“Օրինաց երկիր”-ը վստահելի գործընկեր է. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել “Օրինաց երկիր” կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է ՕԵԿ-ականներին կուսակցության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ: Նախագահ Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջեւ “Օրինաց երկիր“-ը հիմնադրվեց, ամրացավ, կայացավ եւ շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ-ը մեծ ներուժ ունի եւ առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն եւ նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել:
“Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է: Սա շատ գնահատելի հատկանիշ է եւ շատ գնահատելի որակ”,-ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ “Օրինաց երկիր”-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով:
Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՕԵԿ-ականները այսուհետ եւս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. “Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է, եւ մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք նաեւ ձեր ակտիվ մասնակցությամբ: Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում հաջողություններ”,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: