26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կեղծ փաստաթղթերով քա­ղա­քացիներին Հայաստանի տարածքով փորձել են տեղափոխել Շեն­գեն­յան համաձայնության երկրներ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգու­թյան ծառայությունը, իր գործառույթների իրակա­նաց­ման ընթացքում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայ­քար մղելով անդրազգային հանցավորության դեմ, 2017 թվականին բացահայտել և խա­փա­նել է անօրինական միգ­րա­ցիայի կազմա­կերպման ուղիներ, որոնցով ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փոր­ձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևել­քի երկրների քա­ղա­քացիներին Հայաստանի տարածքով տեղափոխել Շեն­գեն­յան համաձայնության երկրներ, Ամերիկայի Միաց­յալ Նահանգներ, Թուրքիայի Հանրապետու­թյուն կամ օտարերկրյա այլ պետություններ, ինչպես նաև կազմակերպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանից և մուտքը նշված պետություններ։ Նույն գործառույթների իրականացման արդյունքում բացա­հայտվել են նաև կեղծ փաստաթղթե­րի և տեղեկու­թյուն­ների ներկայացմամբ Հայաստանի Հան­րապետությունում անօրի­նական միգրանտների գտնվելը և ժամանակավոր կացության կար­գա­վի­ճակ ստանալը կազմակերպելու դեպքեր։

Հիշյալ դեպ­քե­րի վերաբերյալ Ազգա­յին անվտան­գու­թյան ծառայության քննչական վարչությունում քննված քրեական գործե­րով անօրի­նական միգրացիայի կազմակերպման կամ դրան օժանդակելու մեղադրանքով 33 անձ ներգրավ­վել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության 25 և օտարերկրյա պետությունների 8 քաղաքացիներ։ Նրանցից 19-ի վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզ­րա­­կա­ցությամբ ուղարկվել են դա­տա­րան, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետա­խու­զում, իսկ 12-ի վերաբերյալ քրեա­կան գործերով նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ առավել տարածված են եղել հատկապես դեպի Շեն­գեն­յան համաձայնության երկրներ և Թուրքիայի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա­­յի կազմակերպ­ման դեպքերը։ Միգրանտների տեղափոխումն իրականացվել է շա­հա­դիտական նպատակներով՝ 350-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց, տարանցման պատ­շաճ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, մուտքի արտո­նագ­րերը, կացության քարտերը կամ անձնագրերը Հայաստանում, իսկ գերակշռող դեպ­քերում՝ օտարերկրյա պետություններում կեղծելով։ Առանձին դեպքերում անօրինա­կան միգ­րանտ­ների ելքը Հայաստանի Հանրապետությունից կազմակերպվել է պետա­կան սահ­մա­նի անցման կետերը շրջանցելու եղանակով։

Բացահայտված դեպքերից մեկով անդրազգային հան­ցավոր խմբի անդամները, համապատասխան վարձատրու­թյան դիմաց, Հայաստանի տա­րածքն օգտագործել են Թուր­քիայից արտաքսված Ուզբեկստանի և Ղրղզստա­նի քաղա­քա­ցի­ների վերադարձը նույն երկիր կազմակերպելու նպատակով։

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Իրանի Իսլա­­մա­կան Հանրա­­պե­­տությունում և Թուրքիայի Հանրապետությունում գործող հանցավոր խմբի ան­դամ­­ների մշակած ծրագրի համաձայն՝ Թուրքիայից իրենց ծագ­ման երկրներ արտաքսված միջին­ասիական հանրապետությունների քաղա­քացիներն իրենց օրինական անձնագրերով, օդային տրանսպորտով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց լու­սանկարներով պատրաստվել են ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրեր։ Այնուհետև հիշյալ օտարերկրացիները, «Զվարթ­նոց» օդանա­վա­կա­յանում ներկայացնելով իրենց օրինա­կան անձ­նա­գրերը, հանցավոր խմբի ան­դա­մի ուղեկցությամբ մեկնել են Ստամ­բուլ, որտեղ ներկայացրել են վերջինիս կողմից իրենց հանձնված ՀՀ քաղաքացու հիշյալ կեղծ անձնագրերը և նման եղանակով մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն:

Հանցավոր խումբը նույն եղանակով նախաձեռնել է նաև Թուրքիայից արտաքսված միջինասիական երկրների ևս երկու քաղաքացիների տարանցումը Հայաս­տանի տարածքով, որը, սակայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ խափանվել է. 2018 թվա­կա­նի հունվարի 15-ին անօրինական միգրանտներն ու նրանց ուղեկցող ՀՀ քաղա­քացին՝ վերջիններիս լուսանկարներով ՀՀ քաղաքացու կեղծ անձ­նագ­րերով, ՀՀ պետական սահմանի անցման կետից բեր­ման են են­թարկ­վել։

Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հի­ման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախ­նական համաձայնությամբ իրացնելու նպա­տա­կով իրավունք վերապահող պաշտո­նա­կան փաստա­թուղթ կեղծելու և Հայաստանի Հանրա­պե­տության տարածքով երկու կամ ավելի անձանց տարանցումը (տեղափո­խու­մը) շահադիտական նպատակով կազմակեր­պելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 329.1-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մ­ե­ղադ­րանքներ են առաջադրվել հանցավոր խմբի երեք անդամների։

Նույն ժամանակահատվածում բացահայտված՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Հայաս­տանի Հանրապետությունում կացություն հաստատելու նպատակով անօրի­­­նական միգ­րա­ցիայի կազմակերպման դեպքերից մեկի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ փաստա­բան­նե­րի պալատի փաս­տաբան Է.Մ-ն, համա­պա­տասխան վարձատրության դիմաց, օտարերկրա­ցիների կող­մից Հայաստանի Հանրա­պե­տու­­թյու­­նում ժամանա­կա­վոր կացության կար­գավիճակ ձեռք բերելու համար անհրա­ժեշտ՝ «Օտարերկրա­ցի­ների մասին» ՀՀ օրենքով պահանջ­վող աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվե­լու հանգա­ման­ք­­նե­րը հավաստող փաս­տաթղթային հիմքեր ստեղծելու համար, 2016-2017 թվա­կան­ների ընթացքում վեր­ջիններիս ան­վամբ ՀՀ ԱՆ իրա­վա­բանական անձանց պետա­կան ռեգիստրի գործակա­լու­թյու­նում գրանցել է շինծու կազ­մա­­կեր­պություններ կամ նրանց հետ կնքել աշխատան­քային ձևական պայմանագրեր, որոնք այնուհետև ներ­կա­յացվել են ՀՀ ոստիկա­նու­թյան անձնագրային և վիզանե­րի վարչություն, և դրանց հի­ման վրա այդ օտարերկրացիներին տրվել է Հայաս­տանի Հանրապետությունում կա­ցու­թյան կարգավիճակ։

Հիշյալ քրեա­կան գործով բավարար ապացույցներ են ձեռք բեր­վել Իրանի Իսլամա­կան Հանրապետության 8 և Ուկրաինայի 1 քաղաքացիների ան­օրի­նական միգրա­ցիայի կազմակերպման վերա­բերյալ։ Բացի այդ, Է.Մ-ի գրասեն­յա­կում կատարված խու­զարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ևս 32 կազմակերպությունների կնիք­ներ, որոնց օգտագործմամբ Հայաստանի Հանրապետությու­­նում Ժամանակավոր կացու­թյան կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացող փաս­տաթղթեր են տրվել ևս 40 օտարերկրա­ցի­ների, հիմնականում՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաս­տա­նի քաղա­քա­­ցի­ների։

Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիայի կազմակերպումը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կի­րառ­վել կալանավորումը։

Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ հասարակական և ազգային անվտան­գությանն ու տնտեսական կայունությանը սպառ­­նալիք ներկայացնող անօրինական միգ­րա­ցիայի բոլոր դեպքերով Ազգա­յին անվտանգության ծառա­յու­թյունը, ակտիվ ներգրավված լինելով միջազգային պայմանագրերից բխող՝ անօրի­նական միգրացիան կանխելու նպատակով մշակված համատեղ ծրագրերում, մշտապես համագոր­ծակ­ցել է այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ, ապա­հովել է անհրա­ժեշտ տեղե­կատվության փո­խա­նակում անօրինական միգրանտ­ների մուտքի, ելքի և տարանցման երկրների իրավասու մար­մին­ների հետ։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգու­­թյան ծառայությունը նախազգուշացնում է, որ անօրինական միգ­րա­ցիայի կազմա­կերպ­ման դեմ տարվող պայքարը կրում է հետևողական բնույթ, նմանօրինակ դեպ­քերը կանխելուն, ուղիները խափանելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվե­լու են շարունակաբար, իսկ մեղավոր անձանց նկատմամբ կիրառվելու են քրեաիրա­վական ներգործության միջոցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ