26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչը փոխվեց

Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Դեռևս 2003 թվականինին ընդունված ”Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը սկսեց ապահովել, որ իշխանություններն սկսեն մտածել հրապարակային աշխատանքի մասին և հրապարակայնությունը ապահովելու ձևերի մասին։

Այդ ձևերից է հենց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և կիրառումը թե’ պետական մարմինների ներքին աշխատանքում, և թե’ իշխանություն-հանրություն փոխհարաբերություններում: էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծումը գերատեսչությունների ամենօրյա աշխատանքում, նոր գործիքների և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումն այսօր արդեն կարող են ամենաարդյունավետ խթանը դառնալ իշխանությունների թափանցիկ և հրապարակային աշխատանքի համար:

Տեղեկատվության ազատությունը պետական կառավարման համակարգի հրապարակայնության ապահովման հիմնական բաղադրիչներից մեկն է: Մեզանում այս գործընթացն այլևս սկսված է: Կառավարություն-հանրություն կապի ապահովման առաջնային գործիքներից են պետական մարմինների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները, որոնց շնորհիվ կարող են նվազել կոռուպցիոն ռիսկերը, կխնայվի ժամանակ և նյութական ու մարդկային ռեսուրսներ:

2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանրության ուշադրությանը ներկայացրեց վերափոխված www.gov.am, մի փոքր անց նորաստեղծ www.e-gov.am կայքը: Վերջինս դարձյալ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է լրացնելու ՀՀ կառավարության կայքին` ապահովելու առավելագույն թափանցիկություն: www.e-gov.am կայքի նպատակն է ոչ միայն պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը, այլ նաև հեշտացնել և մեծացնել թե’ բնակչության և թե’ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը:

Կայքը մեկտեղում է ՀՀ պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայությունները: Տվյալ ծառայությունների մատուցման համար ստեղծված են ենթահամակարգեր, որոնք հնարավորինս պարզեցնում են ինտերնտետ օգտագործողների շփումը պետական մարմինների հետ:

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանը ստեղծման օրվանից վերահսկում է, որ կայքն անխափան աշխատի: Նա պատմում է, թե ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նպաստեց www.e-gov.am-ի ստեղծմանը. ”Երբ կենտրոնի հրավերքով, վարչապետի ներկայությամբ, մասնակցեցին Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը, ժանգոտ կողպեք` բացասական մրցանակ, հանձնվեց մի ՊՈԱԿ-ի, որը տեղեկատվություն չէր տրամադրել պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսերի վերաբերյալ: Վարչապետը, այդ դեպքը հիմք ընդունելով, հանձնարարեց, որ աշխատակազմը պատրաստի, և բոլոր ՊՈԱԿ-ների հետ կապված ինֆորմացիան տեղադրենք ինտերնետում: Դա սկիզբն էր, այդպես և ստեղծվեց ”Ինտերակտիվ բյուջե” բաժինը”:

Իսկ ինչպես նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանը` ”Ինտերակտիվ բյուջե” բաժնի տեղեկատվությունը լրատվամիջոցները միշտ մոնիտորինգի տակ են պահում, ինչը նպաստում է պետական կառավարման թափանցիկությանը: Այս բաժնում տեղադրված էտարեկան բյուջեն` սկսած 2010-ից: Նշված են ոլորտները և թե որի համար ինչքան գումար է նախատեսված եղել ու որքանն է ծախսվել:

Բյուջետային հատկացումներից պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված գումարների չափերին, դրանց հետ կնքված պայմանագրերին կարելի է ծանոթանալ առանձին ”ՊՈԱԿ-ների ֆինանսավորում” բաժնից: Սա իսկապես հրապարակայնության ապահովման լավագույն գործիքներից է, սակայն հարկ է, որ առկա տեղեկատվությունը վերլուծվի և մշտապես ներկայացվի հանրության լայն զանգվածներին: Չէ որ, ի վերջո, պետական բյուջեն գոյանում է բնակիչների վճարված հարկերից, և իշխանությունը պետք է հաշվետու լինի, թե այդ գումարներով ինչ է արել մարդկանց համար, իսկ քաղաքացին` պահանջատեր:

”Գրեք նամակ կառավարությանը, Հետևեք Ձեր նամակի ընթացքին, Էլեկտրոնային ստորագրություն, Կառավարության որոշումներ, Վարչապետի որոշումներ, Կառավարության նիստի օրակարգ, Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ, Մեկ անձից կատարվող գնումներ, ՊՈԱԿ-ների ֆինանսավորում, Ինտերակտիվ բյուջե, Ռեեստրներ և ցանկեր, Հարկային հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգ, Մտավոր սեփականության գործակալության էլ. հայտերի ընդունման համակարգ, Էլեկտրոնային վիզա (e-visa), իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի ”Մեկ պատուհան”:

Ահա այն բաժինները, որոնք մինչև 2012թ են ստեղծվել և գործում են կայքում: Իսկ նախորդ տարում ավելացեն են ևս մի քանի բաժիններ. սկսվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման ”Մեկ կանգառ, մեկ պատուհան” և ՀՀ ոստիկանության ”Ճանապարհային ոստիկանություն” ծառայության ”Մեկ պատուհան” համակարգերի ներդրումը: Այսուհետ պետական բոլոր վճարները նույնպես հնարավոր է էլեկտրոնային եղանակով կատարել և նույն եղանակով էլ ստանալ անձնագիր։ Հասանելի են Ազգային պատկերասրահի բոլոր ցուցանմուշները թվայնացված տեսքով և այլն:

Առաջին երկու բաժինները հաճախ օգտագործվողներից են: Դիմումատուն նամակը առձեռն հանձնելու ժամանակ ստանում է անհատական հսկիչ 12 նիշանոց համար, որի միջոցով կարող է հետևել իր նամակի ընթացքին: Այս նպատակով կառավարության շենքերում տեղադրված են հատուկ սարքեր: Իսկ մյուս կառույցներում քաղաքացին օգտվում է ընդունարանում տեղադրված համակարգչից: Պաշտոնյաները նշում են, որ կայքի այս նոր ծառայության շնորհիվ թղթի հետ աշխատանքը կրճատվել է մոտ 80 տոկոսով:

Այս տարբերակից զատ, քաղաքացին կարող է նաև նամակ գրել կառավարությանը, հետևել դրա ընթացքին և էլ-փոստով պատասխան ստանալ: Քաղաքացիները, համաձայն ”Տեղեկատվության ազատության մասին” օրենքի (10-րդ հոդված) կարող են իրենց հուզող տեղեկություններն ստանալ էլեկտրոնային ճանապարհով, ինչը նշանակում է ժամանակի կորստի և բյուրոկրատական քաշքշուկների կրճատում:

Մինչ այս նորամուծությունը շատ քաղաքացներ դժգոհում էին, որ իրենք դիմում են ու իրենց չեն պատասխանում կամ ժամկետները շատ էին ուշանում: Այժմ կա այդ բոլոր քայլերի հերթականությունը ճշգրիտ արձանագրող մի համակարգ, որից կա’մ չեն ուզում, կա’մ չեն կարողանում օգտվել ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը:

Ինչի համար իր մտահոգությունն է հայտնում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը. ”ինչքան շատ դիմեն, այնքան լավ, որովհետև ամեն դիմումից հետո մենք կհետևենք ու կտեսնենք, թե շարժն ինչպիսին է, արդյոք դիմումը մտավ, ինչ է կատարվել այդ դիմումի հետ և արդյոք բոլոր գործընթացները պահպանվել են”:

”Կայքով ստացվող և ուղարկվող ցանկացած տեղեկություն պաշտպանված է SSL կրիտոգրաֆիկ պրոտոկոլի միջոցով,- նշում է ”Հելիքս Կոնսալտինգ” ընկերության ղեկավարը: – Կայքն առավելագույնս ապահովում է իր միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը: Սա շատ կարևոր և առաջնային խնդիր է, քանի որ ոչ միայն պաշտոնական փաստաթղթերի հետ գործ ունենք, այլ նաև` կայքով փոխանցվող փաստաթղթղերը կարող են կոնֆիդենցիալ տեղեկատվություն լինել, որոնք օրենքով հրապարակման ենթակա չեն, ասենք, օրինակ` որդեգրման մասին դիմումին հետևելու ընթացքը և այլն”:

Այցելուների մեծ թվաքանակ ունեցող երկրորդ բաժինը կառավարության և վարչապետի որոշումների բաժիններն են: Սկզբնական փուլում www.e-gov.am-ն ամսական ունենում էր շուրջ 3.000 այցելու, օրվա մեջ` 100: Իսկ վերջին տարում, ինչպես մեզ տեղեկացրեց Դ. Սարգսյանը, այդ թիվն աննախադեպ աճել է` հասնելով ամսական շուրջ 25.000-ի: ”Կառավարության որոշումներ” և ”Վարչապետի որոշումներ” բաժիններում քաղաքացին կարող է ծանոթանալ 2004 թվականից մինչ այսօր կայացրած ՀՀ վարչապետի և կառավարության բոլոր որոշումներին:

”Կառավարության նիստի օրակարգ” բաժինը ներառում է տեղեկատվություն` սկսած 2010 հուլիսի 8-ից առ այսօր: ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանը քաղաքացիների և հատկապես լրատվամիջոցների աշխատանքի համար կարևորում է այս բաժինը. ”Սա շատ լավ գործիք է լրագրողների և ԶԼՄ-ների համար, նիստից առաջ ունենալ օրակարգը, որը մշտապես դառնում է բուռն քննարկումների թեմա, նաև օգտակար է, փորձարկման ձև ու միջոց է”:

 ”Հարկային հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգ”, ”Մտավոր սեփականության գործակալության էլ. հայտերի ընդունման համակարգ>-ից օգտվելու համար գործում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության եռալեզու կայքը, իսկ Էլեկտրոնային վիզա (e-visa) ցանկացողները պետք է այցելեն ՀՀ Արտաքին գործերի նախարարության http://www.mfa.am/ կայքի համապատասխան բաժինը: էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել http://www.ekeng.am, որտեղ մանրամասնորեն նկարագրված է, թե ինչ է հարկավոր անել:

Ինչպես պարոն Դավիթ Սարգսյանը հավաստիացրեց, Էլեկրտոնային փաստաթղթավարությունը կիրառվում է ՀՀ մարզերում նույնպես: Այժմ բոլոր մարզպետարաններն աշխատում են ”Mulberry” համակարգով, որի շնորհիվ փաստաթղթերը առաքվում են վայրկյանների ընթացքում: Ունեն իրենց ինտերնետային կայքերը, որոնք ինֆորմացիա են տալիս մարզում իրականացվող ծրագրերի վերաբերյալ և պարբերաբար թարմացվում են:

Պետական ծառայություններ մատուցող www.e-gov.am կայքն առայժմ աշխատում է անխափան, բաժիններն այսքանն են և բոլոր ծրագրերն իրականացվել են դոնոր կազմակերպությունների՝  հիմնականում Եվրոմիության աջակցությամբ: ”Բաժինները ավելանալու հարցը, կարծում եմ, դուք պիտի առաջարկեք: Այն բոլոր ծառայությունները, որ կան, մեծ պահանջարկ ունեն, դրել ենք, հա թարմացվելու է”,- հավաստիացնում է վարչապետի խորհրդական Արամ Անանյանը:

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ