28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանակի շնորհիվ ՀՀ-ն անկախ պետություն է,Արցախը` ազատագրված, հայ ժողովուրդը` պաշտպանված. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը

image_11791

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին.

‘Հարգելի՛ հայրենակիցներ,20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող:

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփա­կան արժանապատվությունը հաստատելու և հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված  հայրենիք թողնելու քննություն էր: Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ:

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, և ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով: Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայ­փայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժևորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: Հավերժ փա՛ռք հայոց բանակի նվիրյալներին:

Շնորհավորում եմ ձեզ համաժողովրդական այս տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, տոկունություն և միաժամանակ գլուխ խոնարհում հայի ձեր կերպարի, ձեր հայրենապաշտ, ազգային մտածողության առջև: Մենք` ձեր հարազատների կիսատ թողած գործը շարունակողներս, խոստանում ենք ձեր հերոս որդիների, հայրերի ու եղբայրների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները զարգացնել` հաջորդ սերունդներին թողնելով նրանց երազած պետությունը’,- ասված է ուղերձում:

Henaran.am-ին փոխանցում են ՊՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ