26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է լինելու առաջին դեմքը. Սերժ Սարգսյանի պլանը . Ժամանակ

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չկան 2018 թվականի հետ կապված «գծված պլաններե: Խոսքն իհարկե վերաբերում է իշխանության խնդրին, որ առաջանում է 2018 թվականի ապրիլին՝ նախագահի պաշտոնը թողնելու կապակցությամբ: Դրանից հետո Հայաստանն անցնում է լիարժեք խորհրդարանական կառավարման և առաջանում է հարց, թե ով է լինելու նոր վարչապետը, այսինքն՝ Հայաստանի Առաջին դեմքը՝ նոր Առաջին դեմքը: Սերժ Սարգսյանը գնո՞ւմ է, թե՞ մնում:

Այս հարցը նա հերթական անգամ բաց է թողել իսպանական գործակալությանը տված հարցազրույցում: Գծված պլաններ չկան, ասում է նա, և դա երևի թե Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ամենից հավաստի կամ հազվադեպ հավաստի հայտարարություններից մեկն է: Առավել հավաստի, քան, երբ նա 2014 թվականին հայտարարում էր, որ չի լինելու այլևս նախագահ կամ վարչապետ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի էլ կարող ունենալ այդ հարցի հետ կապված գծված պլաններ:

Հայաստանում որևէ մեկը չի կարող ունենալ իշխանության խնդրի հանգուցալուծման հետ կապված գծված պլաններ, եթե խոսքն իհարկե համարժեք որևէ մեկի մասին է՝ թե՛ ներքին, թե՛ առավել ևս արտաքին իրողություններին համարժեք: Ուզենք, թե ոչ, դուր գա մեզ, թե ոչ, Հայաստանում արդեն երկար տարիներ ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանության խնդրում առավել վճռորոշ ազդեցությունը դրսում է, քան՝ ներսում:

Հայաստանի հասարակությունը, ինչպես փորձը ցույց տվեց, պետականության ճակատագրի հարցում վճռական ազդեցություն և խոսք ունենում է, կամ ձևակերպել ու արտահայտել, խոսքից էլ գործի անցնել կարողանում է միայն արտակարգ իրավիճակներում, ինչպիսին՝ Ապրիլյան պատերազմը: Երբ չկա արտակարգ իրավիճակ արտաքին սպառնալիքի տեսքով, Հայաստանի հասարակությունը գտնվում է տոտալ անորոշության, չկողմնորոշվածության, և առավել ևս խնդիր ձևակերպելու և լուծման անցնելու անկարողության մեջ:

Դա էլ լավագույնս դրսևորվեց ապրիլյան ողբերգական զարգացումների ընթացքում, երբ Հայաստանի հանրությունն իբրև միավոր ոչ միայն չկարողացավ դրսևորվել, այլ ըստ էության նույնիսկ չկողմնորոշվեց, թե ի վերջո ինչպիսի վերաբերմունք պետք է արտահայտի ՊՊԾ գնդում ստեղծված դրամատիկ վիճակի նկատմամբ՝ պետք է մերժի՞ այդօրինակ զարգացումը, որպես ելք կամ ճանապարհ չհանդիսացող, թե՞ պետք է աջակցի և դառնա այդ գործի շարունակող:

Եթե կուզեք, ապրիլյան ողբերգության խորը, ենթատեքստային խնդիրը նույնիսկ այստեղ էր, այսինքն՝ հասարակության կողմնորոշման, հասարակական կարծիքի կամ դիրքորոշման բացակայություն, անիմանալիություն: Այս իրավիճակում, իշխանության ձևավորման գործընթացում հասարակությունը ևս մնում է չկողմնորոշվածի և խնդիրներ ձևակերպել չկարողացածի դերում, մի շարք պատճառներից ելնելով: Այդ իրավիճակը անգամ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող իրավիճակ է, որ անկասկած ձևավորվել է առաջին հերթին երկու տասնամյակ շարունակ իշխող համակարգի և այդ թվում նաև Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ:

Բայց կա այն, ինչ կա և քանի դեռ գտնված չէ լուծումը, հանգուցալուծումը, փոփոխության բանաձևն ու ճանապարհային քարտեզը, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի իշխանության հարցում Հայաստանի հանրության դերակատարումը դեռևս վճռորոշ, առանցքային չէ:

Առանցքային է արտաքին իրավիճակը, արտաքին ազդակները, միջազգային հարաբերությունների այն հոսանքները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր տարածաշրջանին և դրանում առկա այն խնդիրներին, որ անմիջականորեն կապված են Հայաստանի հետ և կախված Հայաստանի դիրքորոշումից: Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը այդ դեպքում չի կարող ունենալ գծված պլաններ, այլ ինքը կախվածության մեջ կլինի այն պլաններից, որ առկա են միջազգային օրակարգում, գերտերությունների և ուժային կենտրոնների հարաբերություններում, մասնավորապես Հարավային Կովկասի հանդեպ մոտեցումներում և ռազմավարություններում:

Սարգսյանը, մեծ հաշվով, իր նախագահության արդեն լրացող տասը տարիների ընթացքում գծված պլաններով այդպես էլ չառաջնորդվեց և գնաց իրավիճակային, կարճաժամկետ, առավելագույնը միջնաժամկետ լուծումների, իհարկե կարողանալով համոզել բոլորին, որ չափում և հաշվարկում է երկարաժամկետ: Եվ մինչ բոլոր սուբյեկտները ներքին կյանքում փորձում էին հասկանալ այդ երկարաժամկետ հաշվարկները, Սարգսյանը պարբերաբար, մեկը մյուսի հետևից կատարում էր իր կարճ կամ միջին տարածության քայլերն ու զուտ դրա շնորհիվ պահում իշխանությունը մի վիճակում, երբ թվում է, թե պարզապես հնարավոր չէր պահել, քանի որ այդ իշխանության դեմ էին գործնականում բոլորը՝ այդ թվում նույնիսկ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջանակը կազմող ուժերն ու թևերը: Այնպես որ, Սարգսյանը չի դավաճանում իրեն և չի փորձում իր պլաններով դեմ գնալ ժամանակին ու ճակատագրին, փորձելով մտածել ամեն հաջորդ քայլի մասին և հաղթել ամեն հաջորդ խաղ, մինչև եզրափակիչ՝ մինչև 2018-ի ապրիլ կամ մայիս:

Ընդ որում, այդ հանգամանքը չի ենթադրում աներկբա, որ հաղթանակը լինելու է Սերժ Սարգսյանի վարչապետության տեսքով: Հաղթանակ նրա համար կլինի նաև իր նշանակած կամ իր հավանությանն արժանացած վարչապետի տեսքով, և կլինի հաղթանակի էլի մի քանի տարբերակներ: Սարգսյանի համար գլխավոր խնդիրը՝ արտաքին ուժային կենտրոնների պատկերացումներին և պլաններին համահունչ լինելն է: Ընդ որում, հատկանշական է մի բան, որ Հայաստանում ներկայումս այդ խնդրով զբաղված չէ և ոչ մի այլ քաղաքական ուժ, ինչը արձանագրել են նույնիսկ հենց արտաքին ուժային կենտրոնները:

Օրինակ, ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպանի, որը օրերս խորհրդարանի ընտրության մասնակից սուբյեկտների շտաբներ իր կատարած այցերի շրջանակում հայտարարել էր, որ քաղաքական ուժերը պետք է հստակ ներկայացնեն Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, այն ապագան, որ իրենք են պատկերացնում և ուզում կառուցել: ԱՄՆ դեսպանն այդպիսով ակնարկել է, որ քարոզարշավը մեկ շաբաթ է՝ ինչ մեկնարկել է, բայց դեռևս պարզ չէ, թե ինչ են ուզում դրա մասնակիցները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ