26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիվանդներին պաս են տալիս մի բաժնից մյուսը» /վիդեո/

Այսօր ԱԺ-ում՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր են տարվում պետպատվերի հարցը կարգավորելու համար։

Պատգամավորն ընդգծեց, որ պետպատվերի մասով համակարգը բացարձակ ձախողված է ու չի գործում։

«Գիտեք՝ ձեր ոլորտում այնքան խնդիրներ կան, որ եթե ես հիմա բոլոր հարցերը շարադրեմ, այստեղից այսօր դուրս չենք գա։ Խայտառակ վիճակ է, երբ հիվանդներին  «պաս են տալիս» տարբեր բաժիններով, փող են աշխատում։ Մարդը գնում է, գլխացավից է բողոքում, նրան ուղարկում են ռենտգեն, սոնո, լողի, հետո չգիտեմ՝ որտեղ, որովհետև բոլորը շղթայով կապված են։ Հետո էլ ասում են՝ «կգնաք անպայման այ էս դեղատնից կառնեք դեղը, որովհետև մենակ այդտեղ է դեղը», որովհետև գիտեք, որ տվյալ բժիշկն այդ դեղատան հետ ատկատով աշխատում է», – նշեց պատգամավորը և հավելեց, որ սրա պատճառով շատ տարեցներ խուսափում են դիմել բուժհաստատություններ՝ նախընտրելով բուժվել տանը։

Նախարարը համաձայնեց, որ թվարկված բոլոր խնդիրները համակարգում կան և դրանք ոչ միշտ է ստացվում լուծել։

«Նվազեցրած բյուջեն բավական է, որ առնվազն երկու անգամ բուժծառայությունների որակն ու հասանելիությունն ապահովենք։ Ինչի՞ հաշվին։ Նույն տատիկը, որի մասին դուք ասում եք, գալիս է հիվանդանոց և ասում է՝ «բալիկ ջան, ինձ ռենտգեն քցի» և ինչքան մոտենան, այնքան նրանց կգցեն, մինչև գումարները չվերջանան։ Մենք պետք է սովորենք ասել՝ ոչ։ Եթե այդ ախտորոշման դեպքում համակարգչային տոմոգրաֆիա չի հասնում՝ տատիկին պետք է մերժել։ Չունի պետությունն այդ փողը, որ ուղղակի ցանկություններ կատարի՝ առանց բժշկական ցուցումների», – ասաց Լ.Ալթունյանը:

Պատգամավորը չհամաձայնեց՝ պնդելով, որ այս դեպքում վտանգ կա, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում այս բուժզննումները չեն տրամադրվի։
Առողջապահության նախարարն, անդրադառալով որոշ հիվանդությունների բուժմանը՝ պետական պատվերավ, ասաց, որ բազմաթիվ հիվանդություններ առաջանում են ծխելուց: Մարդիկ չպետք է ծխեն, որ չհիվանդանան տարաբնույթ հիվանդություններով, պետությունն էլ, ըստ այդմ, ստիպված չի լինի պետպատվերի շրջանակում բուժել այդ մարդկանց: Նախարարը, մասնավորապես հիշեցրեց՝ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հիմնապատճառ կարող է լինել հենց ծխախոտը, իսկ այդպիսի հիվանդություններ ունեցողները քիչ չեն մեր երկրում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ