26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավտոմեքենա ներկրողները խնդրի առաջ են կանգնել․ աջ ղեկով մեքենաները չեն վաճառվում

Աջ ղեկով մեքենաների վարորդները տոնական օրերից հետո պատրաստվում են բողոքի ցույցեր անցկացնել։ Վերջիններս դիմելու են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Օրերս այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել էր «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատրյանը։
 Նա իր խոսքում նշել էր, որ տրանսպորտի նախարարությունն արձագանքել է իրենց առաջարկներին, սակայն պատասխանը իրենց չի գոհացնում։
 Կառավարությունը մոտ չորս  շաբաթ առաջ իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը: Ըստ վերոնշյալ նախագծի՝ ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվի, բայց փոխարենը կարգելվի դրանց վերահաշվառումը՝ այսինքն աջ ղեկով մեքենան հնարավոր չի լինի վաճառել։
Որոշման նախագծում ասված է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը որոշում է.
2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվողները, բնականաբար, խնդրի առաջ են կանգնել․ նրանց ներկրած աջ ղեկով մեքենաները մարդիկ չեն ուզում գնել խնդիրներից խուսափելու համար։ Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց մեքենաների ներկրմամբ զբաղվող ԱՁ Ջոն Խաչատրյանը։
«Մոտավորապես 50-60 աջ ղեկով մեքենա Հայաստանում ունեմ, 40-50 մեքենա էլ շուտով Հայաստան կհասնի, ճանապարհին է։ Այդ մեքենաները, իհարկե, մինչև ապրիլ ամիսը Հայաստան կհասնեն, բայց մենք խնդրի առաջ ենք կանգնել․ աջ ղեկով ավտոմեքենաների վաճառքը այս պահին կանգ է առել, քանի որ այդ մեքենաները գնորդներին չեն հետաքրքրում։ Երբ այս օրենսդրական նախաձեռնության մասին խոսակցությունները տարածվեցին, մարդիկ զգուշավոր դարձան․ խուսափում են աջ ղեկով ավտոմեքենա գնել, քանի որ մտածում են՝ գուցե, հետագայում չկարողանան անվանափոխություն անել», – նշեց Ջոն Խաչատրյանը։
 
Վերջինս ընդգծեց՝ բոլոր ավտոմեքենաների պարագայում չէ, որ հնարավոր է աջ ղեկը փոխել և մեքենան դարձել ձախ ղեկով, այնպես որ, այդ տարբերակն էլ չի օգնի խնդրին լուծում տալու համար։
 
«Մեքենաներ կան, որ դրանց ձախ ղեկով տարբերակը չկա․ այդպիսի շատ մեքենաներ կան։ Այս նախագիծը պետք է դուրս մղել։ Միանգամից որոշվեց, հայտարարվեց, որ այդպիսի նախագիծ կա, բայց այս նախագիծն ընդունելի չէ․
մենք հիմա մենք այսպիսի իրավիճակում ենք հայտնվել․ մեզ մոտ եղած մեքենաները վաճառել չենք կարողանում», – նշեց Ջոն Խաչատրյանը։
 
Մեր հարցին՝ այսինքն՝ մտավախություն կա, որ աջ ղեկով ավտոմեքենաները չե՞ք կարողանա իրացնել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո՛, այդպես է ստացվում։ Իսկ այն մեքենաները, որոնք ճանապարհին են, շուտով Հայաստան են հասնելու․ հնարավոր չէ գործընթացը կասեցնել, քանի որ արդեն մուծումներն արված են», -եզրափակեց Ջոն Խաչատրյանը։
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ