Վրացիները չեն գնում հայկական խաղողը. Հայացք
Արարատի մարզի գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Չնայած արդեն գարուն է, սակայն մարզի սառնարանային տնտեսություններում պահեստավորված մեծ քանակությամբ խաղողը չի իրացվում: Մի կողմից սա դրական է, քանի որ հայաստանյան շուկայում այս տարվա ձմռանն ու գարնանը խաղողի գինը ցածր էր, սակայն մյուս կողմից էական ֆինանսական կորուստներ կրեցին գյուղացիները: Այս մասին գրում է “Հայացք”-ը” Թերթի խմբագրություն դիմած արարատցիները դժգոհում են, որ էլեկտրաէներգիայի մեծ ծախս են անում սառնարաններում խաղողը պահելու համար, սակայն այսօր ինքնարժեքով էլ չեն կարողանում վաճառել: Իսկ այս ամենի մեղավորը, ըստ գյուղացիների, “Սպայկա” ընկերությունն է, որը թույլ չի տալիս, որ վրացական ընկերությունները գան Հայաստան եւ նորմալ գներով արտահանեն խաղողը: Գյուղացիները պնդում են, որ “Սպայկան” այս քայլին գնացել է միայն մի նպատակով. որպեսզի “ջրի գնով”` կիլոգրամը 60-80 դրամով գնի եւ արտահանի խաղողը:
“Կուտակումներ են առաջացել, քանի որ մարդիկ ապրանքը չեն կարողանում Վրաստան արտահանել”,- “Հայացք”-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիների բողոքը հաստատեց Արարատի գյուղաջակցության մարզային կենտրոնի տնօրեն Գոռ Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ միայն Վերին Արտաշատ գյուղում այսօր 4000-6000 տոննա խաղող է մնացել սառնարաններում: “Այսօր գյուղացիներն ինքնարժեքի գնով են վաճառում խաղողը` 100-120 դրամով: Եթե աշուն լիներ, հասկանալի էր այդ գինը, բայց ձմռանը խաղողը պահելու համար մարդիկ էլեկտրաէներգիայի մեծ ծախս են անում”,- ընդգծեց նա: Գ.Գալստյանի խոսքով` նախորդ տարիներին գյուղացիները խոր աշնանը խաղողի մեկ կիլոգրամը 180-200 դրամով վաճառում էին վրացական ընկերություններին եւ ազատվում այն սառնարաններում պահելու գլխացավանքից: Նա, սակայն, դժվարացավ ասել, թե ինչն է պատճառը, որ այս տարի Վրաստան արտահանում չի կատարվում, իսկ “Սպայկա” ընկերության արգելքի վերաբերյալ գյուղացիների մեղադրանքներն էլ բամբասանք համարեց: “Արարատի մարզից այս տարի մթերել ենք 2000 տոննայից ավելի խաղող: Մեկ կիլոգրամի համար մթերման միջին գինը եղել է 200-250 դրամ”,- թերթին տեղեկացրեց “Սպայկա” ընեկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Նրա տեղեկացմամբ` փետրվարի վերջից ընկերությունը դադարեցրել է խաղողի գնման եւ արտահանման գործընթացը, քանի որ գյուղացիները չեն համաձայնել իրենց առաջարկած գնին: Նրա խոսքով` գյուղացիները համարել են, որ մեկ կիլոգրամի համար 250-300 դրամ վճարը քիչ է, եւ 350-450 դրամ են պահանջել: Սակայն Կ. Բաղդասարյանը նշում է, որ ձմռան ամիսներին խաղողի որակն ընկնում է, հետեւաբար պետք չէ շատ բարձր գին ակնկալել այդ ապրանքի դիմաց: