26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հասարակությունը, անձը պիտի որոշի՝ տվյալ պաշտոնին համապատասխանում է, թե ոչ»

ՀՀ կառավարությունը վերջին նիստում փոփոխություններ կատարեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով, որով ստեղծվեց առաջին փոխվարչապետի հաստիքը: Անմիջապես հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, թե այս պաշտոնը ստեղծվել է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի համար, քանի որ ապրիլից վարչապետ է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Henaran.am-ի հետ զրույցում նման քննարկումներ անողներին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհուրդ տվեց ընդամենը Սահմանադրությանը ծանոթանալ:

 «Պետք է այդպես մտածողներին վստահեցնեմ՝ այս փոփոխություններն ամենևին  կապված  չեն անձերի հետ, անձերը կարող են տարբեր լինել, կարող են բազմազան ու բազմադեմ լինել, բայց երբ որ պետության ներսում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, դրանք տեղի են ունենում երկրի կարևոր օրենքին համահունչ, և սա այդ դեպքերից մեկն է»: Ըստ նրա՝ որևէ բան փնտրել, թե ինչ-որ բան փոխում են ինչ-որ անձերի համար, միամտություն է:

Պատգամավորը հիշեցրեց՝ պետք է արդեն ապրիլից ամբողջովին անցում կատարենք խորհրդարանական համակարգին. նախագահի ընտրություն է լինելու մարտին, որին հաջորդելու են բազմաթիվ փոփոխություններ, ապա և վարչապետի ընտրություն:

Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետի պաշտոնում ով է լավագույն թեկնածուն, արդյոք ինչպես շատ ՀՀԿ-ականներ Եսայանն էլ է գտնում, որ նախագահ Սարգսյանն է այդ թեկնածուն, նա ասաց. «Միանշանակ ես համաձայն եմ, և ես դրա մասին դեռ 2015-ին եմ ասել, ոչ թե հիմա եմ ասում: Բայց էլի եմ ասում՝ ոչ թե պաշտոններն են համապատասխանեցվում անձերին, այլ անձը պետք է իր գործունեությամբ, իր աշխատանքով, ապրած կյանքով այնպիսին լինի, որ իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունն ինքը որոշի` տվյալ անձը  տվյալ պաշտոնին համապատասխանում է, համահունչ է, թե ոչ: Մինչդեռ  դուք ելնում եք հակառակ տրամաբանությունից, երբ անձերն են համապատասխանեցվում պաշտոններին»:

Հարցին, թե այդ դեպքում ինչ է սպասվում Կարեն Կարապետյանին,  Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը շատ լավ է աշխատում որպես վարչապետ, ներկայանալի է, բայց մենք կուսակցությունում դեռ որոշում չունենք, թե ով է լինելու վարչապետ, և այլ պաշտոններում, նման  քննարկումներ կուսակցությունում տեղի չի ունեցել, եթե տեղի ունենա, և իմ կարծիքը հարցնեն, վստահաբար կասեմ, բայց նաև մի բանում վստահ եմ, որ բոլոր այն պետական, քաղաքական գործիչները, ովքեր ՀՀ անկախության տարիներից ի վեր կայացման գործընթացում իրենց դերակատարությունն ունեցել են, նրանք վստահաբար պետք է շարունակեն պաշտոնավարել, և պաշտոնի անունը այս դեպքում ինձ համար քիչ կարևոր է»:    

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ