26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վախ, որովհետև ավելի լավ է կռանալ … »

Տարօրինակ մի զուգադիպությամբ, կամ՝ օրինաչափությամբ, վերջին տարիների մեր հաղթական քաղաքացիական շարժումներն, ըստ էության, ավարտվում են…պարտությամբ: Պարտությամբ՝ թե՛ որպես պարտություն իրականության մեջ, թե՛ որպես բարոյահոգեբանական երևույթ, թե՛ որպես անկումային տրամադրությունների ծավալում: Արդյունքում՝ դեպի զարգացում, դեպի իրականության փոփոխություն, դեպի նորի կառուցում ձգտող ուժը, էներգիան, զանգվածը դառնում է եղածի պահպանության երաշխավոր, առաջընթացի արգելք, զարգացման կասեցում ու մենք դառնում ենք զարգացմանը դեմ գնացող հասարակություն:

Հակասական է՞ իրավիճակը, անհասկանալի է՞ երևույթը, առեղծվածային է՞: Այո: Դավադրության տեսությունների սիրահարների համար գուցե՝ ոչ: Իրականում այո:   

Հայոց պատմության փորփրումն էլ, կարծես, նույն զուգադիպությանն է բերում, կամ՝ նույն օրինաչափությանը, բայց թողնենք պատմությունը: Այսօրվա մասին խոսենք ու՝ ապագայի: Աշխարհում բոլորը խոսում են ապագայի մասին, նույնիսկ ապագայագիտություն՝ ֆուտուրոլոգիա, մասնագիտություն կա:

Սխեմատիկ մի բնականոնություն է մտել կարծես այս անբնական տրանսֆորմացիայի՝ փոխակերպման, մեջ:

Երբ սկսվում է որևէ ուժեղ քաղաքացիական շարժում, բնականորեն, հասարակության մի ստվար զանգված, երբեմն՝ նույնիսկ հզոր զանգվածներ, գնում են այդ շարժմանը համընթաց, հիմնականում չխորանալով շարժման էության մեջ, չքննարկելով բնույթը, նպատակը, խնդիրը, լուծումը, կյանքի որակի փոփոխության հարցը և այլն: Դա չի մտնում զանգվածի հոգեբանության մեջ:

Հետո անմիջապես (անմիջապե՜ս) հայտնվում են վերլուծաբաններ, փորձագետներ (փորձագետնե՜ր), գրեթե միշտ նույները, որոնք ամե՜ն ինչի փորձագետ են միաժամանակ. ընտանեկան բռնությունից մինչև սեռական փոքրամասնություններ, մեծամասնություններ, միասեռականներ, բազմասեռականներ, արցախյան խնդրից մինչև Պուտինի, Թրամփի, Մակրոնի, Մերկելի ու աշխարհի մյուս մեծ խաղացողների հեռակա ծրագրեր, Սաուդյան Արաբիայի նպատակներից մինչև Ասադի ու Էրդողանի երազներ, լեզվական մտասևեռումներից մինչև պատվաստումներ ու հորմոններ և այդպես շարունակ:

Փորձաքննում ու վերլուծաբանում են տարբեր հեռուստաընկերություններում, երբեմն՝ մի քանիսում միաժամանակ ու բոլոր խնդիրների շուրջ մասնագիտական նույն՝ գիտակության գերադրական աստիճանով, ակտիվանում են սոցիալական մեդիայում, իշխանությունների ու ընդդիմության հետ (ընդդիմությա՜ն) զբաղվում են քաղաքացիական շարժմամբ ու … խնդիրը մնում է ելման դիրքում, իրավիճակը չի փոխվում, մնում է նույնը և դա ընկալվում է որպես հաղթանակ: Հաղթանակ, որն իրականում… պարտություն է:

Մի քանի օրինակ միայն:

Երբ առաջացավ երթուղային տրանսպորտի 100 դրամը բարձրացնելու հարցը, առաջացավ նաև «Ոչ 100 դրամին» շարժումը: Հզոր շարժումը, թերևս: Շարժում, որը վախի մեջ պահեց ավելի քան քսան տարի բեռնատարներով (կա՞ որևէ մեկը, որն համոզված է «Գազելի» մարդատար լինելու մեջ) կռացած երթևեկող հասարակությանը: Վախ, որովհետև ավելի լավ է կռանալ 100 դրամի դիմաց, քան՝ 200-ի, կամ 300-ի: Հասարակության վախը մոբիլիզացրեց ալտրուիստ հայտնիներին: Նրանք նույնիսկ թողեցին իշխանական, օլիգարխիկ հեռուստաընկերություններում իրենց շոումենությունը, թողեցին հաղորդավարություններն ու վախեցած հասարակությանն սկսեցին սպասարկել իրենց թանկարժեք ավտոմեքենաներով:

Ավելին՝ պատրաստակամություն հայտնեցին կյանքի գնով անգամ պայքարել հասարակությանը կեղեքող իշխանության դեմ, ինքնահրկիզվել, եթե հարկ լինի: Հետո՞: Հետո 100 դրամը մնաց: Հետո հայտնիներն ազգային հերոսի պատմուճանով վերադարձան իրենց իշխանական, օլիգարխիկ հեռուստաընկերությունները՝ փորձագետների (փորձագետների՜) հետ քննարկելու իրավիճակը:

Նույն փորձագետների, որոնք ժամեր առաջ «սատկացնում» էին Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին:  Ալտրուիստության, սեփական թանկարժեքներով «խալխին» տեղափոխելու վեհ գործի մասին մոռացան ու շարժումը… հաղթեց: «Խալխը» մնաց 100 դրամով կռանալու իր բանին:

Կարո՞ղ էր արդյոք շարժումից ձևավորվել ուժ, միավոր, խումբ և այլն, որը կարող էր, օրինակ, համոզել հասարակությանը՝ համաձայնվել, ենթադրենք, 200 դրամին, եթե իշխանություններն օր առաջ առաջարկեն տրանսպորտային ժամանակակից հանգույցների, ժամանակակից երթուղիների, մետրոյի զարգացման ծրագրերի, ավտոբուսային պարկի մեծացման լուծումներ: Աշխատեին, ճգնեին, հրավիրեին մասնագետների, ներգրավեին ուսյալ երիտասարդների, եվրոպաներից կանչեին կրթվող մարդկանց: Այո, զանգվածային պարտադրանքի ուժով: Կա՞ն մոդելներ: Կան:

Կարող էր, բայց մեր կռացած երթը «Ոչ 100 դրամին»-ի հաղթանակից հետո շարունակվում է շուտով արդեն հինգ տարի:

Անշուշտ, ավելի հեշտ է խելոք դեմքով ու մատների արտիստիկ շարժումներով քննարկել, թե ինչ երաժշտություն է հարկավոր լսել երթուղայինում, ցույց տալ դասականասիրության քո բնածին հակումը, քան պարտադրել որոշում՝ արգելելու որևէ կարգի երաժշտություն ու հետևել պետական կարգավորող արգելքի կատարմանը: Ավելի հեշտ է ծաղրել շաբաթներով չլողացող վարորդին, քան պարտադրել, որ վարորդների համար հավաքակայաններում լինեն, օրինակ ցնցուղարաններ ու՝ ընդհանրապես լինեն քաղաքակիրթ հավաքակայաններ և այլն:

Օրեր առաջ թրենդային էր ընտանեկան բռնությունը:

Այս անգամ հայտնիները չթողեցին շոումենությունը՝ փողի խնդիրը գերադասելով ընտանիքներում ծեծվող կանանցից ու երեխաներից: Բայց փորձագետները (փորձագետնե՜րը) կային: Նույն արտիստիկ դեմքերով, նույն դեմքի խելոք արտահայտությամբ քննարկեցին հայ կնոջ բարոյական կերպարը, հայ տղամարդու «հայուգենային» արժանապատվությունը, հայ երեխային «այդ ոչ ու փուչ» ամերիկաների ու եվրոպաների դռները չհասցնելը ու հայրական ապտակի մասին անպտուղ խոսք ու զրույցի նյութով…հաղթեցին, հարյուրավոր մարդկանց պարտադրելով հավատարիմ մնալ իրենց խեղված ճակատագրերին ու չփորձել փոխել այդ ճակատագիրը:

Ի՞նչ իրավունք ունեն նրանք մարդկային կյանք ունենալու, եթե հայտնի չեն, եթե փորձագետ չեն, եթե ֆեյսբուքում չորս հազար «ֆռենդ» չունեն ու թվիթերում չեն «թվիթում»: Ոչ մի զարգացում, կամ զարգացման հույս անգամ:

Հաղթում ենք, որ մնանք… պարտված:

Այսօր էլ տարկետումը:

Հիմա էլ պատկերացնում ե՞ք…. տարկետումը խոչնդոտում է գիտության զարգացումը Հայաստանում: Երիտասարդների մի խումբ պայքարում է հանուն գիտության:

Պետք է ենթադրել, որ առայսօր մենք ենք թելադրել աշխարհի գիտության խաղի կանոնները ու եթե հանկարծ…:

Նորից փորձագետները (փորձագետնե՜րը), այսօր արդեն երիտասարդների կողքին, բանակի ու գիտության հարցերում գիտակ, խնդիրներում՝ խորամուխ, Հայաստանի կործանման ու արդարության տեսլականներով, բանակի հզորացման ու զինվորի պահպանման բանաձևերով: Փորձագետներ, վերլուծաբաններ, տեսաբաններ: Նաև պատգամավորներ, որոնք նաև փորձագետ են, վերլուծաբան, տեսաբան: Առավոտյան մի եթերում՝ բանակի ու զինվորի, երեկոյան մեկ այլ եթերում՝ Հայաստանի առաջին Հանրապետության մութ ու լույսի, կեսօրին մի երրորդ եթերում՝ դեռահաս աղջիկների պատվաստման ու հորմոնների վերլուծություններով:

Ի՞նչ պարտադիր է լրջագույն քննարկումներ, լսումներ պարտադրել, կազմակերպել, լուծման առավել արդյունավետ ուղիներ առաջարկել, մոդելներ առաջարկել, առաջ գնալու ծրագրեր առաջարկել: Պարտադրել, օրինակ, իշխանությանը, օր առաջ պետական պաշտոններից հեռացնել բանակում չծառայածներին և այլն: Եթե հարկ է, այո, զանգվածային ճնշմամբ: Ոչ, պարտադիր չէ: Եթերը կա, Իսրայելը կա, եթե բանակ է, եթե տնտեսություն՝ Սինգապուրը: Ու վերջ: Ու «պայքարում ենք», որ ամեն ինչ թողնենք նույնը, որ հաղթենք…պարտվելով:

Տարկետումը որևէ առնչություն չունի, կարծում եմ, գիտության զարգացման հետ: Այս պնդումը եթե պատեհապաշտական չէ, ապա՝ նաիվ է: Համարենք՝ նաիվ: Այլ տեղ է պետք փնտրել գիտության չզարգացման պատճառները, եթե, իհարկե, չի զարգանում գիտությունը: Իսկ, գուցե զարգանո՞ւմ է, որովհետև Հայաստանից շատ երիտասարդներ են՝ երեսունն անց մարդիկ, հետաքրքիր արդյունքներ գրանցում գիտության մեջ, նաև՝ համաշխարհային, շատ երիտասարդներ են հետաքրքիր գիտական ուսումնասիրություններ, հայտնագործություններ անում, շատ երիտասարդներ են դոկտորականներ պաշտպանում աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստանում աշխատելով և այլն:

Ուրիշ խնդիր է, որ այդ մասին չկա հանրային խոսակցություն, հանրային տեղեկացվածություն: Հանրայինի համար կարևորը շոուն է: Իսկ եթե նկատի ունենք, որ 80-նն անց ակադեմիկոսներն այլևս գիտական շենշող հայտնագործություններ չեն անում, ի՞նչ է, պետք է անեի՞ն:

Ի վերջո, որտեղից ե՞ն հայկական հավակնությունները, որ հայ գիտնականները պետք է Նոբելյան մրցանակ ստանան առնվազն երկու տարին մեկ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պետք է աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնա «կակ մինիմում», (միայն ֆուտբոլինը, ոչ վոլեյբոլինը, ոչ լողինը, ոչ բասկետբոլինը), հայկական ֆիլմն անպայման պետք է «Օսկար» բերի, կամ գոնե՝ Կաննում ֆուրոր անի և այլն:

Կարելի է՞ այսպիսի երազներ ունենալ: Անշուշտ: Պարտավոր ե՞նք այսպիսի նպատակներ ունենալ: Անշուշտ: Ինչպես Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի Ուոլքերի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտն ու  Թավթսի համալսարանի միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցն ավարտած հրաշալի երիտասարդ գիտնական Արթուր Աթանեսյանն է ասում. «Մենք պատրա՞ստ ենք աշխատել գերմանացիների նման, կարգապահ լինել, մենք պատրա՞ստ ենք չինացիների նման աշխատել մի ափսե բրնձի համար անվերջ ժամանակահատվածում: Եթե պատրաստ ենք, ապա կարող է և ստանանք այնպիսի պետություն, ինչպիսին Գերմանիան է կամ Չինաստանը: Եթե պատրաստ չենք գնալ նույն ճանապարհով, ապա նույն տեղը չենք հասնի»:   

Տարկետումը գիտության զարգացման հետ աղերս չունի: Գուցե որոշ դասախոսների կյանքի որակի հետ աղերս ունի, որովհետև կորցնում են «իրենց» ասպիրանտներին, բայց գիտության զարգացման հետ աղերս չունի:

Բացառություններ կա՞ն: Կան, անշուշտ: Աշխարհն առանց բացառությունների չի լինում, ու եթե «բացառություն» ասպիրանտ ունեցողներ կան և «բացառություն» դասախոսներ, բնականաբար, նրանց մասին չէ խոսքը: Եվ, կարծեմ, տարիներ շարունակ բացառությունների համար որևէ խնդիր չի եղել:

Խորհրդային Հայաստանը հազարներով թեկնածուներ ուներ այս կամ այն գիտությունից: Ո՞վ կարող է ցույց տալ այդ հազարավորների գիտական մտքի արգասիքը: Նրանց մեջ նույնպես կայի՞ն բացառություններ: Այո, կային: Իսկ մնացյալը գրագետ մարդիկ էին, մի քիչ ավելի կարդացած, մի քիչ՝ ավելի պակաս, մի քիչ ավելի չարչարված «դիսերտացիայի» վրա, մի քիչ՝ ավելի քիչ: Այսօր էլ բազում «դիսերտացիա» պաշտպանած, մի քիչ ավելի կարդացած մարդիկ կան, որ բազում համալսարանների հաստիքացուցակներում գիտություն են փոխանցում: Եվ ի՞նչ:

Այս օրերին շատ խոսվեց նաև 1997-ին Վազգեն Սարգսյանի՝ տարկետման վերացման խնդիրը խորհրդարան բերելու և դրանից հրաժարվելու մասին ու ինչպես միշտ, խոսվեց նրանց կողմից, որոնք 97-ին առնվազն դպրոցական էին: Ոչինչ, որ խոսվեց հաստատակամորեն ու վստահ, բայց որպեսզի ամեն ինչ շատ ավելի պարզ լինի, ուղղակի կարդացեք Վազգեն Սարգսյանի ելույթը. («Ոգու փորձություն», 2000թ.էջ՝ 261):

Նախ Վազգեն Սարգսյանը հրաժարվեց, ուղղակի քաղաքական ճգնաժամ չհրահրելու համար: Խորհրդարանի նախագահը վստահության քվեի հարց էր դրել և այլն: Ովքեր գիտեն՝ գիտեն:

Բայց Վազգեն Սարգսյանը լրջագույն խնդիրներ է բարձրացնում բանակի ու հասարակության հետ կապված, արդարության ու հավասարության հետ կապված, բարոյականության հետ կապված, քաղաքականության հետ կապված, պաշտպանունակության հետ կապված, բանակի ու պետության հետ կապված:

Ներկայացնում է լրջորեն, մտահոգությամբ, խորությամբ ընկալելով, գիտակցելով, զգալով: Բերում է թվեր, տվյալներ, փաստեր, նկարագրում է իրավիճակներ, իրադրություններ: Խոսում է կրթական համակարգի՝ հատկապես դպրոցական կրթական համակարգի մասին, ռազմական կրթության մասին, բուհական կրթության մասին, խոսում է զինվորի ու սպայի հարաբերությունների մասին, ուսյալ զինվորների, ժամանակավոր սպաների ու կոչումով սպաների մասին, մթնոլորտի մասին և այլն:       

Ինչո՞ւ չի կարելի այս ելակետերից մոտենալ պաշտպանության այսօրվա նախարարի առաջարկներին, պահանջել վերլուծություններ, ուսումնասիրություններ, թվեր, տվյալներ: Այդ թվում և փակ քննարկումներում, ոչ հեռուստաէկրանների, ոչ եթերի համար: Կներեք, բայց նողկալի է, երբ, նույնիսկ արդարության ու հավասարության տեսանկյունից, միայն խոսելու համար են խոսում 14 տարեկանից իրենց որդիներին Հայաստանից փախցնող հայրերից, նրանց որդիներից, խոսում են արտագաղթից՝ հիմք ունենալով ընդամենը սեփական մորքուրի բաջանաղի ճակատագիրը, խոսում են բանակի ծանր պայմաններից: Սա նույնքան նողկալիորեն է նայվում, որքան իշխանությունն իր հրեշավոր այլանդակություններով: Այստեղ նույնքան անվստահություն կա, որքան իշխանության նկատմամբ: Եվ ոչ մի տարբերություն:

Գուցե ավելի լավ առաջարկնե՞ր է պետք անել: Գուցե համարձակորեն պետք է գնա՞լ դպրոցական ցավոտ ռեֆորմի՝ գոնե այդ մակարդակում կրթված զինվոր ունենալու համար: Գուցե պետք է անցնել սպայական կրթության այլ մոդելների՞: Գուցե համարձակորեն պետք է գնալ եթերային կոշտ ռեֆորմի՞, որովհետև հայկական հեռուստաեթերն իր բովանդակությամբ, լեզվով, կեցվածքով, ուղերձներով, թելադրանքով դարձել է ազգային անվտանգության մեծ ու լուրջ սպառնալիք: Ավելի մեծ, քան հարևան երկիրը: Գուցե առողջապահությունն ու սոցիալական ոլորտը գլխիվայր բարեփոխելու է՞ պետք գնալ: 

Ի վերջո, փորձագետները, վերլուծաբանները, տեսաբանները, եթե այդպիսիք են ու առավել ևս՝ նաև պատգամավոր, հենց դրա համար են:

Իսկ ո՞ւմ է սա հետաքրքրում, եթե կա Մեդիան ու վատ վիճակը:  

Այս շարժումն էլ գուցե հաղթական ավարտ ունենա՝ մնանք նույն տեղում, նույն իրավիճակում, ինչում կանք՝ տարկետվողներով, բանակից խուսափողներով, զարգացող գիտությամբ և այլն: Այս շարժումն էլ գուցե այսպիսի պարտությամբ հաղթանակի:

Իր հայտնի ելույթում Վազգեն Սարգսյանն ասում է. «…Ես այս օրենքի համար կարող էի ուղղակի այսօր այստեղ չգալ և այստեղ չպաշտպանել, որովհետև շատ լավ գիտենք, որ ընդամենը 2-3 ամիս հետո դուք ինձ կանչելու եք և ասելու եք, թե օրենքդ բեր և անցկացրու այստեղ: Ես համոզված եմ, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում հարևան պետությունում այս օրենքն ընդունվելու է, բայց ես չեմ ուզենա, որ մենք գնանք հարևան պետության ետևից, ես կուզենայի, որպեսզի հասարակությանը ցույց տանք, որ մենք այս քայլն արեցինք ոչ թե ստիպված, այլ արեցինք, որպեսզի սոցիալական, բարոյական արդարություն պահպանենք հանուն իրենց, և ոչ թե՝ հանուն պատերազմի»:

Սոցիալական, բարոյական արդարության մեծ, անչափելի մեծ պակաս կա նաև այսօր: Գուցե ավելի՝ քան կար: Կոռուպցիայի մեծ, անչափելի մեծ սահմաններ կա նաև այսօր: Գուցե ավելի՝ քան կար:

Բայց արդյոք եղածը պահպանե՞լն է եղածից ազատվելու միակ ու բացառիկ ճանապարհը:

Հիմա չհիշե՞մ Հրանտ Մաթևոսյանին, որ ասում էր. «… բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։ Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս`1000-ը խնայես, մի գյուղ տաս`1000-ը պահպանելու համար։ Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս…»:     

 

Արայիկ Մանուկյան

Աղբյուրը՝ thearmenians.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ