23 Սեպտեմբերի, Կիրակի, 2018

Կրծքագեղձի քաղցկեղից հետո երեխա ունենալու հարցը

443

Եթե կինը քաղցկեղի դեմ երկարատև բուժում է ստացել, ապա երեխա ունենալը բարդ որոշում է և՛ կնոջ, և՛ իր ամուսնու համար: Քաղցկեղի դեմ բուժվածները և նրանց զուգընկերները շատ խնդիրների լուծման շուրջ պետք է մտածեն իրենց ընտանիքը ստեղծելուց կամ արդեն ստեղծված ընտանիքում համալրում սպասելուց առաջ:

Հաճախ քաղցկեղի բուժումից հետո հղիությունն անվտանգ է և՛ մոր, և՛ երեխայի համար: Հղիությունը, կարծես, չի բարձրացնում քաղցկեղի կրկնության ռիսկը, թեև որոշ կանանց կարող է խորհուրդ տրվել մի քանի տարի խուսափել հղիությունից:

Թե որքան երկար, պայմանավորված է քաղցկեղի տեսակով և փուլով, բուժման տեսակով, կնոջ տարիքով: Շատ հաճախ կանանց խորհուրդ է տրվում քիմիաթերապիայի ավարտից հետո 6 ամիս չհղիանալ, իսկ երբեմն առաջարկվում է երեխա ունենալուց առաջ սպասել 2-5 տարի: Սա խորհուրդ է տրվում ոչ թե նրա համար, որ վաղ բեղմնավորումը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը, այլ որ քաղցկեղը կարող է ինքնուրույն կրկնվել վաղ տարիներին:

Բացի այդ, այդքան երկար սպասելը թույլ է տալիս կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների բուժումն ավարտին հասցնել և ժամանակ է տալիս համոզվելու համար, որ քաղցկեղը ոչնչացված է: Հղիության ընթացքում քաղցկեղի բուժումն առավել բարդ է:

ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Բուժման որոշ տեսակներ կարող են թուլացնել կնոջ օրգանիզմը: Թուլացած օրգանները մեծացնում են հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը, երբեմն բարձրանում է վիժելու հավանականությունը: Օրինակ, քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը կարող են վնասել սրտամկանի բջիջները՝ թուլացնելով այն: Քանի որ հղիության ընթացքում սիրտը ստիպված է ավելի լարված աշխատել, հղիության զարգացման դեպքում խնդիրները կարող են լուրջ բնույթի լինել:

Երբ քիմիաթերապիան կիրառվում է ճառագայթային բուժման հետ, սրտի խնդիրների ռիսկն է՛լ ավելի է մեծանում: Այս խնդիրները կարող են առավել արտահայտվել ծննդաբերության ժամանակ:

ԱՊԱԳԱ ՆՈՐԱԾՆԻ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ

Շատ կանայք, ովքեր քաղցկեղ են ունեցել, վախենում են, որ իրենց երեխաների մոտ նույնպես կարող է քաղցկեղ զարգանալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների երեխաները բարձր ռիսկի խմբում չեն: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ ժառանգական են: Զուգընկերների մոտ ժառանգական քաղցկեղի դեպքում ծնված երեխաները կարող են գտնվել բարձր ռիսկի խմբի մեջ: Երեխաներ ունենալու մասին հարկ է խորհրդակցել նաև բժիշկ-գենետիկի հետ, ով կօգնի պարզելու որոշ ռիսկեր:

ՔԱՂՑԿԵՂԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ
Երբեմն կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին խորհուրդ են տալիս մինչև հղիանալը սպասել երկու տարի: Գոյություն ունի որոշակի կապ հղիության ընթացքում բարձրացող հորմոնների մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճի միջև: Այնուամենայնիվ, որևէ գիտական ապացույց չկա, որ բուժումից հետո մինչև երկու տարի հղիացած կնոջ մոտ քաղցկեղի ռիսկերն աճում են:

Նույնիսկ կան հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկն ավելի ցածր է հաջորդող հղիությունից հետո: Նախքան հղիությունը պետք է պարզել սպասվելիք ռիսկը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ հղիությունը պահանջում է որոշ դեղորայքի ընդհատում: Օրինակ, տամօքսիֆենի ընդհատումը մեծացնում է քաղցկեղի կրկնության ռիսկը:

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ
Որոշ հիվանդների համար երբեմն կրծքագեղձի քաղցկեղի բուժումը դժվարացնում կամ անհնարին է դարձնում երեխա ունենալը: Բոլոր կանայք, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, մինչև բուժում սկսելը պետք է խոսեն իրենց բժշկի հետ հնարավոր անպտղության մասին: Նրանք նաև պետք է քննարկեն պտղաբերության պահպանման տարբերակները:

Առողջ կրծքագեղձ ֆեյսբուքյան հանրագրից

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ