15 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2018

Ո՞վ է դիմել, որ Ոստիկանությունն էլ իր պարտականությունը պատշաճ չի կատարել. Ալիկ Սարգսյան

ալիկ սարգսյան

«Ժողովուրդը խնդրով Ոստիկանության դիմող մարդուն «գործ տվող» է անվանում, հենց այս հիմար մոտեցումն է, որ ծնում է հանցագործություններ, բայց հետո անունը դնում են, թե Ոստիկանությունը վստահելի չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ խոսելով 2018 թվականի ակնկալիքների մասին՝ կապված ոստիկանության աշխատանքի հետ:

«Միայն առաջնորդվում են նրանով, որ եթե Ոստիկանությանը վստահեին, ապա կդիմեին, իսկ ո՞վ է դիմել, որ Ոստիկանություն էլ իր պարտականությունը պատշաճ չի կատարել: Չեն դիմում, գնում են ինքնադատաստանի, իրար վրա կրակում, նոր ասում միայն Ոստիկանության մեղքն է, որովհետև չի կանխել: Ժամանակ է հարկավոր, որ մարդիկ գան գիտակցության, որ ինքնադատաստանը վատ երևույթ է, քանի կա 2 խմբավորումների գաղափարը, իրար մեջ պարզելու գաղափար, ապա նման երևույթներ միշտ լինելու են»,- ընդգծեց Սարգսյանը: 

Հարցին, եթե մարդիկ իսկապես իմանային, որ իրենց կատարած հանցագործությունը բացահայտվելու է և խիստ պատիժ են ստանալու, կամ եթե լիարժեք վստահեին Ոստիկանություն կգնայի՞ն ինքնադատաստանի ճանապարհով, նախկին ոստիկանապետը պատասխանեց.«Իհարկե, կգնային՝ հաշվի առնելով այսօրվա իրավիճակը: Եթե մոտեցումը նման երևույթների նկատմամբ չի փոխվում, եթե դրանց նախածնող պատճառները մենք բոլորս չհարթենք, իհարկե, կլինի: Բայց, եթե 2 հոգի իրար հետ ֆինանսական կամ այլ խնդիր են ունենում ու փորձում լուծել, բայց չեն կարողանում ու իրենց մենթալիտետն էլ այն է, որ Ոստիկանությանը դիմելը սխալ է, ուրեմն նման երևույթներ կլինեն»,- շեշտեց նա:

Հանրապետական պատգամավորը նկատեց, որ զարգացած եվրոպական երկրներում ինքնադատաստանի երևույթը գրեթե վերացել է, քանի որ, եթե 2 հոգի ֆինանսական կամ այլ խնդիրներ են ունենում, լուծում են դատարանների կամ իրավապահ մարմինների օգնությամբ:

«Պետությունն ու այս բարքերը օրգանիզմի նման են, քանի որ, եթե օրգանիզմում մի հիվանդ տեղ կա, մնացած օրգաններն սկսում են պայքարել, որ այս օրգանը վերականգնվի: Կարծում եմ՝ այս հիվանդ կետն էլ օրգանիզմի մյուս օրգանների լավ աշխատանքի պարագայում կկազդուրվի, ճնշման տակ բնական գործունեության կանցնի»: 

Ալիկ Սարգսյանը նկատեց, որ հասարակությունը ցանկացած իրադարձության դեպքում՝ վթարներ, սպանություն, գողություն, մեղադրում է ոստիկանությանը: Նա հորդորեց հասարակությանը նման տիպի հանցագործությունների ամբողջ մեղքը Ոստիկանության վրա չբարդել, քանի որ հանցագործությունների հիմքերը բավակնին լուրջ ու այլ են:

«Դրանց դեմ բոլոր պետք է պայքարեն, ինձանից սկսած, ձեզանից ու հասարակությունից վերջացրած, մենք պետք է ցույց տանք մեր բացասական գնահատականն այդ երևույթների նկատմամբ: Ամեն բան մեկը մյուսի հետ շաղկապված է, հիմա նայեք, թե ինչ ագիտացիա է տարվում, նայեք, թե ինչ ֆիլմեր են  ցուցադրվում: Օրինակ՝ ԱՄՆ-ում ֆիլմեր կան, որ չեն ցուցադրվում, բայց ՀՀ-ում ակտիվ պրոպագանդվում է, հեղեղված է, իսկ սրա դեմ չեն պայքարում: Ոստիկանությանը բոլորը մենակ են թողել այս պայքարի մեջ ու միայն նրանցից են պահանջում՝ ասելով, եթե հանցագործություն եղավ դուք եք մեղավոր, չեղավ էլի դուք էլի մեղավոր, միշտ Ոստիկանությունն է մեղավոր»,- նշեց Ալիկ Սարգսյանը:

 

 

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ