28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

vrastani-despanatun-472x265

1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա
ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար:

1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով:

Այդ պահից ի վեր տարածաշրջանում զարգացումները գրեթե կանխորոշված էին` էսկալացիա, որն,
այնուհետև վերաճեց բուն Ադրբեջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի
իշխանությունների կողմից հրահրված հրոսակների խմբերի, իսկ այնուհետ կանոնավոր բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ հարձակումների:

Ամեն ինչ սկսեց Սումգայիթից: Պաշտոնական տվյալների համաձայն  այդ քաղաքում երեք օր տևած
հայերի ջարդերին զոհ գնացին 32, իսկ անկախ աղբյուրների համաձայն` հարյուրավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում հակահայկական ատելությամբ լցված խուժանի կողմից կանայք, տղամարդիկ, տարեցներ դաժանաբար սպանվեցին իրենց բնակարաններում և քաղաքի փողոցներում: 30 տարի անց էլ, կարդալով ականատեսների սահմռկեցուցիչ վկայությունները, անհնար է համակերպվել այն գաղափարին, որ մարդ արարածն ի վիճակի է նման կերպ վարվել մեկ այլ մարդու հանդեպ, որը դեռևս երեկ հարևան էր, գործընկեր, ծանոթ: Այդ օրերին ոտնահարվեց մարդու իրավունքներից ամենահիմնարարը՝ կյանքի իրավունքը: Մարդիկ թիրախավորվեցին և սպանվեցին իրենց
ազգային պատկանելիության պատճառով: Գազազած ամբոխի նշանաբանը մեկն էր՝ «Հայն ապրելու
իրավունք չունի»:

Խորհրդային զորամիավորումներին էլ սեփական երկրի ներսում երեք օր պահանջվեց, որպեսզի
հասնեն Սումգայիթ և վերջ դնեն վայրագություններին, այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայի
սոցիալիստական ճամբարի երկրներ և Աֆղանստան հասնելու համար մեկ գիշերը նույնիսկ բավարար էր:

1988թ. մարտի 21-ին Խաղաղության նոբելյան մրցանակակիր, հայտնի գիտնական և
իրավապաշտպան Անդրեյ Սախարովը սումգայիթյան ջարդերի վերաբերյալ ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին ուղղված նամակում գրել էր. «Եթե մինչև Սումգայիթը որևէ մեկը կարող էր կասկածել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ, ապա այդ ողբերգությունից հետո բոլորին պետք է պարզ դառնա նման որոշման բարոյական անխուսափելիությունը։ Այդ ողբերգությունից հետո չի մնում որևէ բարոյական հնարավորություն պնդելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելություն մասին։ Սումգայիթի զոհերի ցուցակները չեն հրապարակվել, և դա ստիպում է կասկածի տակ դնել զոհվածների թվի մասին պաշտոնական տվյալների ճշգրտությունը։

Հետաքննության վերաբերյալ որևէ տեղեկություններ չկան։ Նման հանցագործությունը չէր կարող չունենալ կազմակերպիչներ։ Ովքե՞ր էին նրանք»։ 1988թ. նոյեմբերի 26-ին «The New York Times» թերթին Սախարովն ասել էր, որ հայերի դեմ ուղղված ջարդերն Ադրբեջանի հայկական փոքրամասնության և Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բնաջնջման իրական վտանգ են հանդիսանում։

Ջարդերից հետո կատարված հետաքննությունը բավականին մակերեսային էր և չպատասխանեց
գլխավոր հարցին. ո՞վ էր կանգնած այդ ամենի ետևում, ո՞վ էր ուղղորդում ամբոխը և ինչի՞ համար: Իսկ այն, որ դա մեկ կենտրոնից ուղղորդվող գործողություններ էին, որևէ կասկած չկա և դրա մասին են փաստում բազմաթիվ վկայություններ: Իսկ որ արվում էր, որպեզի Ղարաբաղյան շարժման խաղաղ ցուցարարների համար պարզ լիներ, թե ցույցերը շարունակելու պարագայում ինչ ճակատագրի կարժանան նրանք ևս, դրա մասին ևս շատ փաստեր են խոսում։

Չնայած 30 տարի է անցել այդ դեպքերից, սակայն մինչ օրս դեռ այս հարցերը պատմաբանների,
քաղաքագետների և պարզապես շարքային քաղաքացիների համար շարունակում են մնալ անպատասխան:

Դատավարությունների ժամանակ հնչած վկայություններից պարզ է դառնում, որ հայկական ջարդերում ակտիվորեն ներգրավված են եղել երիտասարդներ՝ նույնիսկ դպրոցների ավագ դասարաններից: Այդ պատանիներին դրդել էին բռնությունների կամ բռնի ծայրահեղականության (violent extremism) և նրանց մեջ սերմանել էին հայերի նկատմամբ բացահայտ ատելություն։

Սումգայիթը դարձավ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ազգայնամոլության և ծայրահեղական
կեցվածքի առաջին դրսևորումներից մեկը: Պարզ դարձավ, որ հայերի հանդեպ ադրբեջանական
հասարակության շրջանում ատելությունը քողարկված էր բարակ մի շղարշով, որն այլևս պատռվել էր:
Հակահայկական ատելությունը ուղղվեց նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների դեմ, ինչի արդյունքում Ադրբեջանում հողին հավասարեցվեցին հարյուրամյակների պատմություն ունեցող եզակի հուշարձաններ:

Ցավոք, այն բռնությունների ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Բաքվում,
Կիրովաբադում (Գյանջա) և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում: Սումգայիթի ջարդերի հետևանքով ԽՍՀՄ-ում առաջացան փախստականների առաջին հոսքերը:

Մարդիկ թողնելով իրենց տները՝ մազապուրծ փրկվելով վայրագություններից, փախչում էին դեպի
Հայաստան և ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Սումգայիթի կոտորածին արձագանքել էր նաև Եվրոպական խորհրդարանը, որը 1988թ. հուլիսի 7- ին ընդունված բանաձևում դրանք որակեց որպես հայերի դեմ ուղղված ջարդեր, որոնք ինքնին սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը։ Ավելին՝ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում դատապարտեց հայերի դեմ բռնությունը և իր աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի բնակչության՝
Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջին։ Երկու տարի հետո Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդին արձագանքելով՝ Եվրոպական խորհրդարանն ընդունեց ևս մեկ բանաձև, որում վերահաստատեց այս դիրքորոշումը։  

1988թ. հուլիսին՝ Սումգայիթի ջարդերից ընդամենը ամիսներ անց, ԱՄՆ Սենատը միաձայն
հաստատեց 1989թ. արտաքին գործողությունների համար ֆինանսական հատուցումների վերաբերյալ օրենքում փոփոխությունը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և որով կոչ էր արվում խորհրդային իշխանություններին հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները և արձանագրվում էր, որ տասնյակ հայեր սպանվել և հարյուրավորները վիրավորվել են ամիսներ առաջ տեղի ունեցած ջարդերի ժամանակ։

Չնայած խորհրդային իշխանությունների կողմից լրահոսի հանդեպ խիստ վերահսկողությանը և
գրաքննությանը՝ այնուամենայնիվ արդեն 1988թ.  մարտ ամսին Սումգայիթի ոճրագործությունների մասին թեկուզ և կցկտուր տեղեկատվությունը հասավ միջազգային լրատվամիջոցներին։ Մարտին հեղինակավոր «Washington Post» պարբերականը գրեց, որ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սահմռկեցուցիչ հանցագործություններ են տեղի ունեցել հայերի նկատմամբ։ Թերթը, վկայակոչելով մոսկովյան դիսիդենտներին, որոնք այցելել էին այդ տարածք, պատմում է հայերի դեմ կատարված վայրագությունների, ներառյալ «ծննդատանը հղի կանանց սպանության և խեղման» դեպքերի մասին։  

1990թ. սեպտեմբերի 27-ին, 130 առաջատար գիտնականներ և իրավապաշտպաններ ԱՄՆ-ից,
Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրներից, բաց նամակ են հրապարակում «The New York Times»-ին 1 ։ Նրանք նշում էին, – «Մի դարաշրջան, որը կարծում էինք, թե ավարտվել է, վերածվեց ջարդերի դարաշրջանի: Այս տարի հերթական անգամ Ադրբեջանի հայ համայնքը դարձել է անմարդկային եւ անհանդուրժելի կանխամտածված կոտորածների զոհ։

Մենք այս տեղեկատվությունը մտադիր ենք տարածել մեծ թափով և դատապարտել այն, որպեսզի միջազգային հանրային կարծիքը գիտակցի այն վտանգը, որ ռասիզմը ներկայացնում է մարդկության ապագայի համար: Նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեական ժողովրդի ցեղասպանությունից կես դար անց և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից քառասուն տարի անց մենք զգում ենք նույն անզորությունը, այն դեպքում, երբ մարդու իրավունքների նմանատիպ խախտումներ են տեղի ունենում:

Աններելի կլինի, եթե պարզվի, որ մեր լռության պատճառով եղան նոր զոհեր։ Միաժամանակ մեր
պարտավորությունն է պահանջել, որ խորհրդային իշխանությունները, ինչպես նաև միջազգային
հանրությունը միանշանակորեն դատապարտեն այս հակահայկական ջարդերը և հատկապես ռասիստական այն գաղափարախոսությունը, որն օգտագործվել է այդ հանցագործությունների մեղավորների կողմից՝ որպես հիմնավորում»:

Այդ վայրագություններից էլ ավելի սարսափելի էր, գուցե, այն, որ թե Ադրբեջանում և թե
Խորհրդային Միությունում իշխանություններն ամեն ինչ արեցին՝ կոծկելու Սումգայիթի մասին
ճշմարտությունը: Անպատժելիության և ամենաթողության այս մթնոլորտը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ այս ջարդերի հետևում կանգնած էր պետությունը: Իսկ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ խնդիրների կարգավորման սումգայիթյան ճանապարհը գերիշխող է դարձել ադրբեջանական ղեկավարության համար: Արդեն մայիսին սկսվեց Շուշիից հայերի բռնի տարհանումը (deportation), նոյեմբերին հակահայկական ջարդերի ալիքն անցավ ամբողջ Ադրբեջանով: Սակայն որևէ քաղաքական և իրավական գնահատական չհնչեց 2 ։

Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 30 տարիները վկայում են, որ Ադրբեջանի
իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չի կրել, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը հանգեցրել են Ադրբեջանի հասարակության համար հայերի՝ դեհումանիզացիայի։

Սաֆարովի նման սառնասիրտ մարդասպանին հերոսացնելը, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անմեղ երեխաների դեմ հրետանու կիրառումը, ծերերի դաժան սպանությունը և նրանց դիակների խեղումը խոսում են այն մասին, որ սումգայիթյան ոգով ոճրագործությունները դարձել են Ադրբեջանի իշանությունների քաղաքականության մասը։ Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները և հասարակութունը չեն առերեսվել իրենց պատմության երեսունամյա վաղեմության այս ողբերգական էջերին, հնարավոր չէ խոսել տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության մասին։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ