26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատապարտյալի ինքնասպանության հարցում պատասխանատվությունը կրում է արդարադատության նախարարությունը. Ա. Սաքունց

2012թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից  հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960թ. ծնված  դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը:

Ըստ նախնական վարկածի, Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը  թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Ի դեպ, Հ. Դոխոլյանը վերջին 7 ամիսների ընթացքում կատարել է ինքնասպանության ևս 2  փորձ, որոնք բարեբախտաբար կանխվել էին:

Հ. Դոխոլյանի առողջական վիճակի վերաբերյալ դիտորդների խումբը երեք հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն /2011թ. հունիսի 9-ին, հուլիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին/, հայտնելով, որ նա տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով և  դիմել էր պատժից ազատման խնդրանքով:

Բոլոր երեք հրատապ հաշվետվություններին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է 4  /11.07.2011թ., 27.07.2011թ.,  16.08.2011թ., 26.12.2011թ./ և ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից` 1 պատասխան /29.07.2011թ./ գրություն, որոնցով հայտնվում է, որ  Հովհաննես Դոխոլյանի վերաբերյալ քրեակատարողական ծառայության Բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից կայացված որոշումները ներկայացված են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին և ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում /29.07.11թ., և 16.08.11թ. պատասխան գրություններ/, իսկ 26.12.2011թ. գրությամբ  հայտնվում էր, որ  իրականացվել են դատապարտյալին ծանր հիվանդության պատճառով պատժից ազատման վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություններ և մշակվել են տվյալ ոլորտը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

Այսինքն, դատապարտյալին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայության դեպքում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգի բացակայության հետևանքով առնվազն 7 ամիս հարցին լուծում չի տրվել: Ավելին, 2011թվականի ընթացքում հասարակական դիտորդների խումբը տարածել է 5 մամլո հաղորդագրություններ /11.07.11թ., 06.08.11թ., 09.09.11թ., 02.11.11թ., 30.12.11թ./, որով իր մտահոգությունն է հայտնել Հ. Դոխոլյանի նկատմամբ ցուցաբերված անտարբերության մասին և դատապարտել է նման գործելաոճը և գնահատել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Այսպիսով, դիտորդների խումբը արձանագրում է, որ դատապարտյալ Հ. Դոխոլյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ցուցաբերել է երկարատև անտարբեր վերաբերմունք, ձևական մոտեցում, որը հանգեցրել է դատապարտյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և կյանքի իրավունքի խախտման: Դիտորդների խումբը գտնում է, որ դատապարտյալի կողմից ինքնասպանության դիմելու հարցում ողջ պատասխանատվությունը կրում է  ՀՀ արդարադատության նախարարությունը:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ դիտորդների խումբը պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող այլ դատապարտյալների հարցին ևս անդրադարձել է և պահանջում է շուտափույթ քննարկել և վերջնական լուծում տալ նրանց ազատման հարցին:

Նյութը տրամադրեց ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների  խմբի նախագահ Արթուր Սաքունցը


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ