“Գնդակահարեք…”. 8 տարին դահլիճում խիստ համարեցին, Մարգարը նշմար արեց /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը:
Գործով դատախազ Հարություն Հարությունյանը ընթերցեց 35 էջանոց մեղադրական ճառը եւ դատարանից պահանջեց Մարգար Օհանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ՀՀ քր Օր 179րդ հոդվածի 3րդ մասի առաջին կետով / ազատազրկման յոթ տարի ժամկետով, շարժական եւ անշարժ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 19 մլն 721 հազար դրամ գումարից / եւ ՀՀ քր Օր 308 րդ 2րդ մասով /ազատազրկման 3 տարի ժամկետով, պետական եւ ՏԻՄ մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով/:
Պատիժները մասնակիորեն մարելու միջոցով դատախազը միջնորդեց Մարգար Օհանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել` ազատազրոկում 8 տարի ժակետով, շարժական եւ անշարժ գույքի կեսի բվռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 19 մլն 721 հազար դրամ գումարից, ինչպես նաեւ պետական եւ ՏԻՄ մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, որպես խափանման միջոց ընտրված կալանքը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, եւ պատիժը հաշվարկել 2011-ի օգոստոսի 30-ից:
Դատախազի պահանջին դահլիճում ներկաները բուռն արձագանքեցին: “Գնդակահարեք”,-հնչեց դահլիճից: Ամբաստանյալ Մարգար Օհանյանը տեղից նշմար արեց` նպատակ ունենալով հանդարտեցնել դատախազի միջնորդությունից դժգոհողներին:
Դատախազ Հարությունյանը դատարանից պահանջեց համապատասխան մեղադրանքներով մեղավոր ճանաչել նաեւ գործով մյուս ամբաստանյալներին`գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին , ՃՈ աշխատակիցներ Արա Լևոնյանին Սամվել Մախմուրյանին, եւ միջնորդեց նրանց նկատմամբ առաջարկված պատիժը պայմանականորեն չկիրառել` նկատի ունենալով անձը բնութագրող եւ պատիժը մեղմացնող հանգամանքները:
Պաշտպանական ճառի նախապատրաստման համար պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց: Դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին , ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին ներկայացված մեղադրանքի համաձայն, նա յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի չափով վնաս: Հավելենք նաեւ, որ ի տարբերություն գործով մյուս ամբաստանյալների, որոնք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: