30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, իսկ Արցախի ժողովրդի հավատն անսպառ է. Է.Շարմազանով

Այսօր Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ընդունել է իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին:

Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին  տեղեկացրեց, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրեց ԱԺ փոխնախագահին իր գնահատականները  ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է` կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռեւս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:

Է.Շարմազանովը կարեւորեց, որ իռլանդացի լրագրողը անձամբ է եղել Լեռնային Ղարաբաղում եւ  ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին: Նրա խոսքերով` Արցախում ժողովուրդն ինքնորոշվել է, կառուցում է ժողովրդավարական հանրապետություն եւ  ԼՂ-ի անկախությունն այլընտրանք չունի: Մի քանի ամիս հետո Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ եթե հարգարժան հյուրը հնարավորություն ունենա ներկա գտնվելու, կտեսնի ժողովրդավարական ընտրություններ` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ գործում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու` քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված սկզբունքը:

Անդրադառնալով ԼՂ-ի հետ կապված տարածաշրջանային անվտանգության խնդրին` պարոն Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պատերազմ չեն ուզում: ‘Մեր տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբում համանախագահող երկրների կարծիքին: Մենք  բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը, իսկ այդ երկրի նախագահը ռասիզմ ու ատելություն է քարոզում իր ժողովրդին: Նման պարագայում պատերազմի վտանգը միշտ էլ կա: Բայց Հայաստանում ու Արցախում համոզված են, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի ռազմական գործողությունների, նա էլ կարժանանա նույն ճակատագրին, ինչ նրա նախորդ նախագահները, – ասաց ԱԺ փոխնախագահը եւ ապա ավելացրեց,- Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի` սեփական երկիր կառուցելու  հավատն անսպառ է’: Անդրադառնալով հարցի իրավական կարգավորման խնդրին` պարոն Շարմազանովը նշեց, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգայնորեն ընդունված է, եւ Լեռնային Ղարաբաղն էլ, թե ՄԱԿ-ի եւ թե նախկին Խորհրդային Միության օրենսդրության համաձայն, ինքնորոշվել է, ինչպես շատ հանրապետություններ:

Իռլանդացի լրագրողի  հարցին, թե ինչպես է ԱԺ փոխնախագահը գնահատում Ադրբեջանի ղեկավարության այն միտքը, թե Բաքվում Եվրատեսիլին հայերի չմասնակցելն արդեն խոսում է զիջումներին Հայաստանի պատրաստ չլինելու մասին, պարոն Շարմազանովը նկատեց. ‘Նախ` Հայաստանն ու Ադրբեջանը չեն կոնֆլիկտի կողմերը, այլ Ղարաբաղն ու Ադրբեջանը: Մյուս կողմից` հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու. խնդիրը պետք է լուծվի բանական փոխզիջումների արդյունքում:

Մենք պնդում ենք, որ Արցախի անկախությանն այլընտրանք չպետք է լինի, Արցախին անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է տրվեն, եւ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային ընդհանուր սահման: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին ու Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կարծում եմ, որ Ալիեւը պետք է իմանա, որ երբեմն պետք է լռել եւ ոչ թե խոսել` հակասելով ինքն իրեն: Եթե Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին թշնամի է համարում, ինչպես կարող է այդ ժողովուրդը մասնակցել  միջոցառման մի երկրում, որտեղ հայերիս թշնամաբար պետք է ընդունեին’:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ վերջերս հայ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում մասնակցել է Եվրանեսթի նիստին, որտեղ Ալիեւը ցույց է տվել իր իրական դեմքը: Նա իր ելույթում, որտեղ, միջոցառման բնույթով պայմանավորված, չպետք է խոսք լիներ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի մասին, հայերին ‘ֆաշիստ’ է անվանել: ‘Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ է արդյոք այդ մարդը բանակցությունների’,- հարցրեց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի խնդրանքով ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանում ոչ ժողովրդավարական դրսեւորումների մասին մամուլի հրապարակումներին` արձանագրելով, որ գնահատելի են բոլոր քննադատական ելույթները, որոնք օգնում են Հայաստանին` դառնալու ավելի ժողովրդավարական: Նա նշեց, որ Հայաստանը իր ընտրությունը կատարել է, որի մասին է խոսում նաեւ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկան: ԱԺ փոխնախագահը հյուրին ծանոթացրեց անցած հինգ տարիներին հանրապետությունում կատարված բարեփոխումներին, մամուլի ազատությանն ուղղված առաջընթաց քայլերին, եվրոպական կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, իշխանությունների` առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականությանը, բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի համար հավասար պայմաններ ստեղծելուն եւ  հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտին: ‘Մենք սա անում ենք ոչ թե Եվրոպային դուր գալու համար, այլ գիտակցում ենք, որ մեր երկրի զարգացման լավագույն ուղին ժողովրդավարությունն ու ազատությունն են, մեր ժողովրդի հավատն ու վստահությունը գալիքի հանդեպ’.-նշեց ԱԺ փոխնախագահը:

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ու տնտեսական ազդեցության մեծացման վերաբերյալ իռլանդացի լրագրողի հարցին` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն անկախ երկիր է եւ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն` կարեւորելով եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի, եւ հարեւանների հետ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանն արտաքին քաղաքականություն է կառուցում ոչ թե ‘կամ…կամ’, այլ ‘եւ…եւ’ սկզբունքով:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ մեր երկրի անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, բայց Հայաստանը լուրջ ծրագրեր է իրականացնում նաեւ ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ուժերի կազմում մասնակցում տարբեր երկրներում իրականացվող խաղաղարար գործողություններին: Է. Շարմազանովի գնահատմամբ` այս հարցի հետ կապված սպառիչ պատասխան է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ‘Ռաշը թդեյ’ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը ռուսամետ, թե՞ եվրոպամետ քաղաքականություն է վարում, ՀՀ նախագահը պատասխանել է. ‘Հայաստանը միմիայն հայամետ քաղաքականություն է վարում’:

Է. Շարմազանովը պատասխանեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: Նա կարեւորեց  Իրանի խնդրի խաղաղ կարգավորումը` նկատելով, որ տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն սկիզբ կդնի բազում սպառնալիքների, այդ թվում` հումանիտար:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ