16 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

Մեկնարկեց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը

unnamed

Այսօր պաշտոնապես մեկնարկեց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր ու լայնածավալ հայալեզու ծրագիր, որի առաջին փուլին կմասնակցի ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 110 ուսուցիչ։

Ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ (Institute of Education, University College London), և անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում:

Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ Մեսրոպ քհն. Արամյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։  

«Վերջապես սկսում ենք այս կարևոր գործընթացը։ Երբ վերլուծում ենք աշխարհի լավագույն կրթական համակարգերը, տեսնում ու բացահայտում ենք մեկ կարևոր փաստ, այն է՝ ինչպիսի ուսուցիչ ունես, այդպիսին էլ քո կրթությունն է, քանի որ ուսուցիչը առանցքային դերակատարություն ունի կրթական գործընթացում։ Մենք բոլորս սովորում ենք։ Եվ վստահաբար այն ուսուցիչը, որը դադարում է սովորելուց, դադարում է ուսուցիչ լինելուց, իսկ սովորելը շատ լուրջ, ինքնակատարելագործման արվեստ է։ Եվ մենք այսօր սկսում ենք այդպիսի գործընթաց»,- բացման խոսքում ասաց ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն․ Արամյանը՝ անդրադարձ կատարելով ծրագրում ուսուցչի դերին։

ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը շեշտադրեց ծրագրի ռազմավարական կարևորությունը պետության տեսանկյունից։ «Կրթական բարեփոխումները թերևս ամենադժվար տրվող բարեփոխումներն են, քանի որ մենք գործ ունենք մարդկանց հետ։ Մենք չենք կարող կրթության մեջ հրամանով իջեցնել, թե երեխաները կամ ուսուցիչներն ինչպես պետք է իրենց պահեն։ Մեր կրթական համակարգում մենք այսօր ունենք մոտ 1400 տնօրեն, 370 000-ից ավելի աշակերտ, 37 000-ից ավելի ուսուցիչ և 500 000-ից ավել ծնող։ Եվ այս ամենի մեջ կա երկու խումբ, որոնք առաջնային են բարեփոխումների գործողությունների մեջ. դրանք տնօրեններն են և դպրոցի ուսուցիչները՝ այն մարդիկ, որոնք այս փոփոխությունները կյանքի են կոչում։ Այդ իսկ պատճառով այն դերը, որ դուք ստանձնել եք, առաքելություն է։ Դուք հիմա դեռ քիչ եք, սակայն դա նշանակում է, որ ձեր պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քանի որ ձեր գործից և ձեր աշխատանքից կախված կլինի, թե ինչքանով արագ և ինչքան շատ մարդու հասանելի կլինի Արարատյան բակալավրիատը վաղը։ Ձեզ բոլորիդ հաջողություն, և մի՛ վախեցեք նվաճումներից»,- ասաց նա։

Այնուհետև խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ով, ողջունելով ներկաներին, ասաց ՀԲԸՄ-ի՝ ծրագրին ցուցաբերած աջակցության մասին։ «Այն ներուժը, որ ստեղծվում է այստեղ՝ Հայաստանում, «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շնորհիվ, պետք է շատ հեռու գնա, դուրս գա ձեր դպրոցների, գյուղերի ու քաղաքների սահմաններից և հասնի մեր սփյուռքի կրթօջախներին, որպեսզի այնտեղի հայ երիտասարդներն էլ, ովքեր ցանկանում են լավ կրթություն ստանալ, գնան Արարատյան բակալավրիատի դպրոց, որտեղ կստանան համաշխարհային մակարդակով ճանաչված հայալեզու կրթություն՝ հիմնված հայկական արժեքների վրա»,- ասաց նա։

«Խոր ուսումնառությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշակերտները փոխում են իրենց մտածողությունը։ Այս առումով ուսուցիչները ոչնչով չեն տարբերվում։ Մենք ուզում ենք, որ դուք ինքներդ սկսեք պատկերացնել, թե ինչ է գերազանց դասավանդումը, և առանցքային դեր խաղաք ձեր դպրոցներում ուսումնառության որակի բարելավման գործում»,- ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ավագ մասնագետ, դոկտոր Յացեկ Բրանտը, ով Հայաստան է ժամանել անձամբ ողջունելու ծրագրի ընտրական փուլերը հաղթահարած 110 ուսուցիչներին և մասնակցելու նրանց զարգացման դասընթացներին։

ԿԳԱԾ-ի շրջանակում առաջիկա տարիներին ՀՀ և Արցախի 2000 ուսուցիչ կներգրավվի մասնագիտական զարգացման ծրագրում և հավաստագրվելուց հետո իրավունք ու հնարավորություն կունենա դասավանդելու Արարատյան բակալավրիատի դպրոցներում ամբողջ հանրապետությամբ մեկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ