18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար. Ժամանակ

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի թերևս առանցքային գործնական նպատակը իրականում կապ չունի այն հռչակագրերի հետ, որոնք ներկայացվում են այդ հարթակում արդեն երկու օր շարունակ: Ընդ որում, ներկայացվում են մեկը մյուսից գայթակղիչ ու հետաքրքիր հեռանկարներ, հատկապես Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում:

Այդ ամենը սակայն որևէ աղերս չունի իրականության հետ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխող համակարգի հիմնարար հարցը՝ իշխանության դե յուրե լծակների, պատասխանատվության և կապիտալի բաշխվածության հարաբերակցության հարցը, որն այլ կերպ կարող ենք որակել իշխանության հարց: Ահա հենց այդ հարցում էլ իր գործնական նշանակությամբ դիտարկվում է Հայաստան-Սփյուռք համաժողովը Հայաստանի իշխանության համար պայքարող սուբյեկտների շրջանակում: Այլ գործնական նշանակություն այն չունի, այլապես ունենալու պարագայում Սփյուռքի հետ հարաբերության կառուցման գործողությունները կունենային բոլորովին այլ բնույթ և տրամաբանություն:

Բանն այն է, որ Սփյուռքն ինքնին չափազանց մեծ տարածական երևույթ է, մեծ ու բազմաշերտ, բազմաբնույթ, բազմամշակույթ: Այն չափազանց մեծ է որևէ համաժողովի, և առավել ևս այդ համաժողովի օրակարգ ներկայացված համահայկական խորհրդի մեջ պարփակվելու համար: Սփյուռքը չի կարող տեղավորվել այդ կառույցներում: Սփյուռքի տեղավորվել է աշխարհում և միակ կառույցը, որ կարող է աշխատել այն լայն, տարածական երևույթի հետ առավելագույն արդյունավետությամբ, դա հայկական պետականությունն է:

Հայկական պետականությունը կա, և դրան զուգահեռ սփյուռքյան կամ համահայկական այլ կառույցների ստեղծումն ընդամենը պետականության անարդյունավետությունն ինչ որ կերպ ծածկելու փորձ է, կամա թե ակամա: Այդ փորձը չի օգնելու, եթե չի բարձրացվում պետականության արդյունավետությունը, իսկ այդ կառույցները արդյունավետություն բարձրացնել չեն կարող, որովհետև դրանք հենց անարդյունավետության հետևանք են: Սակայն բանն այն է, որ համահայկական խորհրդի ստեղծումը, Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացումն ունի հենց ոչ թե համապետական և համազգային, այլ զուտ իշխանական, ներիշխանական, ներհամակարգային ֆունկցիոնալ նշանակություն:

Համահայկական խորհուրդը լինելու է Հայաստանում նոր իշխանության ձևավորման գործընթացի բևեռներից մեկը: Դա անկասկած է: Այդ գործընթացի առանձնահատկությունն ընդհանրապես բազմաբևեռությունն է, որը հանդիսանում է նախագահի պաշտոնը թողնող Սերժ Սարգսյանի համակարգային վերամոդելավորման մեթոդաբանության առանցքը: Բևեռների մի զգալի մասը ձևավորվեցին Սահմանադրության փոփոխության ուժով:

Դրա շնորհիվ Հայաստանի իշխանությունը բրգաձև կառույցից, ըստ էության, վերածվեց բազմաբևեռ համակարգի, որտեղ միմյանց հակակշռում են խորհրդարանական և գործադիր կառույցները: Համահայկական խորհուրդը գործնականում լինելու է մեկ այլ հակակշիռ, ընդ որում ոչ միայն պետական իշխանության լծակներին, այլ նաև ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ այլ լծակի՝ Հայաստանի ներդրողների ակումբի, որը գործնականում հավակնում էր լիներ ծանրության յուրօրինակ կենտրոն:

Սերժ Սարգսյանը գործնականում չունենալով ֆինանսական այդ կենտրոնին հակակշռելու համարժեք ռեսուրս, թեև նա գտնվում էր ակտիվ որոնումներում, փորձեց հակակշռել այսպես ասած բարոյական ռեսուրսով՝ համահայկական խորհրդի միջոցով: Ինքնին կարևոր է նրա համար այդ խորհրդի ձևավորման գործընթացը: Այստեղ առանցքայինը մոտիվացիաների խթանումն է:

Բանն այն է, որ Հայաստանի ներդրողների ակումբը գործնականում մոտիվացված կապիտալիստների ակումբ է, որոնք Կարեն Կարապետյանի ձևաչափով փորձում են Հայաստանում զբաղեցնել նոր դիրքեր և դերեր: Այդ մարդկանց տնօրինած ռեսուրսն ու մոտիվացվածությունը բավականին մեծ ուժ են, և Սերժ Սարգսյանը փորձում է համահայկական խորհրդով, Հայաստանի ներքին կյանքին ներգրավվածության առաջարկներով մոտիվացնել սփյուռքյան ավելի լայն շրջանակների, ներդրողների ակումբին հակակշռելու համար:

Համահայկական խորհուրդը, անկասկած, ֆինանսական կենտրոն չէ, սակայն դրա ձևավորման գործընթացն ինքնին ստեղծում է ներդրողների ակումբի համար շոշափելի մրցակցություն, քանի որ Սարգսյանը առանցքն է փոխում: Եթե խորհրդարանական ընտրությունների շրջանում Կարեն Կարապետյանը մատուցեց Հայաստանի ներդրողների ակումբը, դրանով օրակարգային նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, ապա Սերժ Սարգսյանն այժմ մատուցում է համահայկական խորհուրդը և փոխում առանցքը, ընդ որում՝ առավել խորքային և ինստիտուցիոնալ կերպով:

Կարապետյաններին թվում էր, որ ֆինանսական կենտրոնը բավարար է Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար: Բայց Սարգսյանը մեծացնում է այդ բուռը՝ համահայկական մասշտաբով, և եթե անգամ չի կարողանում դուրս գալ դրանից, ապա մեծացնում է դրա մեջ իր մանևրի հնարավորությունը: Զուտ ֆինանսական գերակայության դերը էապես նվազում է, քանի որ Կարապետյանները նմանվում են գնորդի, որի ձեռքում փող կա, բայց չկա դրանով գնելու ապրանք, որովհետև Սերժ Սարգսյանը «պահեստավորում» է այն համահայկական խորհրդում:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ