք է կառուցվեր ծրագրի տրամաբանությու­նը: Այսինքն, եթե կառավարության ծրագիրը կազմված լիներ այս մեկ նախադասությունից եւ դրան ավելացվեր, որ կառավարության գործունեությունը ուղղված է լինելու այդ արտահերթ ընտրություն­ների լիակատար ազատ, թափանցիկ, առանց ընտրակաշառքների, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, առանց բռնությունների անցկացման համար պայմաններ ստեղծելուն, վերջ կառավարու­թյան ծրագիրը կլիներ կատարյալ եւ անխոցելի:

 Ծրագիրը կլիներ անխոցելի, եթե օրինակ տնտեսության զարգացմանը վերաբերվող հատվածում գրված լիներ միայն, որ կա­ռավարությունը իր գործունեությունը ուղղելու է արհեստական մենաշնորհների վերացմանը, իրական մրցակցության հաստատմա­նը, ստվերի դեմ անողոք պայքարին, կոռուպցիայի հաղթահար­մանը: Հարցին, թե ինչպես, կա պարզ ու նույնքան անխոցելի պա­տասխան քաղաքական կամքի շնորհիվ: Ոչ մի տրամաբանող քաղաքացու մեջ այս պատասխանը որեւէ վերապահում չի առա­ջացնի: Սա հենց այն է, ինչը ըստ էության սպասում է մեր հանրու­թյունը գործող կառավարությունից:

Այսպիսի տեսլականից դուրս գրված ցանկացած բառ խոցելի է դարձնում ծրագիրը: Որեւէ այլ կոնկրետություն, սկսած տնտեսու­թյան գերակայություններից, մինչեւ գյուղատնտեսությունում կաթի­լային ոռոգման ներդրման մասին դրույթները խոցելի է դարձնում ծրագիրը անգամ քաղաքական տրամաբանության տեսանկյու­նից: Գործող կառավարությունը կազմված է ԵԼՔ դաշինքի, ՀՅԴ֊ի եւ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներից: Նրանցից յուրա­քանչյուրը իր մոտեցումները ունի տնտեսության վերաբերյալ: Մեկը ազատական տնտեսության գաղափարների կրողն է, մյուսը կարծում է, որ տնտեսությունը պետք է հիմնված լինի խոշոր արդյունա­բերության վրա, մյուսը կարծում է, որ պետությունը պետք է միջամ­տի տնտեսությանը…: Եվ ծրագիրն էլ կազմել է այսպիսի տարբեր­վող հայացքներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչնե­րից բաղկացած կառավարությունը:

Սա նորմալ կլիներ, եթե ազատ ու թափանցիկ ընտրություններից հետո ձեւավորված ԱԺ-ն կազմեր հենց այսպիսի կառավարություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա ԱԺ-ն իրոք չի արտահայտում հայաստանցիների կամքը: Արտահերթ ընտրություններում վերը նշված ուժերից յուրաքանչյուրը հաստատապես կստանա ԱԺ այսօրվա դասավորվածության հետ չհամընկնող քվե: Շատ կամ քիչ: Այ հենց այդ քվե­ների արդյունքում ստեղծված ԱԺ-ի ձեւավորած կառավարությունը միայն իրավունք ունի սահմանել, ասենք, տնտեսության գերակա­յությունները, հարկային քաղաքականության իր սկզբունքները եւ այլն: Միայն այդ դեպքում: Գործող կառավարությունը տրամաբա­նորեն չունի այդ մանդատը:

Այսպիսով կառավարության ծրագրի խոցելիությունը պայմա­նավորված է հենց սրանով: Պետք է ենթադրել, որ գործող կառա­վարությունը ուղղակի նախկին ավանդույթների իներցիայով է շարժվել եւ չափազանց ոչ ստանդարտ է գնահատել ասենք մեկ կամ երկու էջանոց ծրագիր ներկայացնելը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակն է չափազանց ոչ ստանդարտ, և ծրագիրը նույնպես պետք է լիներ չափազանց ոչ ստանդարտ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ