19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Յուրաքանչյուր պատուհան բաց կպահեք՝ լսելու բոլոր այն ձայները, որ ցանկանում են լսելի լինել»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու մեծարգո պարո՛ն Սարգսյան, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք:

Բնավ ցանկություն չունենալով ստվերել անկախ պետականության գործընթացի մեկնարկից ի վեր, տարբեր գումարումների խորհրդարանների կողմից ընդունված հազարավոր որոշումների, օրենքների և կադրային նշանակումների տարաբովանդակ հետագիծը մեր մոտ անցյալի կերտման գործում, կարելի է առանց այլևայլության արձանագրել, որ 1990 թ. օգոստոսի 4-ին դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունից, ապա նույն օգոստոսի 23-ին <<Հայաստանի անկախության մասին>> հռչակագրի ընդունումից, իսկ մինչ այդ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ընդունված Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին և, արդեն ըստ քաղաքական ճաշակի, հնարավոր մեկ-երկու այլ որոշումներից հետո, այսօր, այս պահին, խորհրդարանը կայացնում է պատմական նշանակության հերթական որոշումը՝ ընտրելով Հայաստանի երրորդ Հանրապետության չորրորդ նախագահին: Վստահ եմ, որ պահի պատմականության էլ ավելի սրված զգացում մեզանից յուրաքանչյուրը կունենա մոտ մեկ ամիս անց, երբ խորհրդարանում ընտրելիս կլինենք Հանրապետության նոր վարչապետին:

Որքան էլ պայմանավորված խորհրդարանական դիտակետից փաստերի չոր ժամանակագրային արձանագրմամբ, առավել քան ուշագրավ է, որ շարադրվածն ինքնին, խորհրդանշական կերպով մեր օրերը մտազուգահեռում է նախորդ դարավարտի աննախադեպ ազգային զարթոնքի, անկախ պետականության հաստատման գործընթացի և արցախյան հաղթական գոյամարտի հետ: Եթե անգամ պարզ սիմվոլիզմ, ապա այն, առավել քան որևք խոսք, ձևակերպում է սպասումների այն ահռելի ծավալը, որն ունի յուրաքանչյուր հայորդի՝ Հայաստանում ու Սփյուռքում, ձևավորվող նոր իշխանություններից՝ անկախ նրա հանդեպ ունեցած դրական կամ մերժողական վերաբերմունքից. փոփոխությունների հիմնավոր սպասումներ, որոնց իրագործումը մեր ժողովուրդը լիուլի վաստակել է իր անսահման համբերատարությամբ և վճարած զրկանքների ծանր գնով:

Մինչ այդ սպասումներից մեկ-երկուսին համառոտ անդրադառնալը, ցանկանում եմ նշել, որ մի քանի դիպվածային հանդիպումներից զատ, պարոն Սարգսյանին հանդիպելու և առանձին քննարկում ունենալու առիթ չեմ ունեցել, թեև նրա դիվանագիտական և բարեսիրական գործունեությունը մշտապես եղել է, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև հետաքրքրասեր որևէ պատգամավորի ուշադրության տիրույթում: Այդ ամենի արդյունքում իմ ստացած նախնական տպավորությունները կատարելապես ամբողջանում են, երբ դրան հավելում եմ պարոն Սարգսյանին շա՜տ ավելի լավ ճանաչող այնպիսի մարդկանց միանշանակ դրական կարծիքը, որոնց գնահատականներն ինձ համար անառարկելիորեն ընդունելի են:

Անհրաժեշտ չհամարելով անգամ հպանցիկ անդրադառնալ պարոն Սարգսյանի բնութագրին և հատկապես նրա մտավոր օժտվածությանը, իսկ այն կզարդարեր ինքնակատարելագործման ձգտող յուրաքանչյուր բանական մարդու, ինչը գրեթե մեկուկես ամիս հանրության տարբեր շերտերի, զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի ու քաղաքական տարահամ խոհանոցների ակտիվ քննարկման առարկա է դարձել, կարելի է փաստել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին Հանրապետության հաջորդ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը դրական սպասումների որոշակի ալիք է առաջացրել հայության տարբեր հատվածներում, իսկ մեզ՝ խորհրդարանական մեծամասնությանը, մեր կոալիցիոն գործընկերների հետ միասին ընծայել, ինչպես ասում են, գլուխներս բարձր և երեսներս պարզ մեր թեկնածուին ներկայացնելու պատվաբեր հնարավորությունը:

Բայց չանդրադառնալ բնութագրական գոնե մեկ, իմ տեսանկյունից առանձնահատուկ հանգամանքի, կլիներ սխալ: Դա այն է, ինչին բոլորս ականատես ենք եղել վերջին մեկուկես ամիսների ընթացքում, երբ պարոն Սարգսյանը ակտիվ հանդիպումներ էր ունենում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում. իր և իր հնչեցրած մտքերի հանդեպ ամենատարբեր վերաբերմունք և մոտեցում ունեցող լրագրողների՝ երբեմն նույնիսկ չդադարող կրակահերթ հիշեցնող հարցերին ու անգամ գնահատականներին օլիմպիական համբերատարությամբ և ժպիտով պատասխանելու և զանգվածային լրատվության միջոցների համար բաց լինելու, պետական բարձրաստիճան պաշտոնյայի համար լրագրողների հետ երկխոսելու օրինակելի պահվածքը:

Հիմա մի քանի խոսք սպասելիքների մասին: Ամենևին ոչ պատահականությամբ իմ խոսքը սկսեցի նախորդ դարավերջի հաղթական տասնամյակի ու գալիք ժամանակների միջև մտազուգորդում անցկացնելով: Դրանով ցանկանում եմ ընդգծել, ոչ միայն ու ոչ այնքան սահմանդրական փոփոխություններով ու կառավարման խորհրդարանական ձևի փոփոխությամբ, որքան, Հայաստանի ներքին ու արտաքին մտահոգիչ միջավայրով պայմանավորված, ողնաշարային նշանակության, հիմնարար խնդիրների լուծումը, ինչը, ինչպես և ազգային զարթոնքի հաղթական շրջափուլում էր, պահանջելու է ազգային համախմբում, աշխարհասփյուռ հայության կամ հայաստանյան հանրության տարբեր հատվածների միջև բաժանարար գծերի ու անհանդուրժողականության իսպառ բացառում:

Պատմականորեն, ժողովուրդներին ոչինչ այնպես ու այնքան հաճախ չի վնասել, որքան ներքին ատելությունը, անհանդուրժողականությունը, անհամերաշխությունն ու անմիաբանությունը: Այս դառը ճշմարտության այսպահային ընկալումը բոլորիս համար առավել քան սուր է՝ այսօր հիշատակում ենք մարտիմեկյան իրադարձության զոհերի տասներորդ տարելիցը: Նախագահ Սարգսյանի կողմից ներհայաստանյան համերաշխության ապահովման ուղղությամբ ներդրված նշանակալի ջանքերը պետք է իրենց պարտադիր շարունակությունը ստանան նաև ապագայում: Վստահ եմ, որպես պետության ապագա գլուխ, Դուք հաղորդակցության յուրաքանչյուր պատուհան բաց կպահեք՝ լսելու բոլոր այն ձայները, որ ցանկանում են լսելի լինել ու ոչ երբեք արհամարհված, նրանց, ովքեր արժանի են լինելու մասնակիցն ու պատասխանատուն ավելի լավ, ավելի արդար Հայաստանի կերտման, ու ոչ երբեք այդ երազանքները մտքում՝ բռնելու պանդխտության ճանախարհը:

Ձե՛րդ Գերազանցություն:

Պատմության շրջադարձային փուլերում պետք է խոսեցնել ոչ միայն ժողովրդի հավաքական միտքը, այլ նաև նրա ոգին, շարժել նրա սիրտը: Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայորդի տեսնի, որ այն ինչ ճշմարիտ է և այն ինչ արդար է՝ գործողության մեջ է և ոչ թե գզրոցում մոռացված թղթերի վրա: Եթե պատմամշակութային և մասամբ պատմաաշխարհագրական առանձնահատկությունները մի կողմ թողնենք, կոշտ մրցակցության պայմաններում միմյանց նկատմամբ ժողովուրդների փոփոխական գերակայությունն ու առաջնայնությունը նախևառաջ պայմանավորված է եղել, ու այսօր էլ դա այդպես է, կառավարման արդյունավետությամբ հմտությամբ ու իմաստնությամբ:

Անցյալն իմ ասածի առաջին բաժինը մեզ առատորեն ժառանգել է: Ապագա վարչապետի, նոր ձևավորվող իշխանությունների և Ձեր անունը միայն ոսկե տառերով կարող է գրվել պատմության էջերում, եթե կարողանաք ապահովել հայ ժողովրդի հարաճուն գերակայությունը աշխարհագրական մեր նեղ միջավայրում: Ինչպես ասում են, մենք էլ իբրև խորհրդարանական մեծամասնություն, ձեզ անառարկելիորեն անխախտ հենարան, աջակից ու մասնակից:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ