26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխգնդապետ Առաքելյանի վկայականն ինչպես է հայտնվել Բաքվում

Այսօր ԼՂՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արման Թաթոյանը համատեղ հայտարարություն են տարածել. «Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով: Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ և հանգել հետևության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերևույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի 1982թ. ծնված Ալեքսան Առաքելյանին:

Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը (ագրեսիայի մասին մանրամասն տե՛ս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը` http://www.eoi.at/…/Interim_Public_Report_NKR%20Omb._FINAL.… հասցեով):

Ա.Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել են ապրիլի 10-ին: Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնևի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը և ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները:

Ադրբեջանական իշխանությունները նաև պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում և այն էլ հանրային տարածքում:

Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող և հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաև խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին: Հայտնում ենք նաև, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ