25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքացիներին հուզող հարցերը արձանագրել է ‘ընտրությունների փոստատարը’

 ‘’Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն’’ հասարակական կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների` Ժուռնալիստների ‘’Ասպարեզ’’ ակումբի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է ‘’Ընտրությունների փոստատար’’ ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ: Ծրագրի հովանավորներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` Քաունթերփարթ Ինթերնեյշնլ – Հայաստանի միջոցով:

Ս.թ. փետրվար ամսին ծրագրի ‘’փոստատարներն’’ այցելել են Հայաստանի Հանրապետության 70 բնակավայրեր եւ 18 տարեկան ու ավելի բարձր տարիքի քաղաքացիներից հավաքել նրանց հուզող թեմաներին առնչվող հարցեր` ուղղված 2012թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական կուսակցություններին/դաշինքներին: Հարցումներն անցկացվել են 800 հոգու շրջանում` հիմնախնդիրների վերաբերյալ տվյալների ճշգրտությունն ապահովելով ±3,50% սահմաններում 95% վստահության միջակայքում:

Յուրաքանչյուր հարցվող քաղաքացի իր ‘’նամակում’’ նշել է համայնքային եւ համապետական նշանակության իրեն հուզող երեքական հիմնախնդիր, ինչպես նաեւ առաջադրել առավելագույնը 3 հարց (ոչ անպայմանորեն նույն ոլորտից)` 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների ու դաշինքների անդամներին:

Կոչ ենք անում 2012թ. խորհդարանական ընտրությունների մասնակից կուսակցություններին ու դաշինքներին իրենց նախընտրական ծրագրերում ու ելույթներում անդրադարձ կատարել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, իսկ ընտրվելու պարագայում ակնկալում ենք կոնկրետ քայլեր դրանց լուծման ուղղությումբ:

Եվ այսպես համայնքային նշանակության հարցադրումներն են

1.Միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների վերանորոգում

Էս ի՞նչ վիճակ է, գոնե տեսնո՞ւմ եք, ճանապարհներն ինչ ահավոր վիճակում են: Ինչու՞: Ե՞րբ են նորոգելու ճանապարհները:

Ե՞րբ են Երեւանի կենտրոնի ճանապարհները նորմալ ասֆալտապատվելու:

Ճանապարհները գյուղերում քանդված են: Ինչու՞: Ե՞րբ են ասֆալտապատվելու գյուղական ճանապարհները: Ո՞վ է նորոգելու մեր գյուղի ճանապարհները, ինչպես նաեւ մարզային ճանապարհները:

Կարո՞ղ եք ներհամայնքային ճանապարհները կարգի բերել:

2. Ժամանցի վայրերի առկայություն եւ բարեկարգում

Արդյո՞ք կան ծրագրեր, որոնց համաձայն մարզերում զբոսայգիներ կկառուցվեն:

Ինչո՞ւ են այգիները վերացնում, իրենց համար խանութ եւ բանկ սարքում: Ե՞րբ պետք է այս ամենի վերջը գա:

Հնարավոր չէ այնպես անել, որ Երեւանի կենտրոն համայնքի այգիների տեղը շենքեր չկառուցեն ու ճանապարհը չնեղացնեն, ինչպե՞ս եք այս խնդիրը լուծելու:

Ինչո՞ւ ոչինչ չի արվում մեր համայնքում այգիների կառուցման հարցերով: Ինչո՞ւ են ժամանցի վայրերը կենտրոնացել միայն որոշ տեղերում:

3. Աղբահանություն եւ աղտոտվածություն

Ինչո՞ւ աղբահանությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում:

Կոնկրետ ի՞նչ եք անելու աղբահանության կարգավորման համար:

Գյուղում աղբահանություն ընդհանրապես չի կատարվում, մարդիկ աղբը թափում են` որտեղ պատահի, գյուղերն աղբահանության կարիք ունեն, աղբոտվում է նաեւ բնությունը: Ինչու՞: Ի՞նչ է լինելու սրա վերջը:

Ինչո՞ւ աղբը չի հեռացվում բակից: Գարշահոտը լցվում է տուն: Ինչո՞ւ պետք է մենք վճարենք աղբահանության համար, բայց աղբը մնա:

Աղբահանության համակարգ չկա, հանրային զուգարաններ չկան, եղածների պայմաններն էլ ահավոր են: Ի՞նչ եք անելու:

Աղբահանություն գոյություն չունի, տեղյա՞կ եք, թե՞ որ ձեր տան կողքուբոլորը մաքրում են, գիտեք ամեն տեղ մաքրում ե՞ն:

4. Կոմունալ ծառայությունների սակագներ

Կոմունալ ծառայությունների գները շատ բարձր են, չենք կարող մուծել, ի՞նչ եք մտածում այդ մասին:

Կոմունալ ծառայությունների գները շատ բարձր են, հնարավոր չէ՞ ցածրացնել:

Կոմունալ սակագները երբվանի՞ց են իջնելու եւ ինչքա՞ն են իջնելու:

Գազի գինը թանկ է, ինչու՞ չէք իջեցնում, կամ որ ընտրվեք` իջեցնելու՞ եք թե՞ չէ:

Ձեր կարծիքով ես թոշակառու լինելով ինչպես 2000 դրամ վճարեմ, որ իմ կոյուղու խնդիրը լուծեք, բացատրեք` հասկանամ:

5. Ջրամատակարարում եւ խմելու ջրի որակի բարձրացում

Ջրամատակարարումը գյուղում լավ չի գործում, ունենք ջրի խնդիր եւ դա գալիս է ջրագծերի հին լինելուց, ե՞րբ եք լուծելու էս հարցը:

Անունով ջրամատակարարումը շուրջօրյա է, սակայն 4 ժամ ենք ընդամենը ջուր ստանում, բացատրեք խնդրեմ` ինչո՞ւ, չէ՞, որ մենք վարձերը մուծում ենք:

Հնարավո՞ր է ջրամատակարարումը կազմակերպել այնպես, որ բոլորը տանը լինեն էդ ժամին:

Ամենաբարեխիղճ կոմանալ ծառայության վճարող եմ, բայց իմ ջուրը ժամով է, որ ընտրվեք խոստանու՞մ եք մեր ջուրը դարձնել շուրջօրյա:

Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել Երեւանի Կենտրոն համայնքի ջրի ճնշումը, որ կարողանանք նորմալ օգտագործել:

6. Տրանսպորտային ենթակառուցվածքներ

Հնարավոր չէ՞ տրանսպորտի աշխատանքային ժամերը երկարացնել, ի՞նչ կարող է անել ԱԺ-ն դրա համար:

Տրանսպորտում իրար գլխի են նստում, վարորդները էթիկայի կանոնները չգիտեն: Ի՞նչ կառաջարկեք այս խնդիրը լուծելու համար:

Ինչու են վատ վիճակում կանգառները:

Ինչո՞ւ է մեր տարածքում տրանսպորտը վատ աշխատում:

Ինչո՞ւ չեն ավելացնում մեր համայնքում տրանսպորտը:

7. Մանկապարտեզների առկայություն

Ինչո՞ւ չկան ավելի շատ մանկապարտեզներ, ի՞նչ եղան մեր մանկապարտեզները, չէ՞ որ բնակչությունը պակասել է, նախկին մանկապարտեզները լրիվ պետք է հերիքեին:

Մանկապարտեզները քիչ են, տարբեր տեղերից  բերում են եւ մի խմբում երեխաների թիվը շատանում է:

Ինչո՞ւ մեր գյուղում մանկապարտեզներ չեն կառուցում, էս ո՞ր դարն է: 8. Ոռոգման համակարգ

Ոռոգման ջրերի հարցը ինչպես պիտի լուծեք, եթե ընտրվեք, ինչո՞ւ մինչեւ հիմա չեք լուծել, շատ բարդ հարց է՞:

Պայմանագիրը կապում են, բայց ջուր չենք ստանում, առուները կեղտի մեջ են: Ոչ մաքրում են, ոչ ջուր են տրամադրում: Ե՞րբ եք ուշադրություն դարձնելու այս խնդրին, կարող եք հստակ ասել, թե երբ ենք նորմալ ոռոգման ջուր ստանալու:

Ոռոգման համակարգը շուտ-շուտ լցվում է կեղտով: Հնարավոր չէ՞ հետեւել, որ ժամանակին մաքրվի:

Ոռոգման ջրերի գները մեր համայնքում շատ բարձր են, ինչո՞ւ:

9. Կրթօջախների շենքային պայմանները (դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն)

Ինչո՞ւ լավ չեք ջեռուցում դպրոցը, ո՞վ է մեղավոր, ասեք իմանանք:

Ե՞րբ են նորոգվելու համայնքների դպրոցները, էլի ինչքա՞ն ենք սպասելու:

Դպրոցների շենքային պայմանները բարվոք վիճակում չեն: Հնարավոր չէ՞ միջոցներ ձեռնարկել բարեկարգելու համար, ինչու բավարար միջոցներ չեն հատկացվում բարեկարգման համար, բայց պաշտոնյաները միլիոնանոց ավտոներով են ման գալիս:

Ե՞րբ կբարելլավեն ու կնորոգվեն մեր մանկապարտեզի սանհանգույցները:

Ե՞րբ է լուծվելու դպրոցների ջեռուցման հարցը, ինչու մինչեւ հիմա չի լուծվել, չէ՞ որ Հայաստանի հանրապետությունը արդեն 20 տարեկան է, ո՞վ է մեղավոր:

Հնարավոր չէ՞ արդյոք բազմազավակ ընտանիքներին, որոնք անապահով են, եւ որտեղ կա հաշմադամ, պետությունը բնակարան տա:

Ի՞նչ պիտի լինի երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը, հիպոթեքը թանկ է եւ ոչ մատչելի:

Henaran.am-ին հաղորդում են ‘Թրանսփարենսի ինթերնեշնլ’ հակակոռուպցիոն կենտրոնի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ