Թուրքիան մեղադրում է Իրանին
Թուրքիան Իրանին մեղադրում է “անկեղծությունից խուսափելու” մեջ, քանի որ իրանական իշխանությունները չեն ցանկանում միջուկային ծրագրերի խնդիրների շուրջ միջազգային հանրության հետ բանակցություններ վարել Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ Թեհրանի լարված հարաբերություններն Արեւմուտքի հետ, կարող են վերածվել ռազմական հակամարտության, որի դրդապատճառը հենց Իրանի միջուկային ծրագիրն է: Այս մասին հաղորդում է “Regnum” գործակալությունը:
Գյուլը նշել է, որ ռազմական հակամարտության եւ քաղաքացիական պատերազմների սկսելու դեպքում տարածաշրջանը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի “անորոշության եւ քաոսի” մեջ. “Այդ դեպքում Թուրքիան չի կարող թույլ տալ իրեն հեռակա կարգով հետեւել իրադարձություններին, այդ պատճառով էլ դիվանագիտական ակտիվությունը եւ ռազմական պատրաստվածությունը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն է, այլ` անհրաժեշտություն,”-հայտարարել է Գյուլը:
Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը վերջերս Իրանում էր, սակայն այնտեղ քննադատական ոչ մի խոսք չասաց, իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը պարզապես ժամանակ է ձգում եւ “անկեղծություն” չի ցուցաբերում` Դամասկոսը կամ Բաղդադն առաջարկելով որպես բանակցությունների վայր: “Իրանական կողմը նախապես գիտեր, որ արեւմտյան ներկայացուցիչներն այնտեղ չեն մեկնի: Չնայած հանդիպումը Ստամբուլում անցկացնելն էլ մեր վարկանիշը չի բարձրացնի, եւ դրանից կշահի Իրանը,”-հայտնել է Էրդողանը:
Այս ամենին ի պատասխան` Իրանի բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչ Ալաեդդին Բորուժերդին կրկին հայտարարել է, որ իր երկիրը “հետաքրքրված” չէ Թուրքիայում բանակցություններ անցկացնելով. “Թուրքիան շարունակում է Սիրիային թշնամաբար վերաբերվել, դրա համար էլ մենք չենք ցանկանում բանակցություններ անցկացնել այդ երկրում”: