Մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում. Շարմազանով
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/01/23772201_1472467389468406_933366535_n.jpg)
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ հենց պառլամենտական համակարգում շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ արդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը: «Սակայն օրենքը չի սահմանափակում իրականացնել երթեր, ակցիաներ, «Ելքի» իրավունքն է իրենց այդ իրավունքն օգտագործելու եղանակն ընտրելը: Փողոցային պայքարը՝ երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ են և արդյունավետ չեն, ավելի արդյունավետ է բովանդակային ու խորքային քննարկումը: Սա իմ կարծիքն է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ խոսելով «Ելքի»՝ վաղվա երթից մասին՝ ընդդեմ թանկացումների:
Շարմազանովը նկատեց, որ հունվարի 23-ին էլ լինելու են խորհրդարանական լսումներ, ակնկալում են քննարկում, բացի այդ վարչապետն էլ երեկ շատ հստակ ու կոնկրետ մասնագիտական գնահատական է տվել: «Բայց եթե գտնում են, որ սպառված է պառլամենտի ներսում որևէ բան քննարկելու ճանապարհը, ես այդ կարծիքին չեմ, միանգամից չէ, որ պետք է բոլոր համաձայնությունների գանք:
Բայց ինձ ուրախացնում է, որ «Ելքի» մեր գործընկերները բացառում են իշխանափոխության այլ ճանապարհ, քան ընտրություններն են: Սա նշանակում է, որ մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում, և մեր գործընկերները չեն գնում ռադիկալ ճանապարհով:
Անկախ նրանից, որ ունենում ենք անհամաձայնություններ, ես դրական եմ գնահատում բոլոր հարաբերություններն, այս պառլամենտում մենք աստիճանաբար քայլ ենք կատարում դեպի ամբողջական երկխոսության ընդդիմության և իշխանության միջև»,-եզրափակեց նա: