26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դերվիշի շորով չեն կարող ներկայանալ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադարձել է  պաշտոնյաների վարքին եւ հասարակության մեջ նրանց պահվածքին:

“Կան պաշտոնյաներ, որոնք կառավարության նիստի օրը շենք են մտնում գլխավոր մուտքից: Օրինակ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` չնայած նա շատ լավ գիտի, որ այդ մուտքի մոտ անպայման կանգնած կլինեն որդեկորույս մայրեր, որոնք հաստատ կկանգնեցնեն նախարարին եւ դարձյալ կպատմեն իրենց վիշտը: Բայց նա երբեք չի զլանում լսել այդ կանանց: Իսկ պաշտոնյաների մեծ մասը նման հանդիպումներից խուսափում է, կառավարություն է մտնում ետնամուտքից, չի ցանկանում բողոքավոր ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնել` պարզ է, որ այդ խոսակցությունների ժամանակ նրանց եւ իշխանությանն ընդհանրապես ոչ ոք չի գովաբանի: Իսկ հնարավոր անեծքները լսելու համար ամուր նյարդեր են պետք:

 

Հիշում եմ, այդպիսի շփման ժամանակ պաշտոնյաներից մեկը դժգոհող քաղաքացուն անվանեց “համբալ”:

Այսինքն` դու ոչ միայն պետք է համբերատար լսես մարդկանց բողոքը, ոչ միայն թեթեւ տանես նրանց ակնարկը կամ բացահայտորեն արտահայտած կարծիքը, որ “դուք բոլորդ ավազակ եք եւ թալանչի”, այլեւ փորձես այդ ամենին չպատասխանել: Ինչ արած, եթե հաշվի առնենք այն բազմաթիվ “հարմարավետությունները”, որոնք ուղեկցում են պաշտոնը, պետք է հաշտվել նաեւ որոշակի “նեղությունների” հետ:

 

21-րդ դարում, երբ բոլորի դեմքերը տարբեր ռակուրսներով ամեն վայրկյան հայտնվում են ինտերնետում, բացառված է “դերվիշի շորերով” ժողովրդի մեջ մտնելը: Ուրեմն պետք չէ խուսափել գոնե այդ հպանցիկ շփումներից, որքան էլ դրանք տհաճ լինեն:

Եթե դուք տեղյակ չեք իրականությունից, հարգելի պաշտոնյաներ, ապա թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձեզ, մեղմ ասած, չի սիրում, այդ զգացմունքները նրանք ունեին մոտավորապես 92 թվականից եւ, ենթադրում եմ, կունենան եւս մի քանի տասնամյակ:

Այդ ոչ այնքան ջերմ զգացմունքների պատճառները երկուսն են. 1) քաղաքացիներն իրենց բարեկեցությունն ու երջանկությունը կապում են ձեզ հետ, 2) դուք ձեր բարեկեցությունն ու երջանկությունը կապում եք ձեր պաշտոնների հետ:

Մինչեւ այդ կրկնակի հանգույցը չքանդվի, անեծքները կշարունակվեն: Իսկ երբ կքանդվի, իշխանավորները կդադարեն այդպիսիք լինել, նրանք այլեւս չեն “իշխի” եւ կդառնան վարչակազմ, ադմինիստրացիա, որը մեր` քաղաքացիներիս որոշմամբ ժամանակավորապես կատարում է որոշակի տեխնիկական ֆունկցիաներ: Եվ այդ դեպքում քաղաքացիները պաշտոնյաների նկատմամբ ոչ տաք, ոչ էլ սառը զգացմունք չեն ունենա: Ինչպես որ մենք ոչ սեր, ոչ էլ ատելություն ունենք արդուկի կամ գազի կաթսայի հանդեպ` միայն թե աշխատեն:

 

Իսկ մինչ այդ, բարի եղեք գոնե շաբաթը մեկ անգամ լսել քաղաքացիների բողոքները, մի շտապեք նրանց հոգեկան հիվանդ կամ անձնական թշնամի անվանել` չնայած այդպիսիք էլ հաստատ կլինեն: Կյանքից չես փախչի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ