26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես կցանկանայի, որ Իտալիան ունենար նման առաջին տիկին. Պիետրոդարկին կատարեց Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը /վիդեո/

Աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ,ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ հերթական անգամ նվաճեց հայ հանդիսատեսի սիրտը:

Արամ Խաչատրյան համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում երեկ երեկոյան հնչեցին կոմպոզիտորներ Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Ռոբերտո Մոլինելիի, Էնրիկո Բլատիի, Նինո Ռոտայի ստեղծագործություններից, ինչպես նաեւ հատուկ անակնկալ հայ հանդիսատեսի համար` Մարտին Պալմերի “Տարվա եղանակները” ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Իտալացի վիրտուոզի պատրաստած անակնկալները հայ հանդիսատեսի համար այսքանով չսահմանափակվեցին: Արգենտինական տանգոյի ռիթմերի կողքին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկու կատարմամբ հնչեց Կոմիտասի անկրկնելի ‘’Կռունկը’’` յուրովի մատուցմամբ:

Համերգի ընթացքում տեղի ունեցավ եւս մեկ պրեմիերա: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի` ‘’Նվիրում Տանգոյին’’ ստեղծագործությունը մեծ ոգեւորությամբ կատարեց իտալացի բանդոնեոնահարը: Երեք ամիս առաջ, երբ Պիետրոդարկին հրավեր ստացավ կրկին այցելելու Հայաստան, Սերգեյ Սմբատյանը նրան մի սկավառակ ուղարկեց` առաջին տիկնոջ ստեղծագործությամբ: Ռիտա Սարգսյանի երաժշտությունը  իտալացի վիրտուոզին դուր եկավ եւ նրա խնդրանքով Սմբատյանն այն գործիքավորեց բանդոնեոնի եւ նվագախմբի համար:

‘’Նվիրում Տանգոյին’’ -ը կատարելուց հետո Պիետրոդարկին շնորհակալություն հայտնեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանից, ով, ներկա էր համերգին: ”Հավատացեք ինձ, ես կցանկանայի, որ Իտալիան եւս ունենար նման առաջին տիկին, որը սիրում է երաժշտություն, գրում է երաժշտություն եւ մշտապես արվեստի ու երիտասարդների կողքին է: Շնորհակալություն , Ռիտա”,-ՀՀ առաջին տիկնոջը երախտիքի խոսք հղեց իտալացի երաժիշտը եւ ծաղիկներ նվիրեց:

Հանդիսատեսի բուռն ծափերի ներքո ընդունվեցին ուշագրավ կոշիկներով համերգին ներկայացած վիրտուոզի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր կատարումները: Համերգը տեւեց նախատեսվածից ավելի երկար:

Նշենք, որ համերգի հասույթի 10 %-ը կվիրաբերվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին` ‘’Նվիրիր կյանք’’ բարեգործական հիմնադրամի միջոցով: Կից տեսանյութում ներկայացնում ենք Ռիտա Սարգսյանի` ’Նվիրում Տանգոյին’’ ստեղծագործությունն ամբողջությամբ, ինչպես նաեւ`Կոմիտասի ”Կռունկ”-ը` բանդոնեոնի մենաբանությամբ:

 Սիրողական նկարահանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ