Yerkir.am-ի խմբագիրը չի բացառում, որ հաքերային հարձակումը պայմանավորված է կայքի հրապարակումներով
Դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում Yerkir.am կայքը անհասանելի է դարձել: Հաքերային հարձակման արդյունքում վնասվել է կայքի վերջին մեկ տարվա արխիվը:
Yerkir.am-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը Henaran.am –ին փոխանցեց, որ նախնական վարկածով, հարձակումն իրականացվել է ադրբեջանական հաքերների կողմից: ՛՛Կայքի գլխավոր էջում թողել են ժողովրդին ուղղված կարճ հայհոյանք եւ anti-armenian.org հասցեն, որը դատարկ կայք է՛՛,-ասաց Սեւակ Հակոբյանը:
Մեր հարցին, հնարավո՞ր է, որ տեղի ունեցածը պայմանավորված լինի կայքում տեղադրված ինչ-ինչ քաղաքական նյութերով, Yerkir.am-ի խմբագիրը պատասխանեց.՛՛Ամեն դեպքում ես ոչինչ չեմ բացառում, այս պահին մենք կարծում ենք, որ ադրբեջանական հարձակում է, բայց վերջին օրերին անընդհատ վատ գրառումներ էինք ստանում: Ճշտել ենք, որ ադրբեջանական հարձակում է, բայց դա վերջնական չէ ՛՛:
Սեւակ Հակոբյանն ասաց, որ հատկապես կայքի վերլուծական հրապարակումների տակ մեծ քննարկումներ են ծավալվել, բայց թե կոնկրետ որ նյութի պատճառով է եւ արդյո՞ք հաքերային հարձակումը պայմանավորված է ինչ-որ հրապարակման հետ, այս պահին դժվար է ասել:
Կայքն արդեն հասանելի է, մասնագետներն աշխատում են եւ փորձում են հնարավորության սահամններում վերականգնել նաեւ կորսված արխիվը: