25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարն ընդունել է Նոբելյան մրցանակակիրներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին, ովքեր մեր երկրում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ինչպես նաև “Թուֆենկյան” բարեգործական հիմնադրամի ու Մատենադարանի աջակցությամբ։
Նախարարը, ողջունելով աշխարհահռչակ հյուրերին, բարձր է գնահատել նրանց այցը Հայաստան` նշելով, որ  հայ երիտասարդ գիտնականների և ուսանողների համար Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը եզակի հնարավորություն է հաղորդակցվելու առաջադեմ գիտական մտքին: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է գիտության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, գիտության ֆինանսավորման և բյուջետային հատկացումների հարցերին` ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար գերակա է գիտության ոլորտի զարգացումը, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է գիտությանը տրամադրվող ծախսերն ավելացնել 1 մլրդ 20 մլն դրամով: Նախարարն անդրադարձել է նաև “ուղեղների արտահոսքի” խնդրին` նշելով, որ վերոնշյալ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում: Արմեն Աշոտյանը զրուցակիցներին հայտնել է, որ հեռացած մասնագետների մի որոշ մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք` իր ստացած փորձով և կապերով: “Պետությունը փորձում է չխզել իր կապն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր հայ երիտասարդների հետ. կարևորն այն է, որ  նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը և իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործում”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ գիտության համակարգը բարդ ոլորտ է, որտեղ պահանջվում է համակարգված մոտեցում. ֆինանսական մեխանիզմներից զատ, ըստ նախարարի, առկա է նաև կաղապարների, մտածելակերպի, կառուցվածքային փոփոխության խնդիր:
Նոբելյան մրցանակակիրները, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել են, որ, ծանոթանալով Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին և հանդիպումներ ունենալով երիտասարդ գիտնականների հետ, բարձր են գնահատում հայ գիտական ներուժը և տպավորված են Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների մատուցած կրթական ծառայություններով: Նրանք կարևորել են երիտասարդների` գիտությամբ զբաղվելու
ցանկությունը և հույս հայտնել, որ իրենց հանրային դասախոսություններն օգտակար և հետաքրքիր են եղել հայ երիտասարդների համար:
Հանդիպմանը ներկա “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի” ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարար Արմեն Աշոտյանին` Նոբելյան մրցանակակիրներին Հայաստան հրավիրելու իրենց ֆեյսբուքյան առաջարկին արձագանքելու և այցին օժանդակելու համար: Երիտասարդները հույս են հայտնել, որ մեծանուն գիտնականների հետ հանդիպումները շարունակական կլինեն և անդրադարձել Հայաստանում համապատասխան լաբորատորիաների առկայությանը` նշելով, որ այն լավ հնարավորություն է հայ երիտասարդների համար` իրենց գիտական փորձերը կատարել հայրենքում, այլ ոչ թե արտերկրում:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև գիտության զարգացման, գիտահետազոտական համալսարանների, գիտնականների աշխատավարձերի, դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների մասնագիտական ընտրության և գիտության ոլորտում մասնավոր հատվածի ներդրումների խնդիրներին:
Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդ գիտնականներին և գիտակրթական ոլորտի խնդիրներին աջակցելու համար Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ) նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրելել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` ‘Ոսկե հուշամեդալով’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ