Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում
Մարտի 20-ին Կանզասում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի, նահանգի կոնգրեսի սենատի նախագահ Մորրիսի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Օ՛Նիլի հետ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացվել են ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացը, ինչպես նաև հեռարշավային դաշտային բուժապահովման կարողությունները:
Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբեքի հետ հանդիպմամ ժամանակ արձանագրվել է «Նահանգային գործընկերության ծրագրով» Հայաստանի Հանրապետության և Կանզասի միջև համագործակցության բարձր մակարդակը և դրա ընդլայնման ու խորացման ներուժը: Նահանգապետը հանդիսավոր պայմաններում ստորագրել է Հայաստանի և Կանզասի միջև համագործակցության վերաբերյալ հռչակագիր, որում մասնավորապես նշված է.
«Կանզասը հպարտությամբ ազդարարում է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի և Հայաստանի միջև անցած ինը տարիների ընթացքում ծավալված համագործակության առաջընթացը:
Կանզասն արժևորում է ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում Հայաստանի Հանրապետության ԶՈւ զինծառայողների ծառայության բարձր մակարդակը և նրանց կրած դժվարությունները:
Կանզասը հանձնառու է ապահովել Հայաստանի Հանրապետության հետ տևական յուրահատուկ հարաբերությունների շարունակականությունը և հետագա համագործակցության ընդլայնումը:
Կանզասը և Հայաստանը գործընկերության շրջանակներում կանգնած են կողք կողքի` հանուն խաղաղության, բարեկեցության և ազատության»: