26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քայլող կինը»

«Քայլող կինը»  հայ մեծանուն  նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավներից է: Կտավն  այժմ գտնվում է Սարյանի տուն-թանգարանում: Սարյանը «Քայլող կինը» կտավը վրձնել է 1911  թվականին Մոսկվայում:
 Այս կտավը Սարյանը վրձնել է Եգիպտոս կատարած այցելության  տպավորությամբ 1911 թվականին՝ ոգեշնչված արևելյան մշակույթով: Դեղին և կանաչ ֆոնի վրա ամբողջ հասակով պատկերված եգիպտուհին կրում է կապույտ հագուստ, ձեռքին ունի մրգի սկուտեղ: Երկնագույնի հակադրությունը կանաչին և դեղինին ստեղծում է գունային վառ հարաբերակցություն: Կնոջ ձեռքի սկուտեղն ասոցացվում է բուրգի հետ, եգիպտուհու կերպարը՝ Սֆինքսի[Նշում 1]: Ըստ արվեստաբան Ալեքսանդր Կամենսկու՝ «կերպարի արտահայտումն այնքան է ընդհանրացված, որ մարդու հիերոգլիֆ է հիշեցնում»: 
 
Կտավը երկար տարիներ գտնվել է Ա. Հարությունյանի հավաքածուում (Մոսկվա): Թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը (թանգարանը ղեկավարել է 1967-2004 թվականներին) ձեռք է բերել այն և նվիրաբերել թանգարանին:
 
Կոստան Զարյանն, անդրադառնալով այս կտավին,  գրել է. «Եգիտպոսի ոգին ամբողջ իր բարդությունում ահավասիկ ներկայանում է մեր աչքերին «Քայլող կնոջ» մեջ: Ես չեմ ճանաչում ավելի համադրողական և ավելի արտահայտիչ նկար, քան այդ գործը. երեք հիմնական գույն` դեղինը, կապույտը, կանաչը: Երեխայական պարզություն և միամիտ գծավորում: Բայց ահա ամբողջ Եգիպտոսը` իր տոթահար արևով, իր ճչացող բուսականությամբ, իր հայեցողական և անապատային դաշտանկարով: Եվ ինքը` կինը, ամբողջովին շարժում` իր անկյունավոր կեցվածքով, իր համառ դինամիկայով: Նրա արաբաները, եզները, նրա արևելյան դանդաղաճեմ կանայք, նրա վառվռուն մթնոլորտը, նրա ռիթմական, դեդևուն ուղտերը, նրա լայնատերև պալմաները, նրա արևային ճառագայթուն դաշտավայրերը, ամբողջ արևելյան, մեզ համար այնքան մտերիմ աշխարհն ապրում է իրական ռեալ կյանքով, խոսում բոլոր սրտերին և արտացոլում իր ներքին խոր բանաստեղծությունը: Սարյանը, լինի Պոլսում, Եգիպտոսում կամ Պարսկաստանում, կարողանում է ըմբռնել տեղի և երևույթի անմիջական հիմնական տոնը, պատկերավորել մի քանի գույնով, մի գծով իր վերապրած աշխարհը: Նա կարողանում է համադրել. և այստեղ է նրա արվեստի հմայքը, առարկայի զուտ նյութական, շոշափելի էությունը` նրա վերացական, նրա իդեալական գեղեցկության հետ: Եվ այդ տեսակետից նա գերազանցորեն արևելցի է` իր տեսողությամբ, իր համադրողական կարողությունով, իր զգայնությամբ և իր բանաստեղծական թափով»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ