23 Մայիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Պատերազմ կլինի, որը կընթանա երկու փուլով

Tr-tank_near_Tr-Sy_border

Համաձայն սբ. Պաիսիոսի կանխատեսության, Ռուսաստանը կհաղթի, իսկ Թուրքիան ընդմիշտ կչքանա աշխարհի քարտեզից

Մեծ ցնցումների ժամանակ անպայման սկսում են հիշել (հետին թվով) Նոստրադամուսի, Վանգայի օրախնդիր գուշակությունները։ Իբր, տեսեք, թե դեռ երբ են այդ մասին ասել։ Պայծառատեսության նահապետներին անմիջապես լղոզվում են ժամանակակից աստղագուշակները ու «քթից քչփորում» իրենց իբր իրականություն դարձած մշուշոտ կանխատեսումները։ Սակայն Սիրիայում հց-24-ի կործանումից հետո սենսացիա դարձավ Սուրբ Աթոս լեռան վանականի կանխագուշակությունը Ռուսաստանի ու Թուրքիայի բախման մասին։ Համացանցում հանկարծ սկսեց տարածվել «Արմագեդոն` պատերազմ, որը շուտով կսկսվի։ Վանական Պաիսիոս Աթոսացու կանխատեսումները» վավերագրական ֆիլմը։ Հույներն են նկարահանել դեռ մի քանի տարի առաջ։ Հատիկը որոմից զատելու համար, «Կոմսոմոլսկայայի» թղթակիցը հանդիպում ունեցավ Աթոսի, նրա մենակյացների մասին պատմող գրքերի ու վավերագրական ֆիլմերի հեղինակ, գրող Յուրի Վորոբյովսկու հետ։
ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄԱԲԵՐԸ
-Խնդրում եմ Պաիսիոսին և Վանգային նույն հարթության վրա չդնել,- ինձ առաջին հերթին հայտարարեց Վորոբյովսկին։- ՈՒղղափառ ավանդույթը վկայություններ ունի ինչ-ինչ կանխատեսումների, մարգարեությունների մասին, որ բխում են Աստծուց և միանգամայն այլ մի աղբյուրից։ Դժոխքից։ Չափանիշը, որպես կանոն, կանխատեսողի անձնական սրբությունն է։ Հայտնի է միտրոպոլիտ Նաթանայելի հետ կապված դեպքը, որին Վանգան ինքն էր խորհրդի կանչել։ Միտրոպոլիտը Տիրոջ Սուրբ խաչի մասունքով խաչ էր կրում։ Հազիվ էր հյուրը տուն մտել, երբ կույր գուշակուհին ճչաց այլայլված, հիստերիկ ձայնով. «Դա խանգարում է ինձ, չեմ կարողանում խոսել։ Դրա պատճառով ես ոչինչ չեմ տեսնում։ Ես չեմ ուզում, որ դա իմ տանը լինի»։ Վախեցավ խաչից։ Իսկ ինչո՞ւ։ Շատերը գուշակուհու սրբության չափանիշ են համարում այն տաճարը, որ Վանգան հայրենի գյուղում կառուցել է անձնական միջոցներով։ Բայց այդ մատուռը բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից օծված չէ, ինչպես վայել է նոր տաճարներին։ Սա էլ է պերճախոս փաստ։ Իսկ կառուցել կարող ես` ինչ ուզես։
Իսկ Պաիսիոսն ավելի քան քառասուն տարի անցկացրել է Սուրբ Աթոս լեռան վրա` ճգնակենցաղ սխրանքներով։ Ամենահարգարժան հույն մենակյացներից մեկը լինելով, նա հարգանք է վայելում նաև Ռուսաստանում։ Նրա մասին գրված է. «Ձեռքի համրիչով աղոթելիս անընդհատ խաչակնքելու պատճառով աջ ձեռքը թմրում էր և չէր ենթարկվում նրան։ Սակայն ձեռքին հանգիստ տալու համար նա չէր դադարեցնում աղոթքը։ Համրիչը փոխանցում էր աջ ձեռքը և սկսում էր խաչակնքել ձախով… Ճգնավորը նման էր այն ռազմիկին, որը ոսոխի հետ կռիվ էր տալիս ամեն կերպ, «աջ և ձախ ձեռքի ճշմարտության զենքով»։ 2015 թ. հունվարին Տիեզերական Պատրիարքության Սրբազան Սինոդը նրան սրբերի դասը կարգեց։ Պաիսիոսը ներառվել է նաև ռուս ուղղափառ եկեղեցու օրացույցի մեջ։
Սա Պաիսիոսի և Վանգայի սկզբունքային տարբերությունն է։ Իսկ երիտասարդ ժամանակ, մինչև Աթոսը, նա 3,5 տարի կապավոր էր եղել հունական բանակում։ Վանականներին անվանում էր «Աստծո կապավորներ», իսկ սուրբ աղոթքը` մարդու հակաօդային պաշտպանություն։
Պատահական չէ, որ աթոսցի մենակյացի շատ մարգարեություններ կապված են ռազմական թեմաների, տերմինաբանության հետ։
«ԹՈՒՐՔԵՐԻ ՄԻ ՈՏՔԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ Է»
-Եվ Պաիսիոսը կոնկրետ ի՞նչ էր ասում ռուս-թուրքական պատերազմի մասին։
-Վերահաս Արմագեդոնի վերաբերյալ հունական վավերագրական ֆիլմում հնչում են ճգնավորի տպավորիչ խոսքերը, թե թուրքերը իրենց գոտու մեջ հոգեհաց են պահում։ Մենք դրան ասում ենք «մի ոտքը գերեզմանում է»։ Ամեն ինչ սկսվելու է Միջերկրական ծովում տեղի ունենալիք բախումից։ Միջամտելու են ռուսները, և տեղի կունենա այն, ինչ կանխատեսել է դեռ սուրբ Կոզմաս Էտոլիացին 18-րդ դարում։ Կկատարվեն թուրքական տիրապետության դեմ պայքարող հույների օրհներգը դարձած հին երգի բառերը.
Օգնիր, սուրբ Գևորգ,
Օգնիր, սուրբ Կոզմաս
Հետ առնենք Կոստանդնուպոլիսն
ՈՒ Սուրբ Սոֆիայի տաճարը։
-Սուրբ Գևորգ զորավարին գիտեմ։ Իսկ ո՞վ է Կոզմասը։
-Հույն հայտնի վանական է, ուղղափառ քարոզիչ։ Թուրքերը նրան կախեցին 1779 թ. որպես ռուսական գործակալի։ Սրբերի դասն է կարգվել հույն Տիեզերական պատրիարքության կողմից 1961 թ.։ Սուրբ նահատակ Կոզմասը, այլևայլ մեծագործություններից զատ, հայտնի է նաև իր մարգարեություններով։ Օրինակ, դեռ 18-րդ դարում խոսում էր երկաթե թռչունների մասին, որոնք մերթ խաղաղ թռչում էին երկնքում, մերթ կրակ էին ժայթքում` այսօրվա ավիացիան է, ռմբակոծիչները։ Կանխատեսում էր այնպիսի տներ, որտեղ կարող էին ապրել մի քանի գյուղեր` ժամանակակից բազմահարկերն են։ Հեռախոսային կապը. ամբողջ աշխարհը գոտևորված կլինի մեկ թելով, մարդիկ մի հեռու վայրից կխոսեն մեկ այլ հեռու վայրի հետ, օրինակ` Կոստանդնուպոլսից Ռուսաստանի հետ։ Իսկ ի՞նչ կասեք մի այսպիսի մարգարեության մասին. «Գողերն ու ավազակներն այլևս սարերում չեն գործի։ Նրանք կապրեն քաղաքներում, կհագնվեն սովորական մարդկանց նման և օրը ցերեկով կգան թալանելու ձեզ»։
Երբ վերջերս Հունաստանը կքել էր պարտքի ճգնաժամի ծանրության տակ, փոխվում էին կառավարությունները, Եվրոպայի առաջնորդները քննարկում էին հունական խնդիրը, Աթենքում հիշեցին Կոզմասի խոսքերը. «Ձեզ պարտքով մեծ փողեր կտան ու հետ կուզեն, բայց չեն կարողանա վերցնել»։
ԿՈԶՄԱՍ ՄԱՐԳԱՐԵԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
-Իրոք մարգարե է, հատկապես քաղաքաբնակ գողերի մասին ասածը ինձ դուր եկավ։
-Սուրբ Կոզմասի, Աթոսի վանքի հերակտուր (հերակտուր` մազը կտրելու արարողությունը, որ կատարվում է եկեղեցական ծառայության պաշտոնին նվիրվելիս) Ֆիլոֆեյի կանխատեսումների մեծ մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Նրանցից որոշ բաներ հայտնի են 18-19-րդ դարերի գրքերից, ձեռագրերից ու վարքականոններից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուսիսային Էպիրոսի դպրոցներից մեկի մի ուսուցիչ գտել էր Ղուրանում ալբաներեն արձանագրված 72 մարգարեություն։ Սրբի կանխատեսումները կենսականորեն այնքան անհրաժեշտ էին, որ մարդիկ չէին ուզում բաժանվել նրա խոսքերից նույնիսկ ծանր հալածանքների ժամանակներում և դրանք «թաքցնում» էին մահմեդականների Սուրբ գրքում։
«Ցանկալին ձեզ կգա երրորդ սերնդի օրոք, այն կտեսնեն ձեր թոռները»,- ասել է Կոզմասը Էպիրոսում։ Հունական այս նահանգի ազատագրումը տեղի ունեցավ 1912-1913 թթ., Բալկանյան պատերազմի ժամանակ, երբ դեռ ողջ էին թոռները նրանց, ում դիմում էր սուրբը։ «Առջևում դեռ տառապանքներ շատ կան։ Չմոռանաք իմ խոսքերը. աղոթեք, գործեք և տոկացեք։ Քանի դեռ սոսի ծառի այդ վերքը չի փակվել, ձեր գյուղը ստրկացած ու դժբախտ կլինի»։ Սա ասվել է Էպիրոսի Ցարապլանա գյուղում։ Տեղի բնակիչները այդ մարգարեությունը լսելուց հետո ամեն օր գնում էին սոսու մոտ և նայում, թե չի՞ սպիացել, արդյոք, նրա վերքը։ Անցնում է ավելի քան 130 տարի, և ահա մի օր շրջանում ուրախալի լուր է տարածվում. «Կատարվեց։ Սրբի մարգարեությունն իրականացավ»։ Եվ մարդկանց սպասելիքներն ի դերև չելան. մի քանի ամիս հետո նրանք ստացան բաղձալի ազատությունը։
«Սկզբում կգան կարմիր գլխարկավորները, հետո 54 տարով նրանց կփոխարինեն անգլիացիները, իսկ հետո կլինի հունական պետությունը»։ Հոնիական կղզիների ազատագրման մասին մարգարեությունը սուրբն արել է Կեֆալոնիա կղզում։ Այդ խոսքերը կատարվեցին ապշեցուցիչ ճշտությամբ. վենետիկցիներից հետո կղզիներին տիրացան ֆրանսիացիները (ժողովուրդը նրանց անվանում էր «կարմիր գլխարկավորներ»), նրանց 54 տարով (պատկերացնո՞ւմ եք) փոխարինեցին անգլիացիները, և միայն դրանից հետո Հոնիական կղզիները ստացան բաղձալի ազատությունը։
Սա այն էր, ինչ կատարվել է արդեն։ Իսկ Կոզմասի` ապագայում իրականանալիք մարգարեություններից են թուրքերի ջախջախումը, Կոստանդնուպոլսի ազատագրումը։ Փառապանծ Բյուզանդական կայսրության նախկին մայրաքաղաքի։ 1453 թ. զավթիչներն այն վերանվանեցին Ստամբուլ։ Դարձրին Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ «Թուրքերը կհասնեն վեցմղոնանոց գոտուն,- ասել է Կոզմասը։- Նրանց մեկ երրորդը կզոհվի, մեկ երրորդը Քրիստոսի հավատը կընդունի, իսկ մեկ երրորդն էլ կգնա Կոկինի Միլյա (լեգենդար վայր Միջագետքի կողմերում)»։
Պաիսիոս Աթոսացին շարունակեց սուրբ Կոզմասի մարգարեական ավանդույթը։ Հայտարարեց, որ քաղաքը (Կոստանդնուպոլիսը) Ռուսաստանի և Թուրքիայի պատերազմի արդյունքում կհանձնեն հույներին։ Թուրքերը, բազմիցս ասել է Պաիսիոսը, կոչնչացվեն և առհավետ կջնջվեն քարտեզից։ Որովհետև դա մի երկիր է, որը Աստծո օրհնություն չի ստացել։ Այն կբաժանեն երեք-չորս մասի։ Ահա թե ինչ է ասել պայծառատեսը, երբ մի անգամ նրան տաք հետքերով հարցրել են նախկին Հարավսլավիայի իրադարձությունների մասին. «Այսօր թուրքերի խաթեր եվրոպացիները ստեղծում են մահմեդական բնակչությամբ անկախ պետություններ (Բոսնիա, Հերցեգովինա)։ Սակայն ես տեսնում եմ, որ նրանք ապագայում նրբորեն կբաժանեն նաև բուն Թուրքիան. ոտքի կելնեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները կպահանջեն ճանաչել այդ ժողովուրդների անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։ Այդ ժամանակ նրանք կասեն Թուրքիային. «Մենք մի ժամանակ ձեզ արդեն ձեռք մեկնել ենք, հիմա նույն կերպ պետք է անկախություն ստանան քրդերն ու հայերը»։
Նա վերծանել է Կոզմասի առեղծվածային «վեցմղոնանոց գոտին»։ «Մի անգամ,- գրում է Պաիսիոսի հոգեզավակը, ես նրան տեսա փոքր-ինչ շփոթված ու գլխիկոր։ Նա հյուրասիրեց ինձ ու ինքն սկսեց խոսակցությունը.
-Այստեղ ինչ-որ մարդիկ էին եկել և ինձ ասում էին, թե պատերազմ կսկսվի, թուրքերը կմտնեն Հունաստան ու մեզ կքշեն Կորնթոս` վեց մղոն այն կողմ (այս կերպ էին նրանք իրենց անբարո դիտավորությամբ մեկնաբանում Կոզմաս Էտոլիացու մարգարեությունը)… Թեև չեմ սիրում խոսել մարգարեությունների թեմայով, բայց նրանք ինձ հարկադրեցին իրենց բացատրել «վեցմղոնանոց գոտու» նշանակությունը, ինչի մասին խոսում է սուրբ Կոզմասը, իսկ դա ոչ այլ ինչ է, քան վեց մղոն առափնյա ծովային գոտի։ Սա այն թեման է, որի պատճառով մենք վերջին տարիներին Թուրքիայի հետ իրար կոկորդ ենք կրծում և որի պատճառով ի վերջո «իրար կհագնենք»։ Սակայն նրանք չեն մտնի Հելլադա, նրանք առաջ կգան միայն այդ վեց մղոնի չափով, և այդ ժամանակ նրանց գլխին մեծ աղետ կգա հյուսիսից, ինչպես ասում են գրվածքները, և նրանց բոլոր մտածումները հօդս կցնդեն»։
-Հյուսիսից` Ռուսաստանի՞ց։
-Այո։ Իմաստուն ծերը հավատում էր մեր երկրին. «Այսօր ռուսները ծանր ժամանակներ են ապրում… Բայց կտեսնես, նրանք կհաղթահարեն դժվարությունները և նորից զորեղ պետություն կստեղծեն» (Մ. Ռակովալիս, «Հայր Պաիսիոսն ասաց ինձ…», էջ 114)։
-Յուրի, անձամբ շփված կա՞ս Աթոսի վանականի հետ։
-Ոչ։ Ես առաջին անգամ Հունաստանում եղել եմ 1995 թ.։ Նրա մահից մեկ տարի անց։ ՈՒ այդ ժամանակ ոչինչ չգիտեի ծերի մասին։ Մեզ` ուխտագնացներիս, բերել էին վանականի գերեզմանի մոտ։ Զարմանալի զգացում առաջացավ Պաիսիոսի նկատմամբ։ Գերեզմանի մոտ լինելուց հետո սկսեցի շատ կարդալ նրա մասին։ Պարզվեց մի այսպիսի մանրամասն. իմ ավագ որդին ծնվել է նույն օրը, ինչ նա։ Հետագայում շատ եմ եղել Աթոսում, հանդիպումներ ունեցել մարդկանց հետ, ովքեր լավ ճանաչել են Պաիսիոսին, հոգևոր խորհրդի համար գնացել մոտը։
Ռուսների մեծ մասի համար Պաիսիոսի մարգարեությունները միայն հիմա` մեր ռմբակոծիչի կործանումից հետո, դարձան հայտնություն, սենսացիա։ Ռուսաստանն ապրում է իր տագնապներով, իր խնդիրներով. Ղրիմ, ՈՒկրաինա, հիմա էլ Սիրիա։ Ինձ համար ևս ահաբեկչական ակտերի, ինքնաթիռների կործանման, տեղային պատերազմների շարքը ողբերգությունների մի քրոնիկա էր։ Երբ լուր ստացվեց թուրքական հրթիռով ռուսական հց-24-ի խոցման մասին, սիրտս տագնապեց։ Մի՞թե սկսվեց։ Չէ՞ որ ես հիանալի ծանոթ եմ Աթոսացու մարգարեություններին։
-Խոստովանում եմ, Յուրի, մի երկու տարի առաջ ես քո աթոսյան «Աներևույթ ծերերը» գրքում թեթևակի անցել եմ դրանց վրայով։ Համարեցի ոչ գիտական ֆանտաստիկա։ Ինչպե՞ս կարող է բախում լինել Թուրքիայում` ռուսների սիրած հանգստի վայրում։ Զառանցանք է։ Հիմա այլ կերպ եմ նայում ծերի այս խոսքերին. «Ամեն ինչ սկսվելու է Միջերկրական ծովում տեղի ունենալիք բախումից։ Միջամտելու են ռուսները…». Սիրիա` Միջերկրական ծով։ Ասադի կառավարությունը ուժերի գերլարմամբ պայքարում է Ռուսաստանում արգելված Իսլամական պետության դեմ։ Միջամտել են ռուսները։ Թուրքական կործանիչը խփել է ռուսական ռմբակոծիչը։ Օդաչուն զոհվել է։ Իրավիճակը սրվել է»։
-ՈՒզում եմ ընդգծել. Պաիսիոսը Աթոսում մարգարեանում էր ոչ հանուն պերճախոսության, հանուն փառքի ու մարդկանց հրապուրելու ցանկության։ Նա շատ խոնարհ մարդ էր, ասկետ։ Բացահայտումները ներկայացնում էր աշակերտների, հոգեզավակների հետ զրուցելիս։ Մարգարեությունները ծերի անձնական երևակայությունները չեն։ Նա ընդամենը «Աստծո պատգամաբեր» էր։ ՈՒներ ի վերուստ եկող իմացությունը մարդկանց փոխանցելու հազվադեպ ձիրք, ոչինչ չավելացնելով իրենից։
Այդ մարգարեությունները բանավոր զրույցներ չեն։ Դրանք շարադրված են նրա գրքերում։ Կան նրա աշակերտների հուշագրությունները։ Ամենահեղինակավոր աղբյուրներից մեկը աթոսացի կուսակրոն քահանա Իսահակի «Ծեր Պաիսիոս Աթոսացու կյանքն» է, որը լավ է ճանաչել սրբին։ Կա Արմագեդոնի վերաբերյալ վավերագրական ֆիլմ, որը հայտնի է Հունաստանում։ Իսկ Ռուսաստանում մինչև վերջին օրերը այն պետք չէր եղել։
-Ե՞րբ կարող է սկսվել ռուս-թուրքական պատերազմը։
-Ճշգրիտ ժամկետն անհայտ է։ Կարելի է անուղղակի նշաններից միայն դատել։ «Աթոսի եկեղեցական դպրոցի մի խումբ սաներ որոշում են գնալ վանականի մոտ և հարցնել, թե հույները կվերցնե՞ն, արդյոք, Կոստանդնուպոլիսը և իրենք, երեխաները, կարժանանա՞ն այդ օրվան,- գրում է կուսակրոն Իսահակը։- Նրանք եղան հայր Պաիսիոսի խցում, հյուրասիրվեցին, բայց վախենում էին հարցը տալ։ Մեկը մյուսին էր նշան անում։ Բայց, ի վերջո, այդպես էլ ոչ ոք չհամարձակվեց հարց տալ նրան։ Այդ ժամանակ ծերն ինքն ասաց նրանց. «Ի՞նչ է, տղաներ։ Ի՞նչ եք ուզում հարցնել։ Կոստանդնուպոլսի՞ մասին։ Կվերցնենք մենք այն, կվերցնենք, դուք ինքներդ էլ դա կտեսնեք։ Դու, որպես ինժեներ, կմասնակցես Կոստանդնուպոլսի վերականգնմանը»,- ասաց ծերը 1991 թ. վարժարանի սաներից մեկին։
-Ստացվում է մեր օրոք դա կարող է լինե՞լ։
-Այդպես է ստացվում։ Բայց Ռուսաստանի կողմից Թուրքիայի ջախջախումը գալիք համաշխարհային պատերազմի մի փուլն է միայն։ «Երբ ռուսները մտնեն նեղուցներ (Բոսֆոր և Դարդանել), այդ ժամանակ Եվրոպայի մյուս պետությունները կասեն. մենք էլ չգնա՞նք այնտեղ։ Արևմուտքը Ռուսաստանից կպահանջի դուրս բերել իր զորքերը։ Ռուսաստանը կհրաժարվի, և այդ ժամանակ նրա դեմ կսկսեն ուժեր հավաքել։ Համաշխարհային պատերազմ կսկսվի, և ռուսները կորուստներ կկրեն։ Մենք ականատես կլինենք կոտորածի, քաղաքները ավերակների կվերածվեն»։ Ահա նրա ևս մեկ մարգարեություն. «Միջին Արևելքը կդառնա կռվի ասպարեզ, և նույնիսկ չինացիները կանցնեն Եփրատ գետը։ Եվ նրանք երկուհարյուրմիլիոնանոց բանակով կհասնեն Երուսաղեմ։ Ռուսաստանը Թուրքիայի կործանումից հետո կշարունակի պատերազմը, և այդ զորքերը կմնան Երուսաղեմի մոտ կանգնած»։
«Աշխարհը միշտ էլ Աստծո խոսքով է կառավարվում,- ընդգծում էր վանականը։- Այն չեն կառավարում ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները։ Նրանք կարող են տիրապետել կարճ ժամանակով։ Աստված թույլ է տալիս, որ նրանք իրենք իրենց պատժեն։ Տեղի կունենան իրադարձություններ, որոնք ժողովուրդներին կցնցեն։ Դա դեռ երկրորդ գալուստը չի լինի, բայց մարդիկ կվերադառնան հավատի և կխնդրեն, որ իրենց պատմեն Քրիստոսի մասին»։
Հունաստանում շատ են սիրում Կոստանդնուպոլսի հիմնադրման վերաբերյալ ավանդազրույցը։ Քաղաքը հիմնադրելիս Կոստանդին կայսրը մի արտասովոր տեսարանի է ականատես լինում. բնից հանկարծ դուրս է սողում մի մեծ օձ, բայց տեղնուտեղը երկնքից ցած է սուրում արծիվը, ճանկում է նրան և վեր տանում։ Օձը սկսում է գալարների մեջ սեղմել թռչնին և, ի վերջո, ուժասպառ է անում։ Նրանք ընկնում են գետնին, բայց մարդիկ, սպանելով օձին, ազատում են արծվին։ Կայսրը իր մոտ է կանչում իմաստուններին, որ պարզաբանեն այդ տեսարանը։ Նրանց ժողովը եզրահանգում է, որ արծիվը քրիստոնեության խորհրդանիշն է, իսկ օձը` նրա դեմ պայքարող չարի։ ՈՒ քանի որ օձը հաղթեց արծվին, ուրեմն հետագայում քաղաքը կնվաճվի թշնամիների կողմից, բայց քանի որ մարդիկ սպանեցին օձին և ազատեցին վեհ թռչնին, ապա հետագայում քրիստոնյաները վերստին կտիրանան քաղաքին և կիշխեն այնտեղ։
-Ինչքա՞ն արյուն կթափեն ռուսները։
-Երկակի զգացում է առաջացնում Կոստանդնուպոլսի համար գալիք ճակատամարտի վերաբերյալ կանխատեսությունը,- զրույցի վերջում ասաց գրող Յուրի Վորոբյովսկին։- Մի կողմից` ուղղափառության հաղթանակ։ Մյուս կողմից… «Քաղաքում այնքան արյուն կհեղվի, որ նրա մեջ կարող է լող տալ երեք տարեկան ցլիկ»։ Սուրբ Կոզմասի այս մարգարեությունը համալրել է ծեր Պաիսիոսը. «Կոստանդնուպոլսում կատաղի ճակատամարտ կլինի ռուսների ու եվրոպացիների միջև։ Շատ արյուն կթափվի»։
Չէ՞ որ արյունը, որի մեջ կարող է լող տալ երեք տարեկան ցլիկ, նաև մեր արյունն է։ Իսկ շա՞տ արյուն է մնացել ռուսների երակներում Թուրքիայի հետ դարավոր կռիվներից, Ղրիմի, երկու համաշխարհային պատերազմներից հետո։ Մեծ կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը «Երաժշտությունը ճակատագիր է» գրքում շատ նուրբ նկատել է, որ խորհրդային գրականության մեջ «ռուս» բառը նորից սկսեց երևալ, կարծես, Սիմոնովի մոտ` հենց Մեծ հայրենականի տարիներին, երբ արյուն էր պետք։ Աշխարհում իրադրությունը միշտ փրկել է ռուսական արյունը։ Չարդարացված կերպով առատորեն հեղված։ Սև երախտամոռության շերտով պատված… Ես ափսոսում եմ ռուսական արյունը։ Վորոբյովսկին ճիշտ է։ Ինչքա՞ն ռուսական արյուն կարելի է հեղել հանուն ուրիշների շահերի։ Հասկանալի է, Բյուզանդիայի երբեմնի վեհաշուքության, Կոստանդնուպոլիսը վերադարձնելու հույների երազանքը գենետիկ է։ Բայց դատելով Պաիսիոսի մարգարեությունից, նրանք իրենք չեն պատերազմի։ «Կոստանդնուպոլիսը հետ կառնենք, բայց ոչ ինքներս։ Քանի որ մեր երիտասարդության մեծ մասը վհատված է, մենք դրան ընդունակ չենք։ Սակայն Աստված այնպես կանի, որ ուրիշները կվերցնեն քաղաքն ու մեզ կտան… Հունական զորքերը սահմանները կպահպանեն։ Նրանք չեն մասնակցի պատերազմին, քանի որ ով այդ սպանդին մասնակցի, կզոհվի»։ Ահա, իրոք, ականջ ունեցողը կլսի։
Ի ԴԵՊ ՎԱՆԱԿԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ
Մի անգամ պարոն Դ.Կ.-ն այցելել էր Պաիսիոս ծերին։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը հզոր տերություն էր, և ոչ ոք չէր կարող ենթադրել անգամ, թե այն կարող է փուլ գալ (Բրեժնևի ժամանակներն էին)։ Ի միջի այլոց, մարգարեն ասել է նրան. «Կտեսնես, որ շուտով ԽՍՀՄ-ը փուլ կգա»։
Պարոն Դ.Կ.-ն առարկել է. «Բայց ո՞վ կարող է փլուզել այսպիսի ամրակուռ հզորությունը, գերոնդա (ծեր-խմբ.)։ Ո՞վ կհամարձակվի նրա մազին դիպչել»։
-Դե՛, կտեսնես…

Վանականն ասում է, որ փլուզման ականատես կդառնա նաև ինքը` պարոն Դ.-ն, չնայած նրա առաջացած տարիքին։ «Իմացիր, որ Թուրքիան էլ է փուլ գալու,- շարունակել է Պաիսիոսը։- Պատերազմ կլինի, որը կընթանա երկու փուլով։ Մենք հաղթող կլինենք, որովհետև մենք ուղղափառ հավատի ենք» (Աֆանասի Զոիտակիսի «Կոզմաս Էտոլիացու կյանքն ու մարգարեությունները» գրքից։ Մ., 2007 թ.)։

 

 

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ