26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրի և Վանաձոր. ամփոփ պատկեր ընտրություններից առաջ

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է լինելու Գյումրիում և Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Նախ նկատենք, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջին անգամ այս քաղաքներում ոչ թե ընտրելու են քաղաքապետ, այլ ավագանի, որն էլ ընտրելու է քաղաքապետ: Իսկ այն, որ քաղաքական դաշտի ուշադրությունը սևեռվելու է  այս ընտրությունների վրա, ամենևին էլ զարմանալի չէ, ավելի բնական է. այս ընտրությունները մասնակից քաղաքական ուժերի համար «գլխավոր փորձի» նշանակություն են ունենալու՝ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Փորձենք ամփոփ նկարագրել Գյումրիում եւ Վանաձորում առկա վիճակը: Գյումրիում ավագանու տեղերի համար առաջադրվել են «Ալյանս», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «ԳԱԼՍ», «Համախմբում» ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ի եւ ՔԴՄ-ի «Բալասանյան» դաշինքը: Քարոզարշավի ընթացքում ցավալի դեպք տեղի ունեցավ: Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի տան նկուղից հայտնաբերվել էր Գրիգորյանի կրտսեր որդու Արշակ Գրիգորյանի դին: Նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մի քանի օր դադարեցրին քարոզարշավը: Վերջին օրերին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին, թե կառավարության հրավիրած արտահերթ նիստի պատճառով ժամանակ չունեն` քարոզարշավին մասնակցելու, ապա անդրադարձան լուրերին, թե Գյումրիում որպես ընտրակաշառք ակնոցներ են բաժանվում, մարդկանց անձնագրերն են հավաքում ու ցուցակագրում: ՀՀԿ-ը պահանջեց հրապարակել փաստերը, եթե դրանք կան, ապա հորդորեց իրավապահներին զբաղվել այդ հարցով:

Մի խոսքով, Ազգային ժողովի վերջին նիստն էլ երբեմն օգտագործվեց քարոզչական նպատակով:

Ըստ թեկնածուների` գյումրեցիների մեծ մասը դժգոհ է նախևառաջ արտագաղթից, նրանից, որ քաղաքը բարեկարգ չէ: Ի դեպ, նկատենք, որ գյումրեցիները հրապարակայնորեն ողջունել էին «Գալա»-ի առաջադրումը:

Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա այստեղ ավելի «թեժ էին կրքերը»:  Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը մոտ 14 տարի քաղաքը ղեկավարելուց հետո չի առաջադրվել: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 8 կուսակցություն: Հանրապետական կուսակցության թեկնածուն Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանն է: Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուն Վանաձորի ավագանու անդամ Այծեմնիկ Օհանյանն է, ՀՅԴ-ից՝ Նելսոն Մամուլյանը: Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ընկերության տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

Ընտրություններին մասնակցում են նաև «Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», նաև Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունները:

Այս քարոզարշավին ավելի աչքի էին ընկնում «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»: «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է անկախ պատգամավոր, կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանի եղբայրը Քրիստ Մարուքյանը, իսկ ՔՊ-ի ցուցակը ղեկավարում է Արամ Խաչատրյանը: Չնայած պայքարն ավելի շատ ընթանում էր ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև: Երեկ էլ կուսակցություններն այստեղ հանրահավաք են ունեցել ու չնայած կիրակի օրը պատգամավոր Թևան Պողոսյանի տանն էին երկուսն էլ հյուրընկալվել իրենց ընտանիքների հետ միասին, միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել:

Հոկտեմբերի 3-ին արդեն պարզ կլինի ոչ միայն այս և այլ համայնքներում ընտրությունների արդյունքները, այլ նաև, թե ով է լինելու ընդդիմության հիմնական դերակատարը խորհրդարանական ընտրապայքարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ