26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ ՖԻՖԱ-ն չի պատժում Բուլղարիային. Առավոտ

Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. “Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին` “գնչուներ”, եւ մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել` մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ:

Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկողներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այդքան սխալ պատկերացումներ ունեն մեր ազգի մարդաբանական տիպի եւ կացութաձեւի մասին: Բայց առավել կարեւոր է, որ միջազգային ատյանները, այդ թվում` ՖԻՖԱ-ն, չափազանց զգայուն են այդ խնդրի վերաբերյալ եւ իսկապես հաճախ պատժում են այն երկրներին, որոնց երկրպագուները ռասիստական դրսեւորումներ ունեն:

Օրինակ` Եվրոպայի վերջին առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է ոչ միայն ֆանատների խուլիգանության, այլեւ ռասիստական արարքների համար: Թվում է, թե նման մոտեցումը ավելորդ եվրոպական “պոլիտկոռեկտություն” է: Բայց իրականում դա որոշակի մտածելակերպ է, արժեքային համակարգ, որի կանոններին երբեմն իրենք` եվրոպացիները չեն հետեւում, բայց մենք` հայաստանցիներս, դրանք մինչեւ վերջ չենք ընկալել: Դրա վկայությունները բազմաթիվ են:

Վերջերս Շիրակի մարզի Չորակապ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Տեղի բնակիչները պնդում են, որ իր “վերարտադրությունն” ապահովելու համար գյուղապետը Ախալքալաքից մի քանի ժամով բերել էր գյուղում երբեւէ չապրած, բայց գրանցում ունեցած մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, իսկ հետո վերադարձել Վրաստան: Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել էր: Բայց տեսեք, թե ինչ միջոցների են պատրաստ դիմել բողոքավորներից ոմանք. նրանք, իրենց պահանջը չբավարարելու դեպքում, սպառնում են փակել ճանապարհները [դա նորմալ է] եւ գյուղից վռնդել այն ախալքալաքցիներին, որոնք այնտեղ մի քանի տարի ապրում են` սյուժեն եթեր է գնացել թե Գյումրիում, թե Երեւանում: Այսինքն` գյուղապետի հնարավոր ապօրինության համար պետք է պատասխան տան ոչ մի մեղք չունեցող մարդիկ:

Դե, հիմա համեմատեք այդ մոտեցումը նման մտածելակերպի համաշխարհային արտապատկերի հետ: Մահմեդականները դժգոհ են մնացել ինչ-որ ամերիկյան ֆիլմից, որը, իրենց կարծիքով, սխալ լույսի տակ էր ներկայացնում սեպտեմբերի 11-ը: Ո՞րն է դրա դեմ բողոքելու ձեւը` գնդակոծել եւ հրետակոծե՞լ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Նույն տրամաբանությունն է:

Անձամբ ինձ համար ավելի կարեւոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը, առավել եւս` “որտեղացի” լինելը: Այսինքն` ես խնդիր չունեմ շփվելու ադրբեջանցիների հետ: Ես խնդիր ունեմ շփվելու այն մարդկանց հետ` թեկուզ հայերի, որոնք գտնում են, որ կացնով քնած մարդուն սպանելը որեւէ ձեւով հնարավոր է արդարացնել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ