Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Իգոր Պոպով
Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը “РИА Новости”-ին տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին:
“Բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում: Քննարկվում են Հիմնարար սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան հետագայում խաղաղ պայմանագիր կնքելու համար: Մեկ տարվա ընթացքում երեք հանդիպում է կայացել, որոնց ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարողացել են համաձայնության գալ այն հարցերի շուրջ, որոնք տարաձայնությունների առիթ են դառնում: Դրանք շատ չեն այն հարցերի համեմատությամբ, որոնք արդեն հարթվել են, սակայն բավականին բարդ են:
2012-ին Սոչիում կայացած գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հայտարարեցին, որ մտադիր են արագացնել համաձայնության գալու գործընթացը` Հիմնարար սկզբունքների հիման վրա: Դա վկայում է այն մասին, որ կողմերը ոչ միայն համաձայն են շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը, այլ նաեւ պատրաստ են ջանքեր գործադրել, որպեսզի այդ գործընթացը ցանկալի արդյունքներ տա,”-իր համոզմունքն է հայտնել Պոպովը:
Նրա խոսքով` Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կարգավորման գործընթացին: Նա հիշեցրել է, որ 1994-ի մայիսին Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ է ստորագրվել Հրադադարի պայմանագիրը, որի շնորհիվ ավարտվեց հակամարտության “թեժ” փուլը:
Պոպովի կարծիքով` Ռուսաստանի միջնորդության գլխավոր խնդիրն այժմ օգնությունն է կողմերին կարգավորման Հիմնարար սկզբունքների ուղղությամբ տարվող աշխատանքում` մյուս համանախագահ երկրների հետ: “Նախագահների հանդիպումների միջեւ “ընդմիջումներին” աշխատում են արտգործնախարարները, որոնց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Կողմերին տարբերակներ են առաջարկվում, խմբակային աշխատանք է ընթանում զիջման հնարավոր տարբերակներ գտնելու ուղղությամբ,”-նշել է Պոպովը:
Վերջում նա հույս է հայտնել, որ կողմերի ճիշտ մոտեցման շնորհիվ այս տարի կհաջողվի ավելի մեծ առաջընթաց գրանցել, քան նախորդ տարի: