26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար եւ բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն եւ հանրային կառավարում ուղղություններով: «Մեծապես կարեւորում եմ «Թավիթյան» հիմնադրամի ու Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի հետ համագործակցությունը: Հիմնադրամը բարձր հեղինակություն ունի Հայաստանում: ՀՀ կառավարության բարեփոխումներն ու ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, եւ ձեր ծրագրերը շարունակական բնույթ կրեն», – իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով, մասնավորապես, կառավարման համակարգի արդիականացման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, պետություն-մասնավոր գործակցության ձեւաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը եւ այլն:

Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարձր գնահատականի համար՝ գոհունակությամբ խոսելով «Թավիթյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, արդյունքների եւ Հայաստանից մասնակցող մասնագետների պատրաստվածության մասին: ««Թավիթյան» հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը: Պատրաստ ենք շարունակել եւ ընդլայնել երիտասարդ մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնությունները», – նշել է Ասո Թավիթյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման տեսլականի եւ հեռանկարների շուրջ, կարեւորել կրթության դերն առկա մարտահրավերները դիմագրավելու գործում եւ լայն աշխարհայացքով ու մտածելակերպով երիտասարդ մասնագետների պատրաստումը:

Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր նոր ծրագրերն ու աջակցել դրանց իրագործմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ