27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աղոթիր ինձ համար

Մի վանահայր, ունենալով հոգևոր տեսության շնորհ, եկեղեցի գնալու ճանապարհին անցնում է մի խցի մոտով, որտեղ ապրում էր մի եղբայր: Նա այնտեղ տեսնում է նաև բազմաթիվ դևեր՝ կանացի տեսքով և տարբեր գայթակղիչ կերպարանքներով: Նրանք խոսում էին անպիտան բաներ, ծիծաղում և ցնծում էին: Ծերը հոգոց հանելով, ինքն իրեն ասաց, «Այս եղբայրը տրվել է ծուլությանը և դրա համար էլ չար ոգիները շրջապատել են նրան և դարձրել իրենց ձեռքի խաղալիք»:

Ավարտելով աստվածային պատարագը՝ հետդարձի ճանապարհին ծերը մտնում է եղբոր խուցը և ասում. «Եղբայր իմ, ես մի վիշտ ունեմ, բայց հավատում եմ իմ Աստծուն, որ նա ինձ կազատի այդ վշտից, եթե դու ինձ համար աղոթես»: Այս խոսքերից եղբայրն ընկնում է մտածմունքի մեջ և ասում ծերին. «Հայր իմ, արժան չեմ քեզ համար աղոթելու»: Սակայն ծերն սկսում է համոզել նրան՝ ասելով. «Չեմ հեռանա քեզանից, եթե դու խոսք չտաս ինձ համար աղոթել գիշերները»:

Եվ եղբայրը խոստանում է կատարել ծերի խնդրանքը: Այդպես արեց ծերը, որպեսզի նրան դնի Աստվածային վարքի ճանապարհին և հաստատի գիշերային աղոթքի մեջ: Առաջին իսկ գիշերը եղբայրը ելավ քնից, որպեսզի ծերի համար աղոթի: Աղոթքի վերջում վանականն ասաց ինքն իրեն. «Անձ իմ եղկելի, ծերի համար աղոթք արեցիր, իսկ քեզ համար ինչո՞ւ չես աղոթում Աստծուն»:

Եվ իսկույն իր համար էլ սկսեց աղոթել: Հաջորդ կիրակի եկեղեցի գնալիս, ծերը դարձյալ տեսավ դևերին, արդեն մի տեսակ ձանձրույթի մեջ ընկած: Ծերը հասկացավ, որ եղբորը աղոթքը դևերին վշտացրել է: Նա մտնելով եղբոր խուցը, խնդրեց, որ ամեն գիշեր երկու աղոթք անի իր համար: Եղբայրը երկու աղոթք սկսեց անել ծերի համար, և նորից ինքն իրեն ասաց. «Օ, թշվառ անձ, մի աղոթք էլ ավելացրու քեզ համար»:

Եվ այսպես անցկացրեց ևս մեկ շաբաթ: Հաջորդ անգամ անցնելիս, ծերը տեսավ դևերին ավելի վհատված ու պապանձված: Գոհանալով Աստծուց՝ նա մտավ եղբոր մոտ և ասաց, որ նորից մի աղոթք ավելացնի իր համար: Այսպես մեկ շաբաթվա ընթացքում վեցական աղոթք արեց եղբայրը իր և ծերի համար:

Եվ նորից ծերը եկավ եղբոր մոտ: Այնժամ դևերը բարկացան ծերի վրա եղբոր փրկության համար, իսկ նա փառավորեց Աստծուն, մտավ եղբոր մոտ, սովորեցրեց նրան չծուլանալ և անդադար աղոթել Աստծուն: Իսկ դևերը, տեսնելով, որ եղբայրը հաստատվել է աղոթքի և ճգնության մեջ, հեռացան նրա խցից: ՄԻ ԾՈՒԼԱՑԵՔ, ՄԻՇՏ ԵՎ ԱՆՁԱՁՐՈՒՅԹ ԱՂՈԹԵՑԵՔ:

Աղբյուրը` terhambardzum.net

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ