08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Իշխանության ժառանգականության «գենետիկան»

5245

Ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերի միջև կնքվում են երկարաժամկետ և կարճաժամկետ համաձայնություններ, որոնց միջոցով քաղաքական դաշտի հիմնական խաղացողները պետության սահմանադրական շինարարության հիմնական սկզբունքների շուրջ ընդհանուր համաձայնության են գալիս: Նման դեպքերում պակտային համաձայնությունների հիմնական խնդիրն է դառնում նոր ձևավորվող ժողովրդավարական ինստիտուտների դեմ ճնշումների, լարվածության ու կոնֆլիկտների թուլացումը, որոնք կարող են առաջանալ երկրի ինստիտուցիոնալ կառուցվածքի, քաղաքական կուրսի, կադրային նշանակումների և այլնի պատճառով: Եթե ինստիտուցիոնալ պակտերը սահմանում են խաղի հիմնական կանոնները, իսկ մնացածը թողնվում է մրցակցությանը, ապա դրանց դրական դերակատարումն անվիճելի է:

Դեմոկրատական անցումը դեռ լիովին չավարտած ու համախմբման փուլում գտնվող երկրներում, ինչպիսին ՀՀ-ն է, հնարավոր է, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների միջև առկա «էլիտաների պակտը» վերածվի «կարտելային համաձայնության»: Այն, նպատակ ունենալով միայն յուրայինների միջև վերաբաշխելու հիմնական իշխանական ռեսուրսներն ու լիազորությունները, էապես սահմանափակում է քաղաքական մրցակցությունը, լրացուցիչ արգելքներ է սահմանում այլ քաղաքական ուժերի համար, որոնք դուրս են մնում այդ «կարտելային համաձայնություններից»: Այդ դեպքում ժողովրդավարությունը վերածվում է ՓԲԸ-ի, որտեղ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիադիր դերերը օլիգոպոլիկ համաձայնությունների միջոցով բաշխվում են մի քանի «փայատերերի» միջև՝ բացառելով «օտարների» մուտքը մեծ քաղաքականություն:

Եթե իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների միջոցով ու երկարաժամկետ կտվածքով չի փոխվում, ապա ընտրական գործընթացը վերածվում է իշխանության փոխանցման պարզ ակտի: Այսինքն՝ հեռացող նախագահը որոշում է իրավահաջորդին, որից հետո վարչական, ֆինանսական, հարկադրական ու մնացած բոլոր ռեսուրսներն ուղղվում են իշխանության վերարտադրությանը: Նման քաղաքական գործընթաց տեղի ունեցավ ՌԴ-ում, երբ նախագահ Վ. Պուտինն իր պաշտոնավարման երկու ժամկետների ավարտից հետո 2008 թ. նախագահական ընտրություններում առաջադրեց Դ. Մեդվեդևի թեկնածությունը, այնուհետև 2012 թ. նորից ընտրվեց նախագահի պաշտոնում:

Նման թաքնված, «կարտելային համաձայնության» սցենարի մասին էր ժամանակին խոսվում նաև ՀՀ քաղաքական գործընթացների զարգացման համատեքստում, ըստ որի՝ 2008 թ. հեռացող նախագահը որոշ ժամանակ անց կրկին պետք է վերադառնար մեծ քաղաքականություն, մանավանդ որ, ինչպես ինքն էր նշել, չէր պատրաստվում լինել «երիտասարդ թոշակառու»:

2013 թ. նախագահական ընտրություններում մինչև վերջին պահը թեկնածուների առաջադրումների հարցում պահպանվում էր որոշակի անորոշություն, և միայն երկրորդ նախագահի հարցազրույցից հետո կրքերը հանդարտվեցին: Չառաջադրվեց ոչ միայն նա, այլև նախագահական աթոռի մյուս հիմնական հավակնորդներ Գ. Ծառուկյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը՝ դրանով, փաստորեն, գործող նախագահին թողնելով մրցակցությունից դուրս: Որպես չառաջադրման հիմնավորում Ռ. Քոչարյանը 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ տված իր հարցազրույցներից մեկում նշում էր, որ ժամանակին ինքն է առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, հետևաբար հասկանալի է նաև նրա վերընտրվելու ցանկությունը, բացի այդ, անընդունելի էր համարում պայքարը, երկու վաղեմի գործընկերների միջև: Ուշագրավ է նաև նույն տեղում նրա արտահայտած այն միտքը, որ քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը ՀՀ-ում վերածվել է մանրածախ քաղաքական առևտրի:

Վերջին տարիների ՀՀ քաղաքական զարգացումներում կարելի է նշել նման ստվերային հիմքով, օլիգոպոլիկ, կարտելային համաձայնությունների բազմաթիվ օրինակներ, որոնք, իրենց հերթին, անհնար են դարձնում արդյունավետ հանրային վերահսկողության իրականացումը նմանատիպ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ, ինչպես նաև էապես խոչընդոտում են իշխանության հաշվետվողականության ինստիտուտի կայացումը:

Արթուր Գասպարյանի Ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ