26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարծում եմ՝ դեռ «չեմ սկսել» գրել»

25-ամյա Արփինեն մասնագիտությամբ բանասեր է,  իսկ ավելի կոնկտետ՝ գրականագետ։  Նա  բազմաթիվ նախասիրութնուններ ունի․ սիրում է կարդալ, ֆիլմեր դիտել, թանգարաններ  այցելել․․․․ և այսպես շարունակ, բայց ամենից շատ նրան գրավում է գրելը, ստեղծագործելը։
Նրա  ստեղծագործություններից որոշներն արդեն տպագրվել են  գրական հանդեսներում, ավելին, Արփինեն արդեն հասցրել է մրցանակներ ստանալ։Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Արփինեի հետ՝ փորձելով բացահայտել, թե ինչպիսին է երիտասարդ  արձակագիրը։
-Արփինե՛, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր գրել։ Այդ ժամանակ քանի՞ տարեկան էիք։
-Առաջին անգամ սկսեցի գրել, երբ ապրումներս գրի առնելու կարիք զգացի։ Եվ սկսեցի անձնական օրագիր պահել (դպրոցական էի), որտեղ ժամանակի ընթացքում սկսեցի ոչ միայն գրել այն, ինչ ինձ հետ էր պատահում, այլև արդեն ինքս էի պատմություններ հորինում… Տպագրվել սկսել եմ վերջերս, որովհետեւ գրական քայլերս, որպես այդպիսին, նոր եմ սկսել։ Իսկ եթե լուրջ՝ որպես գրող, կարծում եմ՝ դեռ «չեմ սկսել» գրել։ Դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու։
-Մեր գրական դաշտում ի՞նչ բաց ու թերի երևույթնդր կան, որոնք կկամենայիր փոխել։
-Այս գլոբալ հարցը թույլ տվեք ինչ-որ առումներով շրջանցել։ Ուղղակի կասեմ, որ եթե լինեն մարդիկ (ու կան), ովքեր իրոք սիրում են գրականությունն ու ջանք չեն խնայում այդ բնագավառում, գրական դաշտը դրանից միայն կշահի։
-Ո՞վ է  Ձեր  ամենասիրելի հեղինակը։
-Տարիքային տարբեր փուլերում, բնականաբար, տարբեր հեղինակներ են եղել։ Օրինակ՝ պատանեկության տարիներին Ալեքսանդր Դյումայով էի տարված։ Իսկ հիմա… Դժվար է կոնկրետ մեկին առանձնացնել, որովհետեւ սիրելի հեղինակները շատ են՝ Դոստոեւսկի, Քամյու, Կաֆկա, Սարոյան, Չակ Պալանիկ, Փամուկ ու էլի բազմաթիվ հեղինակներ կան, որոնց անունները  կարող եմ թվարկել։

-Կա՞ ինչ-որ ստեղծագործություն կամ գիրք, որը Ձեզ համար  «ամենից ամենա»-ն է։

-Եթե սիրելի հեղինակների պարագայում միշտ նշում եմ, որ շատ են ու որոշներին թվարկում եմ, ապա այս հարցի (բնականաբար, սիրելի ստեղծագործությունները եւս շատ են) դեպքում միշտ մտքիս առաջինը գալիս է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։ Ավելին, այս գիրքը միշտ իմ մահճակալի կողքին է դրված։ Հաճախ եմ վերընթերցում այն ու ամեն անգամ մի ինչ-որ նոր բան եմ գտնում։

-Ի՞նչ մրցանակների եք արժանացել գրական ասպարեզում։

-Առաջին գրական մրցանակը ստացել եմ «Գրքամոլ» ակումբի կազմակերպած ամանորյա գրական մրցույթի ժամանակ, որտեղ ճանաչվեցի հաղթող։ Իսկ, այսպես ասած, ավելի լուրջ գրական մրցանակի, որտեղ պատմվածքով էի ներկայացել, «ՍՄԻԼ» հիմնադրամի կողմից կազմակերպած՝ «Քսան տարի անց» խորագրով մրցույթն էր, որտեղ ճանաչվեցի հաղթող։

-Մուսա ունե՞ք։ Ի՞նչ եք կարծում, գրելու համարուսայի ներկայությունը պարդադի՞ր է։

-Մուսա  ասվածը մեկ-մեկ, իրոք, պետք է գալիս։ Եղել է դեպք, երբ ինչ-որ գրական մրցույթի չեմ մասնակցել այն պատճառով, որ, այսպես ասած, մուսաս չի եկել։ Իսկ մրցույթները երիտասարդ ու նոր-նոր քայլերն անող ստեղծագործողի համար, ինչպիսին ես եմ, առաջին հերթին կարեւոր են աճելու համար։

-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Երազանքների մասին սովորաբար ընդունված չէ բարձրաձայնել, ասում են՝ այդ դեպքում չեն կատարվում։ Սնահավատ չեմ, բայց տվյալ դեպքում կնախընտրեմ լռել։
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում։
-Իմ կարգախոսը՝ ամեն ինչ էլ կարելի է ուղղել, քանի դեռ չես մեռել։

-Թալիսման ունե՞ք։

-Ո՛չ, ես նման բաների չեմ հավատում։

-Ո՞վ է քո հերոսը կյանքում։

-Այս հարցին մի քիչ ուրիշ տեսանկյունից պատասխանեմ։ Հիշեցի Ռ.Ջ. Պալացիոյի  «Հրաշքը» վեպի հերոսին։ Լինելով տգեղ ու ոչ սովորական արտաքինով (ի ծնե այլանդակված դեմքով)՝  Օգին կարողանում է հաղթահարել կյանքի դժվարություններն ու առաջ շարժվել: Ու նրա այս խոսքերն հիշեցի. «Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա, քանզի մենք բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը»։

-Իմ ավանդական հարցն ուղղեմ Ձեզ․ եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք, Արփինե՛։

-Երբ կարդում էի «Բարի Ձմեռ պապ» կայքում տեղադրված երեխաների նամակները (Մարտակերտ քաղաքի ու հարակից գյուղերի),նրանց  մեծ մասը նկարագրելով, թե ինչ սարսափելի պահեր են ապրել, երբ լսել են կրակոցների ու պայթունների ձայները, գրել էին, որ իրենց ոչինչ պետք չի Ձմեռ պապից, միայն թե խաղաղություն լինի։ Ու եթե Ձեր ասածի նման, կախարդական փայտիկ ունենայի,  այնպես կանեի, որ աշխարհում խաղաղություն տիրեր, եւ ոչ մի մանուկ նման սարսափների միջով չանցներ։

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ