Ժամանակակից քաղաքական գործիչ Ծառուկյանը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ինքն արդեն որոշում ունի կապված նախագահական ընտրություններում առաջադրման հետ: Այսօր ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից, թե ինքը տեղյա՞կ է այդ որոշման մասին: ՛՛Ծառուկյանը, եթե որոշում ունենա, կհայտարարի, առայժմ գնում է մի պրոցես, երբ քաղխորհուրդը ծանոթանում է տարածքի ակտիվի գնահատականին, հասկանում՝ ինչպիսին է վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի առաջադրման նկատմամբ՛՛,-ասաց Խաչատրյանը: Վերջինս հավելեց, որ Արագածոտնի մարզում արդեն որոշվել է, որ Գագիկ Ծառուկյանին պետք է առաջադրի կուսակցությունը:
Հարցին, թե ինչ կարծիքի է ինքը` Խաչատրյանը ԲՀԿ ղեկավարի առաջադրման մասին, պատգամավորը պատասխանեց. ՛՛Ինչպես ես, այնպես էլ պարոն Ծառուկյանը պարտավոր է ենթարկվելու կուսակցության որոշմանը՛՛:
Նա հերքեց մամուլում տեղ գտած հրապարակումը, համաձայն որի` Գագիկ Ծառուկյանը իր որոշման մասին հայտնելու է իր ծննդյան օրը: ՛՛Գագիկ Ծառուկյանը ժամանակակից քաղաքական գործիչ է, ոչ թե կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, ովքեր ամեն ինչ կապում էին ծննդյան տարեդարձի հետ, նա հայտարարություն կանի այն ժամանակ, երբ կուսակցության քաղխորհուրդը կորոշի՛՛,-եզրափակեց նա: