26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ–ն ամփոփել է կոալիցիայի մեկամյա գործունեությունը

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել ընտրությունների տարածքային ռեյտինգային ընտրակարգը: Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ նիստից հետո ընդունված հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասվում է.

«2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաեւ առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարեւորումը:

Ներկայացված զեկույցների եւ քննարկման արդյունքում կատարվեցին հետեւյալ հաստատումները.

Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված:

Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դանակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով:

Սահմանադրական օրենքների ընդունմամբ, օրենսդրական նոր կարգավորումներով ձեւավորվել են խորհրդարանական կառավարման անհրաժեշտ հիմքերը:

ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կնքմամբ ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր:

Արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձեւավորման գործընթաց է սկսվել:

Օրենսդրորեն հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորվում, որի գործունեությունը, ակնկալում ենք, վստահություն կներշնչի ոչ միայն հանրությանը, այլեւ տնտեսավարողներին ու ներդրողներին:

Պաշտպանության ոլորտում ընթացքի մեջ են «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի կայացմանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված՝ իրենց ծավալով եւ խորությամբ աննախադեպ բարեփոխումները:

ԵՄ եւ ԵՏՄ հետ միաժամանակյա եւ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ՝ ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման եւ բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր:

Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային եւ մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան:

Անշուշտ, աննախադեպ ծավալ եւ խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձեւավորած կարծրատիպերից եւ հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ:

Հանրային վստահությունը սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ Սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել  առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափը հաղորդել երկրի զարգացմանը եւ սոցիալական արդարության միջավայր ստեղծել: Հարկ է արձանագրել, որ բարեփոխումների հանդեպ դեռեւս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, եւ երկրի զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում:

Այս առումով անհրաժեշտ է՝

Հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ու լավատեսություն ձեւավորելու նպատակով՝ գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:

Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն:

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության, պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքներով ապահովել կառավարության, վարչապետի եւ նախարարների սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների եւ պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումը: Հետագայում անդրադառնալ կառավարության կառուցվածքն էականորեն օպտիմալացնելու խնդրին:

Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ:

Հստակեցնել Հայաստանի տնտեսական կարգի սահմանադրական հիմք հանդիսացող սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բեւեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձեւավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ: 

Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կառավարության ծրագրում ամրագրված նպատակների կենսագործման ուղղությամբ՝ աղքատության 12 տոկոսով նվազեցում, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավում, սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձեւավորում, պարենային ինքնաբավության մինչեւ 75 տոկոսի ապահովում:

Անհրաժեշտ է գործնական քայլերով թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն:

Վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսաապահովման նվազագույն պայմանների ապահովումը եւ գնաճի ազդեցության մեղմումը:

Ձեւավորել պետական ռազմավարական անհրաժեշտ պաշարներ քաղաքացիներին աղետներից եւ սոցիալ-տնտեսական ռիսկերից ապահովագրելու համար:

Հասնել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, որպես մեկ միասնական հայության ամբողջացման՝ հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծմանը:

Նիստի վերջում առաջարկվեց, որ կառավարման նոր համակարգի ներդրումից հետո ճիշտ կլինի, եթե քաղաքական կոալիցիան համատեղ ամփոփի գործունեության մեկ տարվա արդյունքները եւ դրանք ներկայացնի Հայաստանի քաղաքացիներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ