26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կամավորականներ են հավաքագրվում. Հայկական Ժամանակ

Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու` ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել:

Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԴԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:

«Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 650 հոգի, հիմա հիմնականում աշխատանքները տարվում են հավաքը շարունակելու համար: Թեեւ գումարտակը կազմված է լինելու 400-500 հոգուց, բայց շատ պետք է հավաքվեն, որ ընտրության հնարավորություն լինի: Ցանկությունը, կամավորագրումը քիչ է, նաեւ պետք է պատրաստված լինեն, առողջական վիճակը պետք է թույլ տա: Հիմա անհատական աշխատանքներ են տարվում բոլոր անդամագրվածների հետ զուտ իրենց ռազմական ունակությունները, հմտությունները ճշտելու համար, որ կարողանանք իմանալ ում, ինչ կարգավիճակով կարող ենք օգտագործել (ով է գնդացրորդը, ով է հրաձիգը, ով է հրետանավորը, տանկիստը, հետախույզը, կապավորը): Ընտրությունից հետո որոշելու ենք ովքեր են առաջին պահի համար պիտանի, ովքեր են հետագայում որպես պահեստային պետք գալու:

Դրանից հետո անցկացվելու են վարժական հավաքներ, ունակությունները կատարելագործելու, նախապատրաստելու համար»,- ասաց Մխիթարյանը: Սրան, ըստ հանձնախմբի ղեկավարի` հաջորդելու է ստորաբաժանումների ներդաշնակումը, գնդի, դասակի, գումարտակի կազմումը, զորավարժությունների անցկացումը: Վերը նշված կազմակերպչական աշխատանքները, Մխիթարյանի կարծիքով, կավարտվեն դեկտեմբերին:

«Դրանից հետո կմեկնենք պաշտպանական շրջան, որը ՊՆ-ն մեզ կհատկացնի: Այնտեղ տեղանքին կծանոթանանք, որ պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում մարտական խնդրի կատարմանը: Սրանով ուզում ենք ներդնել ակտիվ պահեստազորի գաղափարը, որն ագգ-բանակ հայեցակարգի մի մասն է:

Ամեն քաղաքացի պետք է իմանա իր խրամատի տեղը, կրակի գոտին, թշնամու հարձակման հավանական ուղղությունը եւ պատրաստ լինի կրակել այդ ուղղությամբ»,- ասաց Մխիթարյանը: Հարցին` արդյոք այս պահին տեսնում են այդ պահեստազորի անհրաժեշտությունը, ՀՅԴ ԳԱ ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այդ անհրաժեշտությունը միշտ էլ եղել է 1994 թվականի մայիսի 12-ից հետո: Այդ անհրաժեշտությունը միշտ կա, քանի դեռ մեր հարեւաններն Ադրբեջանն ու Թուրքիան են, դրա անհրաժեշտությանը միշտ էլ լինելու է»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳԱ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական եւ պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել` կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

Վերջերս «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը եւս հանդես էր եկել հայտարարությամբ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական ուժերը: Թե ինչ արձագանք է գտել նրա հայտարարությունը կփորձենք պարզել առաջիկայում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ