20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է արգելված պտուղը

Եթե դրախտից արտաքսման պատմության մեջ Ադամն ու Եվան ներկայացնում են ընդհանրապես մարդուն, ի՞նչ են խորհրդանշում մյուսները` արգելված պտուղը և օձը: Պետք է իմանալ կամ վերհիշել, որ դրախտում, բացի տարբեր տեսակի սովորական ծառերից, կան գերբնական հատկություն ունեցող երկու ծառեր, որոնք են «կյանքի ծառը» «բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. Բ(2) 9): Նախածնողներն արտոնված էին ուտելու ինչպես բոլոր ծառերից, նաև` «կյանքի ծառից»:

Արգելվածը բարու ու չարի գիտության ծառի՛ պտուղից ուտելն էր: Այս ծառերը խորհրդանշում են Աստծո պատվիրանները, որոնք հավաքաբար կազմում են երկու խումբ. դրական պատվիրաններ և ժխտական պատվիրաններ: Դրական պատվերներ են, օրինակ, «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Եվ տակավին բազմաթիվ ուրիշներ, որոնք մեզ ասում են` բարի՛ եղիր, արի՛ եղիր, գթա՛ծ ու ողորմա՛ծ եղիր, սիրի՛ր խաղաղությունը և տարածի՛ր, «Արա ուրիշներին այն, ինչ ուզում ես, որ քեզ անեն» և այլն, և այլն: Այս տեսակ պատվերն եր պահելն արդարև «կյանքի ծառից ուտել» է նշանակում, այսինքն` տիրանալ անմահությանը, հավերժական կյանքին:

Այս պատվիրանները մեզ ներքնապես առողջ են պահում, մտքի և հոգու խաղաղությամբ օժտում, մինչև իսկ երկարացնում երկրի վրա մեր կյանքը. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ»,-ասում է մեկ ուրիշ
դրական պատվեր:

Իսկ գերբնական բնություն ունեցող մյուս` «բարու ու չարի գիտության ծառը», խորհրդանշում է Աստծո ժխտական պատվիր անները, որոնք միշտ «մի՛» արգելական մասնիկն ունեն, օրինակ` «Մի՛ գողացիր», «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Սուտ մի՛ խոսիր», «Ինձնից բացի ուրիշ աստված մի՛ ունեցիր», «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ուզում, որ ուրիշները քեզ անեն» և այլն, և այլն:

Սրանց պտուղից չպետք է ուտենք. եթե ուտենք, անկասկած բարոյապես կմեռնենք, երբեմն` նաև ֆիզիկապես: Արդարև բազմաթիվ օրենքներ կան, որոնք մարդասպանի համար մահ են վճռում: Շնացողը պետք է քարկոծվի, ասում է Հին Կտակարանի օրենքներից մեկը, կռապաշտին մի՛ ապրեցրեք, հրահանգում է մեկ ուրիշ օրենք: Արդ, «մեղք» ասվածն այս պատվերներին կամ օրենքներին դեմ գործելն է: Երբ Աստված մարդուն որևէ արարք արգելում է, դա անում է ոչ թե քմայքի համար, այլ որովհետև այդ արարքն, ի վերջո, վնասակար է մարդուն, դեմ է նրա բնությանը: Աստված, իբրև տիեզերքի ճարտարապետ և կյանքի ստեղծող, գիտի, թե ո՛ր արարքներն են մարդու համար վնասակար, ճիշտ հոր նման, ով գիտի, թե ինչն է վնասակար իր զավակի համար և ինչը` օգտակար, և ըստ այնմ ասում է` այս բանն արա և այն բանը մի արա:

«Արգելված պտուղն», ուրեմն, այն բոլոր բաներն են, որոնք վնասակար են մարդկային բնությանը: Իրերի այս լույսի տակ յուրաքանչյուր մեղք իր բնական պատիժը նախ իր մեջ է պարունակում. հաշիշամոլը, խաղամոլը, գինեմոլը, կնամոլը ի վերջո նյութապես և ֆիզիկապես անպատճառ պետք է պատժվեն, այսինքն` դրամը վատնելով և առողջությունը կորցնելով: Իսկ բարոյական կորուստն անկասկած է և ամբողջական, հաճախ` անդարմանելի ու հավիտենական…
Բացի այս, յուրաքանչյուր մեղանչական արարք արհամարհանք է Աստծո իմաստության հանդեպ, անհնազանդություն` Աստծո կամքին, առնվազն անտարբերություն` Աստծո սիրուն:

Երբ Աստված «ասում» է, Նրա «ասածն» այլևս տարակույսի տակ չէ: Այդ «ասվածը» բացարձակ և ամբողջական ճշմարտություն է: Եվ Աստծո «ասածը» տիեզերքի մեջ անմիջապես «լինում» է. «Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ»: Արդ, տիեզերական այս երևույթը պետք է կրկնվի նաև մարդկանց կյանքում, այն տարբերությամբ, որ այն պետք է լինի նաև մարդու համագործակցությամբ: Աստված երբեք Իր կամքը չի պարտադրում մարդուն, ում ազատ կամքով է ստեղծել. սա է մարդու և կենդանիների միջև հիմնական տարբերությունը: Աստծո կամքը տիեզերքի այլ մարզերում տիրական և վերջնական է, ներառյալ կենդանիները, իսկ երբ հերթը մարդուն է հասնում, Աստված պարզապես ասում է` «արա՛» կամ «մի՛ արա»: Նախաձեռնությունը մարդուն է թողնում:

Աստծո «ասածի» հանդեպ անտարբեր գտնվել կամ (ինչը հոռեգույն է) գիտակցաբար անտեսել Նրա պատվերը, նշանակում է իրեն, իր խելքն ու կամքը գերադասել Աստծուն և Նրա իմաստությանը: Սա ամենաաններելի հավակնությունն է մարդու համար: Եվ սրա մեջ է պատժի խստության ու լրջության գաղտնիքը, պատժի, որը տրվեց նախածնողներին և տրվում ու տրվելու է բոլոր դարերի բոլոր անուղղելի մարդկանց, հատկապես հանդերձյալ կյանքում: Կարող է հարց ծագել, թե ինչպե՞ս իմանանք, որ այդ պատվերները մեզ Աստծուց են գալիս, ինչի՞ց իմանանք, որ մարդիկ իրենց մտածումները, իրենց կամքը և իրենց իմաստությունը չեն վերագրել Աստծուն:

Մի պահ իրավունք տանք նման տարակույսի: Սակայն մի՞թե նաև մեր բարձրագույն կարողությունները, մեր բանականությունը և մեր խղճմտանքը չեն հաստատում այդ պատվերների ճշմարիտ լինելը: Բոլոր մարդիկս էլ համաձայն չե՞նք ասելու, որ իզուր տեղը մարդ սպանելը սխալ է: Մի պահ երևակայենք, որ ուրիշները մեզ կամ մեր հարազատներին այն անեն, ինչ մենք ենք ցանկանում անել ուրիշներին: Եթե գոհ մնացինք, ուրեմն ճիշտ է. շարունակենք այդ անել, իսկ եթե դժգոհ մնացինք, ուրեմն այդ արարքը սխալ էր:

Բոլորս էլ համաձայն չե՞նք, որ ստախոսությունը, շնությունը, զրպարտությունն ու նմանները սխալ և ընկերության ու անհատի համար վնասակար են: Արդարացուցիչ պարագաներ մատնանշելը կնշանակի կամ սոփեստության բավիղները մտնել, որտեղից դուրս գալը գրեթե անհնար է և կամ` պաշտպանվող հանգամանքները չեն մտնում վերոհիշյալ բառերի սահմանները:

Մեղքի հանդեպ ժառանգական հակում Արդ, եթե մարդը գիտի ջոկել չարը բարուց, սխալը ճշմարտությունից և համոզված է բարու` լավ ու չարի` վատ լինելու մեջ, ինչո՞ւ են չարիքներն այնքան համատարած և բարիքներն` այնքան սահմանափակ, ինչո՞ւ քաղաքակրթության զարգացման հետ չարիքները շատանում և բարիքները նվազում են: Յուրաքանչյուր «ինչու»-ին խելահաս լինելը մի ուրիշ հավակնություն է, որից պետք է աշխատենք հեռու մնալ: Սակայն այս հարցը մեզ առաջնորդում է դեպի մի գաղափար, որն աստվածաբանության մեջ ծանոթ է որպես «ադամական մեղք» բացատրությամբ, իսկ գիտության և ընկերաբանության (սոցիոլոգիա թարգմ.) մեջ` «ժառանգականություն»:

Գիտականորեն հաստատված իրողություն է, որ մանկան ծնողները, մինչև իսկ մի քանի սերունդներ առաջվա նախածնողները ոչ միայն իրենց արյունն են փոխանցում զավակներին, այլ նաև առողջությունը կամ վատառողջությունը: Ժառանգական են որոշ հիվանդություններ, ինչպես նաև մասնավոր հակումներ ու հատկություններ, գեղարվեստի, առևտրի, արհեստների և այլ ձիրքեր ու տաղանդներ: Ժառանգական այս օրենքով փոխանցվում են նաև բարի կամ հոռի բարոյական հակումներ, առաքինություններ և մոլություններ: Արդ, քրիստոնեական աստվածաբանությունն ասում է, որ մարդու բարոյական հակումներն իրենց ակունքից իսկ պղտորված են: Աստվածաշունչը բացեիբաց ասում է. «Մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդ. Ը(8) 21): Այսինքն` մարդկանց միտքը մանկությունից իսկ հաստատված է չարիք «խնամելու»: Սա ահավոր հավաստում է, բայց, դժբախտաբար, ճշմարիտ է նաև կյանքի փորձառությամբ:

Ներշնչված մի ուրիշ հոգի ասում է. «Մայրս ինձ անօրենութեամբ հղացավ և մեղքով ծնեց» («մայր» բառն այստեղ ծնողների փոխարեն է, ովքեր միշտ երկուսն են): Հիսուսն իր ժամանակակից սերունդը կոչում է «չար և շնացող»: Սա կարելի է կրկնել գրեթե բոլոր սերունդների համար: Ուրեմն մարդկության «ջուրն» իր ակունքից իսկ պղտորված է: Աստվածաշնչական և փորձառական այս իրողությունները փրկագործական իր վարդապետության հիմքը դարձրեց Պողոս առաքյալը, և որոնք ավելի մշակեցին ու իրենց լրումին կամ ծայրահեղության հասցրին օգոստինոսները և կալվինները:

Պողոս առաքյալն ասում է. «Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ` մահը» (Հռոմ. Ե(5) 12): Նույն հատվածի շարունակության մեջ աստվածաբան առաքյալն ավելացնում է. «Մեկ մարդու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության մատնվեցին… մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան»: Ուրեմն Աստվածաշունչը և մարդկային փորձառությունը համաձայն են, որ բոլոր մարդիկ այս կամ այն ձևով «չարիք խնամելու», չարիք նյութելու են հետամուտ: Չարիքի այս գաղափարը որտեղի՞ց աշխարհ մտավ, որտե ղի՞ց սողոսկեց մարդու միտք և երևակայություն, երբ Աստծո ստեղծած բոլոր արարածները, ըստ Աստվածաշնչի հավաստման, «բարի» էին: Այս հարցումը այնքան բնականորեն ծագում է բոլոր դարերի սերունդների մտքում և, անշուշտ, ծագել է նաև Ծննդոց գրքի հեղինակի կամ հեղինակների մտքում, և նրանք մեզ ծանոթ պատասխանն են տվել` մատնանշելով «ՕՁԻՆ»:

Այս պատմությունները բանավոր փոխանցված և գրի առնված ժամանակ մարդկությունը դեռ մանուկ էր: Իսկ մանուկները բարոյական կամ վերացական ճշմարտությունն երը կարող են հասկանալ լոկ պատմություններով, հեքիաթներով, առակներով և օրինակներով: Բարձրագույն կրոնական ճշմարտությունները եթե մանուկ մարդկությանը հայտնվեին իրենց վերացական ձևով, ոչ միայն չպետք է հասկացվեին, այլև մոռացման պիտի դատապարտվեին` արմատավորված չլինելով մտքերում կամ սրտերում:

Բայց երբ աստվածային նախախնամությամբ դրանք դրվեցին պատմության հետաքրքրաշարժ ափսեի մեջ, հրապույր հագան ու հասկանալի դարձան և դրոշմված մնացին հիշողություններում: Չարը կամ չարիքը, որը կյանքում հաշվի առնվելիք շատ կարևոր իրականություն է, իր ծագման լուծումը պետք է գտներ մարդկային մտքում: Եվ մանուկ մարդկության համար այն իր լուծումը գտել է աստվածաշնչային ներշնչմամբ այս պատմությունն երի մեջ` այնքան պարզ, հասկանալի և թելադրական եղանակով, որքան չպետք է կարողանար տալ և ոչ մի իմաստասեր, ոչ մի աստվածաբան, ոչ մի գիտնական: Ծննդոց գրքի արվեստագետ ու ներշնչված հեղինակն այդ դժվար լուծումը գտել է օձի կերպարում:
Մարդը ոչինչ այնքան զզվանքով և սարսափով չի դիմավորում, որքան օձին. կարծես տարօրինակ ժխտական մագնիսականություն ունի այս կենդանին:

Մարդկային այս խորշանքը կարելի է բացատրել նաև այն իրողությամբ, որ նախապատմական մարդը թերևս ոչ մի բանից այնքան չի նեղվել և տառապել, որքան օձերից ու բազմատեսակ այլ սողուններից, որոնք, հավանաբար, վխտացել են այդ դարերում, և որոնց հետ մարդը շարունակաբար պետք է պայքարեր թե՛ նրանցով բնակված քարայրներին տիրելու և թե՛ գրեթե ամեն քայլափոխի նրանցից պաշտպանվելու համար, երբ որևէ սողուն անակնկալ փաթաթվում էր ոտքերին:

Եվ զգացած հանկարծական սարսափը մարդու մեջ այլևս վերածվել է նախնական բնազդի, որը շարունակվում է մինչ օրս: Նախամարդու համար բնության մեջ օձից ավելի չար և օձից ավելի գարշելիորեն խորամանկ ոչինչ չկար: Խանգարում էր քարայրում նրա հանգստին և արգելք ու խոչընդոտ էր բնության մեջ նրա շրջագայությանը: Ուստի երբ աստվածային հայտնությունը անհրաժեշտ համարեց մարդկանց սովորեցնել, թե բնության մեջ գործող չար մի ուժ կա, որին հետո «սատանա» անունը պիտի տրվեր և որը մարդկանց ապերջանկության պատճառն ու աշխարհում տիրող չարիքի աղբյուրն է, նրան դրախտում օձի կերպարանքով մարմնավորված ներկայացրեց:

Աշխարհում վխտացող բոլոր չարիքների արմատը մարդու մեղանչական բնության մեջ է: Այն աղետները, որոնք առաջ են գալիս բնական երևույթներից` երկրաշարժից, հեղեղից, հրդեհից և այլն, մարդու գլխին եկած չարիքներից ամենափոքր տոկոսն են և չեն բաղդատվում պատերազմներից, հալածանքներից, հափշտակություններից, չարաշահություններից, անիրավություններից ու սրանց նման ընկերային բազմաթիվ արարքներից առաջ եկած չարիքների հետ, որոնք գործնականում կազմում են մեղք ասված վերացական իմացության ամբողջությունը:

Դրախտային այս դրվագը մեզ հիշեցնում է նաև, թե յուրաքանչյուր մեղք ի՛ր պատիժն ի՛ր մեջ ունի: Ինչպես յուրաքանչյուր վնասակար մանրէ իր մեջ իր թույնն ունի, որը կամ հիվանդացնում, կամ մեռցնում է մարմինը, այնպես էլ յուրաքանչյուր մեղք հոգին, այսինքն` մարդու մտածումների և ներքին ապրումների իմանալի աշխարհը, խանգարելու, այլասերելու, մեռցնելու կարողությունն իր մեջ ունի: Մարդիկ վնասակար մանրէների ավերիչ ազդեցությունը դարմանելու կամ նրանց գործունեությունը չեզոքացնելու համար դեղեր են հնարել:

Նման կարելիություններ չկա՞ն, արդյոք, որոնցով նաև մեղքը չեզոքացվի կամ նրա ավերիչ արդյունքների առաջն առնվի: Աստծո նախախնամությունը մարդու համար այդ դարմաններն էլ է հայթայթել: Աստված նախամարդուն նախ հույսն էր տվել, որ մի օր նրա «զավակը» պիտի ջախջախի «օձի» գլուխը: Եվ աստվածային այդ խոստումն իրականացավ Աստծո Որդու մարմնացումով, Ով միաժամանակ «Մարդու Որդի» եղավ և հնարավորություն ստեղծեց, որ ադամորդին կարողանա իրեն ազատագրել մեղքի ճիրաններից` վերագտնելու համար իր կորուսյալ դրախտը:

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ