29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի են պատգամվորներին ստուգող հարցաշարերը

arm146237757748

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը: Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները: Առաջադրանքները կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Մասնավորապես 80-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»:

Համաձայն հաստատված կարգի` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը կամ դրա տրամադրման մասին մերժումը տրվում է՝ դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Ըստ կարգի` տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ