26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն անցավ գործի. առաջին կանգառը` Վանաձոր /վիդեո-ֆոտո/

Վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորները Ստեփանավանում եւ Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության եւ ակտիվ հասարակական զանգվածին:

Տիգրան Սարգսյանը նշել է, թե հանդիպման նպատակը ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումն է:
“Չափազանց կարեւոր է, որպեսզի մեր նոր մոտեցումները բազմակողմանիորեն քննարկվեն: Հանդիպման նպատակն է ներկայացնել ՀՀԿ աշխատանքային խմբի մշակած նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները եւ լսել ձեր կարծիքները:

Մեր նախընտրական ծրագիրը պատասխանելու է այն հարցին, թե ինչ ենք կատարել, ինչ արդյունքներ ունենք եւ ինչն ենք փոխելու այս կամ այն ոլորտում: ՀՀԿ-ն լինելով պահպանողական` իր ծրագիրը մշակել է առաջնորդվելով այն սկզբունքով, որով պետությունը պարտավորություն է ստանձնում իր քաղաքացիների համար ստեղծելու բարենպաստ պայմաններ եւ միջավայր, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց կարողությունները:

Պետության թիվ մեկ պարտականությունը տնտեսություն վարող սուբյեկտների համար պայմանների սեղծման մեջ է: Մեր ծրագիրն իր բաժիններում քննարկում է այն հարցը, թե պետությունն ինչ պետք է անի պայմանների ստեղծման համար”,-ասել է վարչապետը:

Նա նշել է, որ ՀՀԿ-ն ունի իր հստակ արժեհամակարգը` դա հայ ընտանիքն է, պետությունը, քաղաքացին` իր ինքնությամբ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս տարիների ընթացքում կուսակցությունն իր ընտրողների հետ միշտ եղել է ազնիվ, հրապարակայնորեն խոսել է բոլոր խնդիրների մասին, եւ դա է այն հուսալի երաշխիքը, որ հնարավորություն է տալու հաղթահարել առկա մարտահրավերները:

Ի տարբերություն աշխարհի շատ պետությունների` չեն կրճատվել սոցիալական ծախսերը, այլ հակառակը` ավելացվել են թոշակներն ու նպաստները, որպեսզի քաղաքացիները հաղթահարեն ճգնաժամային երեւույթները, որն էապես մեղմել է իրավիճակը: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ աղետի գոտում եւ կառավարությունն ի վիճակի է լուծելու շուրջ 7000 անօթեւանների բնակարաններով ապահովելու խնդիրը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` 2012-2017 թվականներին կուսակցության  ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Առաջիկա տարիների ընթացքում պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքացին զգա, որ իր կյանքը բարելավվում է, զգա որ պետությունը լուրջ հնարավորություններ է ստեղծում իր համար:

“Այդ տեսակետից մեր ծրագրում նոր արդյունաբերական քաղաքականությամբ պարտավոր ենք ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: Սա մեր գերակայությունն է լինելու: Նոր տնտեսական քաղաքականությունը հիմնված է արդյունաբերության մեջ պետություն եւ մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ճյուղերով ներդրումային ծրագրերի իրականացման վրա:

Մեր գերակա երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, որտեղ եւս արմատական փոփոխություններ են առաջարկվում: Այս ոլորտում պետությունն իր ջանքերը պետք է ուղղի նրան, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծվեն գյուղացուն իր արտադրանքը նորմալ գներով իրացնելու հնարավորություն տալու համար”,-ասել է Տիգրան Սարգսյանը:

“Զվարթնոց”  օդանավակայանում ձեւավորվող ազատ տնտեսական գոտին ուղղված է լինելու գյուղմթերքների մշակման, փաթեթավորման հնարավորությունների ստեղծմանը: Հրավիրվելու ենք խոշոր ընկերություններ, որոնք էլ զբաղվելու են գյուղապրանքների իրացմամբ: Կշարունակվեն մատչելի գներով գյուղացուն սերմացուի, վառելանյութի, պարարտանյութի տրամադրման ծրագրերը, որոնք էապես կբարձրացնեն գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունավետությունը:

Նախընտրական ծրագրի երրորդ ուղղությամբ նվազագույնի բարեփոխումներ կիրականացվեն հարկային եւ մաքսային ոլորտներում, որոնցով նվազագույնի կհասցվի հարկատուների եւ հարկ վճարողների շփումները: ՊԵԿ-ն անհանգստացնելու է միայն ռիսկային դաշտում գտնվող տնտեսվարողներին, իսկ հարկերի հավաքագրման դաշտը դառնալու է օբյեկտիվ, հարկային հաշվետվությունները տնտեսվարողները ներկայացնելու են էլեկտրոնային եղանակով:

Կիրականացվեն հստակ քայլեր աղքատություն ծնող երեւույթների կանխարգելման նպատակով: Մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար կրթությունը կդառնա հասանելի` պետության կողմից սուբսիդավորման միջոցով: Բացի այդ, զինված ուժերում կներդրվի “Մասնագիտական կողմնորոշում զինծառայողին” ծրագիրը:

“Պետությունը ոչ միայն հոգալու է զինծառայողների անվտանգությունը բանակում, այլեւ նրանց խնդիրները բանակից հետո: Ցանկացած զինծառայողի հետ աշխատելու ենք, որպեսզի նախապատրաստենք նրան ընդունվելու բուհ, այնուհետեւ սուբսիդավորելու նրա կրթությունը”,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Առողջապահության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու ծառայությունների որակի բարձրացմանը: Ոլորտում ներդրվելու են ապահովագրական մեխանիզմներ, որոնցով երաշխավորվելու է ցանկացած քաղաքացու առողջական խնդիրների լուծումը պետության օժանդակությամբ:

Տարածքային համաչափ զարգացումը եւս լինելու է ՀՀԿ-ի թիրախային ծրագրերի թվում` Երեւանում գերկենտրոնացվածությունը նվազեցնելու համար: “Բազմաթիվ ֆունկցիաներ պետք է դուրս բերվեն մայրաքաղաքից, որպեսզի մեր տարածքները զարգանան առաջնցիկ տեմպերով եւ այստեղ եւս ստեղծվեն կյանքի բարենպաստ պայմաններ:

Պետական կառավարման համակարգում մեր թիրախը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը, խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելը, ստվերի կրճատումը: “Մասնավորապես, սփյուռքի համար ներդրումների իրականացման միջավայրի ստեղծումը մեր կարեւորագույն առաջանահերթություններից է: Այդ առումով, Սփյուռքի ներկայացուցիչները եւս կմասնակցեն մեր տնտեսական ծրագրերի կազմմանն ու իրականացմանը: Մենք պատրաստ ենք խոշոր ներդրումներն ազատել հարկերից եւ դրանց վերաբերյալ ընդունել առանձին օրենքներ, որոնք արտոնություններ կսահմանեն այդ ծրագրերին: Սրանով էապես կարող ենք խթանել սփյուռքի կողմից ծրագրերի իրականացմանը”,-ընդգծել է վարչապետը:

Վարչապետը եւ նախարարները պատասխանել են նաեւ ներկաներին հուզող հարցերին եւ լսել նրանց ծրագրային առաջարկությունները, որոնք կուսակցության նախընտրական ծրագրի հիմք են հանդիսանալու:

Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած շուրջ 100 վանաձորցիների անձամբ է հանձնել է կուսակցական անդամատոմսեր:

Հիշեցնենք, որ ՀՀԿ պատվիրակությունը Լոռու մարզ էր մեկնել ոչ թե սեւ ջիպերով ու զրահապատ մեքենաներով, այլ ավտոբուսով, որի վրա պատկերված է ՀՀԿ-ի կուսակցանշանը:

Լուսանկարներն ու տեսանյութը` Գեւորգ Դերձյանի
http://www.youtube.com/watch?v=fIFgP64ewo4&list=UUunYFBJmnuJE7dxFQOOeJSQ&index=1&feature=plcp

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ