20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան Օսկանյանը բացահայտեց իր վախը

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը այսօր հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ: “Մենք արդեն ընտրարշավի կես ճանապարհին ենք եւ արդեն բավական հստակ է, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում եւ ինչպիսի այլընտրանքներ կան ձեր առաջ: Հենվելով այդ առաջարկների վրա, այդ քաղաքական ուժերին ես կբաժանեի հիմնականում երկու խմբի:

Մի խումբը մեծ հաշվով ասում է, որ երկրում ամեն ինչ նորմալ է, անցած հինգ տարիներին առաջընթաց է արձանագրվել եւ որ երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա է: Այս խումբը, նույնիսկ եթե խոսում է ինչ-որ թերություններից,  բարեփոխումներից, նոր ծրագրերից, տողատակում մեզ հասկացնում է, որ ստատուս քվոն լավն է եւ դա պետք է պահել:

Մյուս խումբը կազմված է այն քաղաքական ուժերից, որոնք համարում են, որ մեր այս կյանքն ու հեռանկարը անընդունելի են, երկրի վիճակը ծանր է, նախկին հինգ տարիների քաղաքականությունը արդյունավետ չէր եւ երկրին անհրաժեշտ են լուրջ քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատկանում է այս խմբին եւ իրոք գտնում է, որ երկրի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը հեռու է բավարար լինելուց եւ շատ հեռու նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է: Մեզ անհապաղ անհրաժեշտ են քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ, որպեսզի դուք սկսեք տեսնել բարեկեցիկ եւ ապահով կյանքի հնարավորությունը:

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Բարգավաճ Հայաստանը այն ուժն է, որն ունի ամենամեծ հնարավորությունը` երկրում իսկական փոփոխություններ բերելու, մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ երկիրը դնելու կայուն եւ հուսալի զարգացման ճանապարհի վրա:

Այսօր ձեր առաջ եղած ընտրանքը շատ հստակ է՝ կա՛մ համակերպվել այսօրվա վիճակի հետ, կա՛մ գնալ փոփոխությունների ճանախարհով, որը կնշանակի հույս եւ փոփոխություն նաեւ ձեզանից յուրաքանչյուրի կյանքում:
Սիրելի հայրենակիցնե՛ր,

Յուրաքանչյուր ընտրություն նաեւ հաշվետվության ժամանակ է, բոլոր քաղաքական ուժերի՝ իրենց արածի ու չարածի հաշվետվության: Սակայն հիմնական հաշվետուն այն քաղաքական ուժն է, որը պատասխանատուն է երկրում այսօր ստեղծված վիճակի համար:

Ցավալին այն է, որ ոչ միայն պատասխանատվություն, այլեւ հանդուրժողականություն չկա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ճիշտ ախտորոշում կատարել եւ նոր ճանապարհներ ցույց տալ:

Ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե ինչու 2009 թվականին Հայաստանը ունեցավ երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն աշխարհում: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե այդքանից հետո ինչպես այդ կառավարությունը մնաց իր տեղում եւ շարունակեց աշխատել: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե ինչպես պատահեց, որ մի քանի տարվա ընթացքում եռապատկելով արտաքին պարտքը եւ այն հասցնելով չորս միլիարդ դոլարի՝ աղքատությունը Հայաստանում ոչ միայն չնվազեց, այլեւ աճեց 500 հազար մարդով: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, որ մեզ խոստացված բոլոր մեծ ծրագրերից մեկն անգամ չիրականացավ: Մեկը պե՞տք է բացատրի մեզ, թե զոհաբերելով մեր ազգային շահերը՝ համաձայնելով պատմական հարթությամբ` այսինքն Ցեղասպանությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծել եւ ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները, ինչու հայ-թուրքական սահմանը դեռ փակ է: “Ինչու”-ների շարքը կարելի է երկար շարունակել՝ արտագաղթի, կրթության, առողջապահության, բնապահպանության, կանանց եւ երեխաների խնդիրների եւ այլ բազմաթիվ խնդիրների մասին:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Բարգավաճ Հայաստանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացրել եւ ցանկանում է ծանրակշիռ պատասխանատվություն վերցնել Ազգային ժողովում եւ կառավարությունում՝ նպատակ ունենալով վերը բարձրացված խնդիրներին արմատական եւ անհապաղ լուծումներ տալ: Բարգավաճ Հայաստանը կախվածության մեջ չէ այլ ուժերից կամ անձանցից եւ առավել եւս՝ որեւէ տեսակի կապիտալից: Մեզ վստահության քվե տալով՝ դուք մեզ կախվածության մեջ եք դնում ձեզանից, այսինքն՝ ժողովրդից:

ԲՀԿ-ն իր կառավարման հիմքում դնելու է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` հանդուրժողականություն, արդարություն եւ մարդու եւ խոսքի ազատություն:

Տնտեսական քաղաքականության հիմքում մենք դնելու ենք նոր փիլիսոփայություն եւ մոտեցումներ: Նախեւառաջ՝ անվերապահորեն հարգվելու են ազատ տնտեսական հարաբերությունների հիմնարար սկզբունքները` հավասար պայմանները, ազատ մրցակցությունը եւ սեփականության անձեռնմխելիությունը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները կլինեն.

– Տնտեսական իրական աճ, աշխատատեղերի ստեղծում՝ արժանավայել աշխատավարձերով, եւ ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացում:

– Կառավարության առավել լայն ներգրավվածություն տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման եւ առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո:

– Գործարարները, արտադրողը չպետք է դիտարկվեն որպես օբյեկտներ, որոնց ֆունկցիան միայն հարկեր վճարելն ու բյուջե լցնելն է: Այդ խավը պետք է լինի պետության գլխավոր գործընկերը, հասարակության բարեկեցությունը ապահովող հիմնական շարժիչ ուժը, որը ստեղծում է աշխատատեղեր ու հանրային բարիք:

– Վերջապես, երկիրը պետք է բացել ամբողջ աշխարհի առջեւ, տնտեսությունը հրապուրիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար: Հայաստանն աշխարհի տնտեսական քարտեզի վրա ավելի մեծ տեղ պետք է զբաղեցնի, քան նրա աշխարհագրական չափերն են:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Ես վստահ եմ, որ քիչ առաջ ասվածի մեջ չկա որեւէ բան, որի հետ դուք համաձայն չլինեք: Բայց ես նույնպես գիտեմ, որ այս տարիների ձեր հիասթափությունը եւ անհարկի խոչընդոտները ձեր նպատակների եւ ազատությունների ճանապարհին ձեզ թերահավատ են դարձրել, իսկ ձեր շուրջը ստեղծված միջավայրը վախ է սերմանել:

ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը մի հայտնի խոսք ուներ։ Նա ասում էր. “Միակ բանը, որից այսօր մենք պետք է վախենանք, վախն է”:

Այս ընտրություններում իմ միակ վախը այն է, որ հանկարծ դուք չվախենաք: Չվախենաք, թեեւ մինչեւ հիմա ձեզ վախեցրել են, վախեցնում են եւ մտածում են, թե դեռ կարող են վախեցնել: Ես ցանկանում եմ, որ այս ընտրություններով, ի թիվս այլ խնդիրների, մենք լուծենք նաեւ վախի խնդիրը:

Բռնապետությունների տակ տասնամյակներ կքած ժողովուրդներ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում կարողացան հասնել արմատական փոփոխությունների առաջին հերթին կարողանալով հաղթահարել վախը: Մերը շատ ավելի հեշտ է. ընտրության օրը ընդամենը պետք է չվախենաք, որ եթե քվեարկեք ձեր խղճով, ձեզ կարող են պատժել կամ վնասել: Ես ուզում եմ, որ դուք, մայիսի 6-ին իրացնելով ձեր իրավունքը, ցույց տաք բոլորին, որ ոչ թե ժողովուրդն է որեւէ քաղաքական ուժի հպատակ, այլ ընդհակառակը՝ քաղաքական ուժերն են ժողովրդի հպատակը, եւ մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության ազատ եւ հպարտ քաղաքացիներ ենք:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ