26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խրախուսում են զինվորներին

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 47 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները:

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում կազմակերպվել է հանդիպում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ: Հանդիսության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձևավորված համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում տարբեր ծրագրեր, որոնց թվում նաև` երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների պարբերական հանդիպումները:

«Դուք, սիրելի զինվորներ, հրամանատարական և սպայական կազմի հետ մեկտեղ ապահովում եք մեր երկրի սահմանների և մեր խաղաղությունը: Ուզում եմ ձեզ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցնել, որ մենք էլ այստեղ մշտապես լինելու ենք ձեր ծնողների կողքին, նրանց օգնականն ու աջակիցը: Կարծում եմ` բոլորդ տեղյակ եք երևանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագրի մասին, որը բավական մեծ արձագանք է գտել: Մեր մյուս նախաձեռնությունը, որի մասնակիցներն այժմ դուք եք, ևս շարունակական է լինելու: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել և աջակցել բանակհասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը, մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։
ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետի կողմից համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված մշտական աջակցությունը, նշել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են, որպեսզի զինվորների մեջ սերն ու հավատը Հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ ավելի ամուր լինեն, իսկ ծնողներն իսկապես հպարտ լինեն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած իրենց զավակների համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում առավել աչքի ընկած 16 զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներն էլ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի անդամները:

 

Հիշեցնենք, որ մինչ այս, նախորդ երկու նմանատիպ հանդիպումները կայացել էին  ՀՀ ՊՆ 3-րդ և 1-ին բանակային կորպուսների հրամանատարների հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ